‘Վազգեն Մանուկյանը մեզ հե՞տ է’

3220

Երեկվա հանրահավաքում Րաֆֆի Հովհաննսիյանը հայտարարել է. «Այսօր մեզ հետ են Հայաստանի երեք նախագահները։ Մեզ հետ են ժողովրդի կողմից ընտրված Վազգեն Մանուկյանը, Կարեն Դեմիրճյանը, Ստեփան Դեմիրճյանը»։

Դեմիրճյանների պարագան վիճարկելի չէ։ Բայց Վազգեն Մանուկյանը նախորդ օրը Հանրային խորհրդի անունից պաշտոնապես շնորհավորել է «վերընտիր» Սերժ Սարգսյանին։

Ոնց գցում-բռնում եմ, ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ այս հանելուկը, որովհետեւ խճճվում եմ հետեւյալ լուծումների լաբիրինթոսում.

ա. Եթե, ժողովրդական ըմբոստության այս փոթորկալից օրերին, Վազգենը շնորհավորել է Սերժին, ապա նա ինչպե՞ս թե մեզ հետ է.

բ. Եթե Վազգենը, Րաֆֆիին շնորհավորելու փոխարեն, շնորհավորել է Սերժին, ապա դա կարող է նշանակել միայն մեկ բան, որ նա ոչ թե մեզ, այլ Սերժի հետ է.

գ. Եթե Րաֆֆիի հայտարարությունը Վազգենին հաճոյանալու միտված դիվանագիտական քայլ է, ապա դա հակաժողովրդական եւ անբարոյական դիվանագիտություն է։

դ. Եթե Րաֆֆին խստորեն դատապարտում է Սերժին շնորհավորած զույգ վեհափառներին, ապա շատ ավելի խիստ պետք է դատապարտեր նաեւ Վազգեն Մանուկյանին։

ե. Եթե Սերժին շնորհավորողի անունը հիշատակվում է Կարեն եւ Ստեփան Դեմիրճյանների անունների կողքին, ապա դա Րաֆֆիի կողմից մի՞թե սրբապղծություն չէ.

զ. Եթե Սերժին շնորհավորողը մեզ հետ է, ապա դրանից բխում է, որ Սերժն է՞լ է մեզ հետ.

է. Եթե Սերժին շնորհավորողը ոչ թե մեզ, այլ Րաֆֆիի հետ է, ուրեմն Րաֆֆին է՞լ է Սերժի հետ։

Ինչ կուզեք ասեք, էս մարդուց գլուխ չեմ հանում։ Գլուխ հանողը թող գլուխ գովա։ Րաֆֆին, թեկուզ ասում են համալսարան է ավարտել, բայց, մինչեւ հիմա ոնց որ թե չի հասկացել, որ խոսքը, արտաբերվելու հատկությունից բացի, նաեւ միտք պարունակելու ֆունկցիա ունի, ինչն, ի դեպ, վերաբերում է ոչ միայն ասուններին այլ նաեւ անասուններին։

Սերգեյ Գալստյան

Նախորդ հոդվածը‘Դասադուլավորները բողոքի ակցիա են իրականացնում ԿԸՀ շենքի դիմաց’
Հաջորդ հոդվածը‘ԿԸՀ-ը հրաժարվեց չեղյալ համարել Սերժ Սարգսյանի գրանցումը’