‘Ս. Սարգսյան. «Սաֆարովի պատմության» շուրջ իբր «հավասարակշիռ» արձագանքներն անընդունելի են ‘

1186

«Ադրբեջանի իշխանությունների կողմից մարդասպան Ռամիլ Սաֆարովի հերոսացումը արժանի է անվերապահ դատապարտման, հատկապես Հայաստանի եվրոպական գործընկերների կողմից»: Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի հետ Նախագահական նստավայրում տեղի ունեցած հանդիպան ժամանակ այսօր հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Շնորհակալություն հայտնելով բազմաթիվ երկրների, միջազգային տարբեր կազմակերպությունների, այդ թվում` եվրոպական մի շարք կառույցների կողմից Ադրբեջանի իշխանությունների` Սաֆարովին ազատ արձակման և հերոսացման ուղղությամբ քայլերը միանշանակ և խստորեն դատապարտող հայտարարությունների համար, Սարգսյանը միաժամանակ անընդունելի և անհասկանալի է համարել որոշ իբր «հավասարակշիռ», իսկ էության մեջ՝ զարհուրելի այդ արարքին բոլորովին անհամարժեք արձագանքները:

ԵՄ հատուկ ներկայացուցիչն իր հերթին նշել է, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո մեկնելու է Բաքու և ադրբեջանական իշխանությունների վերոհիշյալ քայլի կապակցությամբ ակնկալում է պարզաբանումներ ստանալ նրանցից:

«ԵՄ-ը դատապարտում է ԼՂ հակամարտության կողմերի միջև փոխվստահությունը վնասող նման քայլը և հակամարտության կարգավորման գործընթացում սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին»,  — նախագահի աշխատակազմի մամլո ծառայության փոխանցմամբ՝ ասել է Ֆիլիպ Լեֆորը:

 

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ նախագահը Արա Հարությունյանին նորից վարչապետ է ցանկանում նշանակել ‘
Հաջորդ հոդվածը‘Apple ընկերությունը պատրաստվում է ներկայացնել iPhone-ի հերթական մոդելը’