‘Ս. Սարգսյանի տեսլականը. Դատարկել Հայաստանն ու հպարտանալ ‘

1189

Սերժ Սարգսյանն այսօր ԳԱԱ-ում մասնակցել է Արա Աբրահամյանի կազմակերպած «Համաշխարհային հայկական կոնգրեսի» համագումարին, որտեղ բավականին ուշագրավ հայտարարություն է արել:

«Սփյուռքը համախմբելու յուրաքանչյուր նախաձեռնություն անհրաժեշտ է խրախուսել և փայփայել: Մենք սակավաթիվ ենք, ուստի և պետք է պայքարենք յուրաքանչյուր հայի համար: Պայքարենք՝ հային հայ պահելու համար, որպեսզի դիմագրավենք ուծացման վտանգը: Հենց դրա համար էլ մենք պետք է խրախուսենք ազգային ինքնակազմակերպման և փոխադարձ օգնության բոլոր հնարավոր մեխանիզմները: …Այսօր աշխարհի չորս կողմերում գոյություն ունեն բազմաթիվ և բազմաբնույթ հայկական հասարակական կազմակերպություններ: Հենց նրանց շնորհիվ այսօր մենք կարող ենք խոսել հայկական համաշխարհային քաղաքացիական հասարակության մասին:

Դա քաղաքացիական հասարակություն է, որտեղ առկա են և՛ քաղաքական, և՛ բարեգործական, և՛ մշակութային, և՛ մասնագիտական, և՛ բոլոր հնարավոր տեսակների կազմակերպություններ: Եվ նրանց բոլորի հաջողություններով կարելի է միայն հպարտանալ», — ասել է Սարգսյանը:

Փաստորեն, Սերժ Սարգսյանի հպարտության առարկան հայկական համաշխարհային քաղաքացիական հասարակությունն է: Փստորեն, Սարգսյանին չի մտահոգում այն, որ սփյուռքահայերի թիվը գնալով ավելանում է, որ մարդիկ իր ղեկավարած Հայաստանից, մեղմ ասած, արտագաղթում են, (իսկ ավելի ճիշտ` թողնում-փախչում են), որ Հայաստանը դատարկվում է, որ իր հպարտության առարկա հայկական համաշխարհային քաղաքացիական հասարակությունը ձեւավորվում է` ի հաշիվ Հայաստանի դատարկման: Դրանք, փաստորեն, մանրուքներ են, որոնք Սարգսյանին չեն հետաքրքրում: Նրան, ստացվում է` ուրախացնում է, որ հայերը հաջողության են հասնում, ինքնակազմակերպվում են, բայց` դրսում, Հայաստանից դուրս: Այսինքն՝ չեն խանգարում իրեն, այսինքն՝ իրենից հեռու ինչ ուզում են անեն, միայն թե այստեղ` Հայաստանում, իրեն հանկարծ չխանգարեն: Իհարկե, այլ բան չէր էլ կարելի ակնկալել մի մարդուց, ում պաշտոնավարման տարիների ընթացքում Հայաստանից արտագաղթողների, այսինքն`գնացող եւ այլեւս չվերադարձողների բացասական հաշվեկշիռը ամենամեծն է եղել: Անգամ Սերժ Սարգսյանի իշխանության կողմից հրապարակած պաշտոնական տվյալներով` նրա պաշտոնավարության ընթացքում մոտ 150 հազար մարդ է արտագաղթել Հայաստանից: Հիշեցնենք` սա՝ ընդամենը պաշտոնական տվյալներով: Իսկ թե ոչ պաշտոնական տվյալներով որքա՞ն մարդ է ընդմիշտ լքել Հայաստանը, թերեւս պարզ կդառնա միայն իշխանափոխությունից հետո: Սակայն եթե անգամ վերցնենք Սերժ Սարգսյանի իշխանության հրապարակած թվերը, ապա կտեսնենք, որ գնացող-չվերադարձողների բացասական հաշվեկշիռը նույնիսկ, ի համեմատություն նախորդ տարիների` ավելանում է ոչ թե հազարներով, այլ` տասնյակ անգամ:

Այսպես, ըստ պաշտոնական տվյալների՝ 2007-ին այդ բացասական հաշվեկշիռը կազմել է -3223  մարդ: 2008-ին արդեն` -23 հազար 59 մարդ: 2009-ին` -24 հազար 978 մարդ: 2010-ին` -54 հազար 240 մարդ: 2011-ին` -49 հազար 100 մարդ:

Փաստորեն՝ սա է Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը, սա է նրա ռազմավարությունը. դատարկել Հայաստանը, ավելացնել սփյուռքահայերի թիվը, հետո նրանցից ոմանց ընդունել Հայաստանում, ելույթ ունենալ նրանց առաջ եւ հայտարարել, թե որքան է ինքը հպարտանում, որ ձեւավորվում է «հայկական համաշխարհային քաղաքացիական հասարակություն»: «Զարկ տանք արտագաղթին, ավելացնենք Սփյուռքը, ձեւավորենք հայկական համաշխարհային քաղաքացիական հասարակություն». սա է արտագաղթի նախագահ Սերժ Սարգսյանի կարգախոսը: Հիմա միայն պատկերացրեք, որ եթե 2013-ին Հայաստանի հասարակությունը չազատվի այդ մարդուց, քանի՞ մարդ կմնա Հայաստանում: 

\"\"

\"\"

Պարգեւ Ապրեսյան 

Նախորդ հոդվածը‘Երևանի 2794-ամյակը (ֆոտոռեպորտաժ)’
Հաջորդ հոդվածը‘Արման Գրիգորյան. Ժողովրդավարական լինելը արեւմտյան կողմնորոշման մեխանիկական հետեւանք չէ ‘