‘Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետը հրաժարական է տվել’

1782

Երևան քաղաքում տեղակայված ուսումնական զորամասերից մեկում հունվարի 29-ին տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ այսօր` հունվարի 31-ին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շտապ խորհրդակցություն է հրավիրել: Այս մասին հաղորդում է ՊՆ պաշոնական կայքը:

Համաձայն պաշտոնական հաղորդագրության, խստորեն հանդիմանելով ուսումնական զորամասի ամբողջ հրամկազմին` Սեյրան Օհանյանը հավաստիացրել է, որ բոլոր մեղավորները պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ, ինչպես նաև կատարվելու է ուսումնական զորամասի հաստիքային կազմի արմատական փոփոխություն:

Նշենք, որ մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը կամավոր պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել Պաշտպանության նախարարություն: Սեյրան Օհանյանը ընդունել է դիմումը և հանձնարել է ինստիտուտի ամբողջ ղեկավար կազմին ազատել պաշտոնից: Այս տեղեկատվությունը դեռ պաշտոնական հաստատում չի ստացել: Քիչ առաջ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ոչ հերքել, ոչ էլ հաստատել է հրաժարականի մասին լուրը:

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին` ժամը 06:35-ի սահմաններում, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի կուրսանտ Հայկազ Արկադիի Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Զինծառայողին սպանելու կասկածանքով մեղադրանք է առաջադրվել նույն զորամասին 4 զինծառայողներին, որոնք կալանավորվել են:

Նախորդ հոդվածը‘Մանր եւ միջին ձեռներեցները Ազգային ժողովի դիմաց են’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ օմբուդսմենը Ղարաբաղի իր պաշտոնակցին խնդրել է ուսումնասիրել Բերձորի միջադեպի հանգամանքները’