Վազգեն Մանուկյանը տգե՞տ է, թե՞ ստախոս

1816

Պատմաբան Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքում գրում է․

«Վազգեն Մանուկյանի վերջին հոդվածում չորս մտքից բաղկացած մի պարբերություն կա՝ չորսն էլ իրականության հետ ոչ մի աղերս չունեցող կամ դրան հակադիր.

1. «Հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու նախապայմանը եղել է Արցախի անկախության ճանաչումը, որի համար Հայաստանը տասնամյակներով պայքարել է միջազգային հարթակներում»։

Չկա պաշտոնական որեւէ փաստաթուղթ, որում Հայաստանը Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման համար որպես նախապայման նշում է վերջինիս կողմից Արցախի անկախության ճանաչումը։ Ակնհայտ անիրականանալի նման նախապայման դնելու դեպքում բանակցությունները կդադարեին նույն պահին, եւ կլուծարվեր Մինսկի խումբը։ Հայաստանը ձգտել է Արցախի անկախության միջազգային ճանաչման՝ առանց Ադրբեջանի առջեւ նման նախապայման դնելու։ Սրանք տարբեր բաներ են։ Մինսկի խմբի ներկայացրած կարգավորման ծրագրերի հետ կապված Հայաստանի առարկությունների եւ վերապահումների մեջ նույնպես չի եղել նման նախապայման։

2. «Հայաստանի և Թուրքիայի միջև նույնպես միշտ փորձ է արվել հարաբերություններ հաստատել, և միջազգային հանրությունն ընկալել է, որ մենք ունենք բնական նախապայմաններ՝ ցեղասպանության ճանաչման ու Արցախի անկախության հարցի հետ կապված»։

Որտե՞ղ է արձանագրված միջազգային հանրության «ընկալումը», որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման խնդրում Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը մեր «բնական նախապայմանն» է։ Նույնը՝ Ղարաբաղի անկախության ճանաչման դեպքում. Հայաստանը երբեւէ Թուրքիայի առջեւ նախապայման չի դրել, թե` ճանաչիր Ղարաբաղի անկախությունը, ապա կարգավորենք մեր հարաբերությունները։ Ճիշտ հակառակը՝ հարաբերություններ կարգավորելու նախապայման Թուրքիան է դրել։ Իսկ միջազգային հանրության կողմից ոչ միայն չի եղել «մեր բնական նախապայմանների» ընկալում, այլեւ եղել է ճիշտ հակառակը։ Միջազգային հանրության հովանու ներքո հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ցյուրիխյան աղմկոտ գործընթացը եւ դրա զույգ արձանագրությունները դրա փայլուն վկայությունն են։

3. «Մեզ միշտ համոզել են, որ մենք մի քիչ մեղմենք մեր դիրքերը, դիմացինին էլ համոզել են, որ նա ինչ-որ չափով ընդունի մեր պայմանները»։

Որտե՞ղ, ի՞նչ փաստաթղթով է արձանագրված, որ միջազգային հանրությունը «դիմացինին»՝ Թուրքիային համոզել է «ինչ-որ չափով ընդունի» մեր պայմանները (Ցեղասպանության եւ Արցախի անկախության ճանաչման հարցերում), կամ` ի՞նչ է եղել դրա արդյունքը։

4. «Բայց այսօր ամբողջ աշխարհը զարմանքով տեսնում է, թե ինչպես է Հայաստանն ամբողջությամբ զիջում իր բնական իրավունքները՝ չստանալով ոչինչ»։

Ամբողջ աշխարհն այսօ՛ր չի զարմացած, զարմացած է վաղուց՝ երբ 1997-ին կորցրեցինք ղարաբաղյան հակամարտության կարգավորման լավագույն շանսը։ Զարմացավ, երբ Ռ. Քոչարյանը իր իշխանության պահպանման համար զոհաբերեց Արցախի ինքնորոշման իրավունքի համար այդքան կարեւոր՝ հակամարտության կողմ լինելու միջազգային մանդատը։ Զարմացած էր, որ ամբողջ քսան տարի, ի տես՝ ժամանակի մեջ ամեն տարի եւ ամեն օր Ադրբեջանի առաջանցիկ արագընթաց զարգացման ու հզորացման, Հայաստանի ղեկավարները երկրի ներսում «Ղարաբաղի հարցը լուծված» էին հռչակում, դրսում էլ «ֆռռցնում էին» նույն միջազգային հանրությանը։ Իրենք էլ ներողամիտ ժպիտով «ֆռռում» էին։ Եւ վերջապես, այդ նույն «ամբողջ աշխարհը» երեւի զարմանքից քար կտրեց, երբ արդեն էս վերջին «պատուհասը», հրաժարվելով կարգավորման վերջին շանսից, որոշեց տասնապատիկ «հերոսությամբ» մարտահրավեր նետել ոչ միայն Ադրբեջանին, այլ նաեւ Թուրքիային՝ իրոք կործանելով ազգը։

Մի զարմանալու բան էլ կա։

Եթե Վ. Մանուկյանի այս հոդվածը թարգմանվի միջազգային հանրությանը հասու որեւէ լեզվով, ապա վերջինս զարմանքից, իրոք, կապշի՝ Հայաստանը ղեկավարելու մշտական այս հավակնորդի, «համաշխարհային ազգի» երբեմնի առաջնորդի ամբիցիաների գերի եղած այս մարդու մտքի «թռիչքի» վրա։ Եւ եթե ժամանակին Վ. Մանուկյանին հաջողվեր դառնալ երկրի ղեկավար ու գնալ իր պատկերացրած այս ճանապարհով, ապա արդեն շատ վաղուց Հայաստանն ամբողջությամբ զիջած կլիներ ամեն ինչ՝ չստանալով ոչինչ»։



Նախորդ հոդվածըՀայտնի է՝ քանի տարվա պայմանագիր կկնքի Մխիթարյանն «Ինտերի» հետ
Հաջորդ հոդվածըԱզգերի լիգա․ Հայաստանի հավաքականը մեկնարկեց հաղթանակով (տեանյութ)