‘Վազգեն Սարգսյանի եղբայրը սատարում է Սերժ Սարգսյանին’

2297

Այսօր Արարատի մարզի Արարատ քաղաքում, մշակույթի տանը, ՀՀ նախագահի թեկնածու  Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը ներկա էր նաև սպարապետ Վազգեն Սարգսյանի կրտսեր եղբայրը՝ Արմեն Սարգսյանը: Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը նաև «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի եղբայրն է:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք իր ներկայությունը հանդիպմանը նշանակում է, որ որոշել է, թե ում է տալու իր ձայնը, Արմեն Սարգսյանը պատասխանեց. «Միանշանակ Սերժ Սարգսյանին, որովհետև ուրիշ ավելի հզոր թեկնածուի ես չեմ տեսնում, որը կարող է մեր երկիրը այս վիճակից հանել, մարդը գործ է արել, հասել է գործի այն պահին, որ պետք է շարունակվի։ Կիսատ թողնելը չեմ կարծում, որ նպատակահարմար է»։

Հարցին, թե կոնկրետ ինչի՞ է հասել Սերժ Սարգսյանը, Արմեն Սարգսյանը պատասխանեց․ — «Ինչո՞ւ եք դու մենակ վատը տեսնում, շատ լավ բաներ կան, որ դուք չեք ուզում տեսնել։ Եկեք չխորանանք, թե կոնկրետ ինչ»։

Հարցին, թե ընտրությունների վերաբերյալ Արամ Սարգսյանի հայտարարությունների մասին ինչ կարծիք ունի, Արմեն Սարգսյանը պատասխանեց․ — «Նա իմ եղբայրն է, արյունը երբեք ջուր չի դառնում։ Մենք տարբեր հայացքներ ունենք քաղաքականության առումով։ Ես այսօր ընտրում եմ Սերժ Սարգսյանին, և դա մեկնաբանելու կարիք չկա»։

Նա հավելեց, որ բոլոր արարատցիներին կոչ է անելու ընտրել Սերժ Սարգսյանին։

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանը Ֆրանսիայում բոլորի ուշադրության կենտրոնում է. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Քննարկվել են «Լույս» հիմնադրամի այս տարվա ծրագրերը’