‘Ս. Սարգսյան. Հայաստանում երբե՛ք արտահանձնված դատապարտյալի ներում չի շնորհվել (տեսանյութ)’

1201

«Ադրբեջանն իր արարքով իրեն դրեց միջազգային քաղաքակիրթ վարքից դուրս», — այսօր կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ անդրադառնալով հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին հանձնելու, եւ նույն օրն այդ երկրի նախագահի կողմից նրան ներում շնորհելու փաստին, հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքերով, զգալով միջազգային ճնշումը՝ Իլհամ Ալիեւն արդեն ավելի հաճախ է սկսել օգտագործել իր փորձված զենքը՝ հրապարակային սուտը: «Նրա ասածների կապակցությամբ մեկ անգամ ևս պետք է շեշտեմ, որ Հայաստանում երբե՛ք արտահանձնված դատապարտյալի ներում չի՛ շնորհվել», — ասել է Սարգսյանը՝ ակնարկելով վերջին օրերին ASALA-ի նախկին անդամ Վարուժան Կարապետյանին 2001-ին Ֆրանսիայում ներում շնորհելու եւ Հայաստան վերադարձնելու պատմության շահարկումը ադրբեջանական մամուլում:

Նշելով, որ միջազգային հանրությունը միանշանակորեն Սաֆարովին ներում շնորհելու փաստը, Սարգսյանը նկատել, է, որ դա բավարար չէ:

«Այո, հանցագործին հերոսացնող Ադրբեջանն այնպիսի անելանելի վիճակում է հայտնվել, որ ստիպված օրական մի սուտ է հորինում, մի չակերտավոր մեղք գտնում Հայաստանի վրա ու դրանով հանդես գալիս: Խղճուկ ստեր: Ես կասեի ստերի շարք: Իսկ մենք անցնում ենք անհրաժեշտ աշխատանքների այս ուղղությամբ: Իրավական բլոկի պատասխանատուները, կարծում եմ, արդեն շատ լավ գիտեն իրենց անելիքը: Ես ակնկալում եմ ակտիվ, հետևողական ջանքեր բոլոր հնարավոր միջազգային ատյաններում: Ակնկալում եմ համակարգված և հեռահար աշխատանք», — ասել է Սարգսյանը` հանձնարարելով Կառավարությանը եւ ԱԳՆ-ին մշակել ծառայողական օգտագործման խորհրդատվական փաստաթուղթ, որը կօգնի բոլոր գերատեսչություններին միջազգային ասպարեզում իրենց գործունեությանը զուգահեռ նաև աջակցել այս գործընթացին: 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյան. Սիրիայի ցավը մեր ցավն է’
Հաջորդ հոդվածը‘«Հայազն» միության ներկայացուցիչ. «Չեմ պատկերացնում այնպիսի արցախցի, որ կողմ է Հայաստանից անկախությանը»’