‘Ս. Օհանյան. Չարժե Արցախում ու ՀՀ սահմանամերձ մարզերում «քաղաքական խառնաշփոթ ստեղծել»’

1065

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարծում է, որ ոչ միայն Արցախում, այլեւ ՀՀ սահմանամերձ մարզերում քաղաքական բնույթի նախաձեռնություններ անելուց առաջ պետք է հաշվի առնել այդ տարածքների «որոշակի առանձնահատկությունները»:

Այսօր լրագրողների հետ զրույցում նախարարն անդրադարձավ հունվարի 31-ին Բերձորում «Հիմնադիր խորհրդարան» կազմակերպության ակտիվիստների նկատմամբ բռնության դեպքերին: Մասնավորապես,  iLur.am-ի խնդրանքով մեկնաբանելով գեներալ Մանվել Գրիգորյանի հայտարարությունը, թե «մուտիլովշիկների մուտքն Արցախ արգելված է, իսկ նորմալ քաղաքացիները կարող են հանգիստ գնալ», Օհանյանն ասաց.   

«Գտնում եմ, որ ցանկացած քաղաքացու մուտքը Հայաստանի եւ Արցախի ցանկացած տարածք թույլատրելի է, բայց այն պայմանով, որ բոլորը պետք է հասկանան, թե ինչ իրավիճակում է այսօր գտնվում Արցախը եւ նույնիսկ ՀՀ սահմանամերձ մարզերը, օրինակ՝ Տավուշի մարզը, եւ արդյո՞ք արժե գնալ այնտեղ եւ ներքաղաքական խառնաշփոթություն ստեղծել: Գտնում եմ, որ դրա անհրաժեշտությունը չկա»:

Օհանյանի խոսքով, Արցախն այսօր գտնվում է այնպիսի լարված իրավիճակում, որ անընդհատ ստիպված է արձագանքելու հակառակորդի իրականացրած յուրաքանչյուր ոտնձգության:
«Այսինքն, մի կողմից լարվածություն, որը որ առաջին գծում է: ասկանալի է, որ մենք էլ մեր հնարավորությունների եւ պարտավորությունների շրջանակներում աջակցում ենք; Եւ այդ պայմաններում չափազանց դժվար է ասել, թե ինչու են հասարակական կազմակերպությունները գնում այնտեղ եւ որոշակի արվածություն ստեղծում», — ասաց նա:

Անուհանդերձ, Օհանյանը նշեց, որ դատապարտելի են ուժի կիրառման դեպքերը, հատկապես՝ ազատամարտիկների դեմ:

«Ընդհանրապես, համարում եմ, որ ազատամարտիկի դեմ ուժի կիրառումը անթույլատրելի է բոլոր ժամանակներում: Միեւնույն ժամանակ, մեր մարտական ընկերները պետք է հարց տան իրենց՝ արդյո՞ք պետք է գնալ եւ ավելորդ լարվածություն ստեղծել: Կարծոմ եմ, մենք փոխադարձ պատասխանատվություն պետք է կրենք մեկս մյուսի արժանապատվության եւ արժեքները պահպանելու առումով», — ասաց Օհանյանը:

Նախորդ հոդվածը‘Զորամասերում տիրող մթնոլորտը ռազմական ուսումնարանում տիրող բարքերի ուղղակի հետեւանքն է’
Հաջորդ հոդվածը‘Պահանջ. ՎՊ 2013թ. տարեկան հաշվետվությունը օրենքով սահմանված կարգով քննարկել ԱԺ առաջիկա նիստում’