‘Վա՜յ ԱՄՆ-ին, եթե նրա հույսը այս «հերոսներն» են ‘

1032

ԱՄՆ հովանու տակ գործող «Ժառանգություն» կոչվող մի խմբավորում, նույն հովանու տակ ստեղծված, մի քանի հոգուց բաղկացած, այսպես կոչված՝ «Ազատ դեմոկրատներ», արդեն 2-3 տարի է «ավետում են», թե Հայ ազգային կոնգրեսն ուր որ է քանդվելու, պառակտվելու, մեռնելու է։

Բայց Կոնգրեսը համառորեն գոյատեւում է։ Իսկ ահա իրենց «ազատ» կոչող դեմոկրատների փոքր այդ խումբը երեք ամիս էլ չդիմացավ ու բաժանվեց ուղիղ երկու մասի։ Հետո մի մասը գնաց մտավ «Ժառանգության» ծոցը ու նրա փեշի տակ անցավ Ազգային ժողով։ Սակայն չափազանց կարճ տեւեց այդ միավորում-սիրավեպը։ Պատգամավորական խմբակցությունը դեռ չգործած՝ երկու կուսակցությունների երկու «առաջնորդներ»՝ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Խ. Քոքոբելյանը, սկսեցին միմյանց ուխտադրժության ու ստախոսության մեջ մեղադրել։ Բանը հասավ այնտեղ, որ առաջինը կոպտորեն մերժեց երկրորդի անգամ սատարումը։

Մի այլ «արեւմտամետ» կուսակցություն էլ՝ «Հանրապետությունը», դուրս եկավ Կոնգրեսից՝ բողոքելով վերջինիս արմատականության պակասից ու խոստանալով հաջորդ օրվանից փողոց դուրս գալ, տեր կանգնել «փողոցի պայքարին»։ Բայց սրանք էլ մինչ այսօր, բառի բուն իմաստով, փողոցում չեն երեւում, այլ ամենաշատը երբեմն միայն «հերոսաբար» ծիկրակում են իշխանասուն լրատվամիջոցների էջերից ու իշխանական հեռուստաալիքների էկրաններից։

Բացի ծիծաղելի վիճակում հայտնվելուց, այլ ընթացք ու վերջաբան չեն կարող ունենալ օտարի «պրոյեկտով» ստեղծված կամ նրանց ծառայող ուժերը։ Եւ վա՜յ Արեւմուտքին, վա՜յ Ամերիկային, որի հույսը զավեշտական այս «հերոսներն» են:

 

Մուսա Բադալյան 

Նախորդ հոդվածը‘Ինչպես կանխել ընտրական «կարուսելը». ՀԱԿ-ում գտել են ձեւը’
Հաջորդ հոդվածը‘Զուրաբյան. ՀՀ-ում ընտրություններին մասնակցելը նման է շուլերների հետ պոկեր խաղալուն ‘