‘Վալդեսը չի երկարաձգի իր պայմանագրի ժամկետը’

818

Կատալոնական ակումբի առաջին թիմում անկացնելով 12 տարի` Բարսայի հիմնական դարպասապահը որոշեց չերկարաձգել իր պայմանագրի ժամկետը հարազատ թիմի հետ:  Վալդեսի ապագայի հետ կապված խոսակցություններն սկսվեցին հունվարի սկզբից, երբ կատալոնացին հայտնեց, որ հնարավոր է՝ իր ուժերը փորձի որևէ այլ առաջնությունում: Դրանից հետո Անդոնի Սունբիսարետան փորձեց հանգստացնել երկրպագուներին՝ վստահեցնելով, որ իրենք կարգավորում են բանակցությունների ընթացքը, և Վալդեսը, ամենայն հավանականությամբ, կշարունակի իր ելույթները Բարսայում:

Բայց երեկ երեկոյան դարպասապահի գործակալ Գինես Կարվահալը, ով հակտնի է իր բարդ բնավորությամբ և նրանով, որ նախկինում եղել է նաև Ռաուլի և Կասիլյասի գործակալը, ակումբին հայտնեց խաղացողի վերջնական որոշման մասին: Այն է՝ չերկարաձգել 2014-ին ավարտվող պայմանագրի ժամկետը թիմի հետ:

Իհարկե, ակումբի ղեկավարների համար սա անակնկալ էր: Նրանք, ինչպես տեղեկացնում  է կատալոնական մամուլը, պատրաստ էին բավարարել դարպասապահի պահանջած պայմաններն ու 3 տարով ևս երկարաձգել նրա պայմանագիրը, բայց Վալդեսը կարծես վաղուց էր ընտրել հեռանալու տարբերակը:

Պատճառները կարող են լինել մի քանիսը: Շատ հնարավոր է, որ Վալդեսն արդեն պայմանավորվածություն ունի ուրիշ ակումբի հետ: Շատերը մտածում էին, որ այդ ակումբը կարող է լինել այն թիմը, որը կգլխավորի Գվարդիոլան, բայց այժմ, երբ արդեն հայտնի է Պեպի նոր աշխատավայրը, շատ բարդ է հավատալ, թե Պեպը կնախընտրի Վիկտորին՝ Նոյերի փոխարեն:

Նման որոշման գլխավոր պատճառը, այնուամենայնիվ, թվում է՝ այն ճնշումն է, որը գործադրվում էր դարպասապահի վրա երկրպագուների կողմից, հատկապես՝ վերջին տարիների ընթացքում: Բարսայի երկրպագուների մեծամասնությունը համարում էր, որ իրենց թիմն արժանի է շատ ավելի բարձրակարգ դարպսապահ ունենալու, և Վալդեսին համարում էին այն կետը, որը խանգարում է թիմին՝ դառնալ կատարյալ:

Իհարկե, Վալդեսն ամեն մրցաշրջան մրցակիցներին էր նվիրում գնդակներ, բայց հանուն ճշմարտության պետք է ասենք, որ դրանք դարպասապահի սխալները չեն և կապված են հիմնականում մտածողության հետ: Իսկ ինչ վերաբերում է հենց դարպասապահի գործին, ապա պետք է արձանագրել, որ Վալդեսը շատ է աճել իր խաղով, և իրականում Բարսան կդժվարանա փնտրել իրեն այդքան հարմար դարպասապահ:

Կարելի է ուղղակի հիշել, թե ովքեր էին Բարսայի 1-ին համարները Վալդեսից առաջ՝ Վիտոր Բայա, Հեսպ, Դյուտրուել, Ռեինա, Բոնանո, Էնկե, Ռյուշտու… Այս անունները Բարսայի դարպասների առաջ հայտնվեցին ընդամենը 5 տարիների ընթացքում, որից հետո միայն Վալդեսին հաջողվեց երկարաժամկետ հաջողությամբ խաղալ Բարսայի դարպասների առջև:

Ինչևէ, որոշումն արդեն կայացված է, որի վրա, ըստ կատալոնական մամուլի, չեն կարողացել ազդել նույնիսկ Բարսայի խաղացողները: Եթե հաշվի առնենք, որ 2014-ին Վալդեսը կդառնա 32 տարեկան, կարելի է համարել, որ նա ուղղակի կարիերայի ավարտին ցանկանում է խաղալ ավելի ցածր ճնշման տակ գտնվող ակումբում, որտեղ նաև ավելի գնահատված կլինի: Իսկ Բարսան հայտնվել է լուրջ խնդրի առջև: Նրանք կփորձեն մրցաշրջանի ավարտին վաճառել Վիկտորին, որպեսզի հաջորդ մրցաշրջանում ստիպված չլինեն բաց թողնել նրան որպես ազատ գործակալ: Բայց մինչ այդ հետաքրքիր է, թե ինչպես նրան կընկալեն երկրպագուները մրցաշրջանի մնացած ժամանակահատվածում, և ինչպես իրեն կդրսևորի ինքը դարպասապահը՝ հավանական տիտղոսները նվաճելուց հետո:

Դարպասապահի հարցին Բարսայում շատ նուրբ են վերաբերվում, և այս պահից սկսած՝ դիտարկում են տարբերակներ: Մամուլում արդեն իսկ շրջանառվում են բազմաթիվ անուններ՝ ԴԵ Խեայից մինչև Տեռ Շտագեն, ում համարում են լավագույն երիտասարդ դարպասապահներից: Խոսվում է նաև ակումբի կանտերանոներ Օյեր Օլաբազալի և 17-ամյա կամերունցի Ֆաբրիս Օնդոայի մասին, ովքեր դեռևս շատ անփորձ են նման կարգի թիմում հիմնական դարպասապահի դերը ստանձնելու համար:

Խնդիրը բարդ է, բայց լուծելի, ուղղակի ամռանը Ռոսելն ու Սուբիսարետան պետք է չկենտրոնանան միայն Նեյմարի տրանսֆերը վերջնականապես լուծելու վրա:

Նախորդ հոդվածը‘Զինվորի մահվան պատճառով աշխատանքից ազատվել է ռազմաբժշկական վարչության պետը’
Հաջորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյան. ԵԽԽՎ առաքելության գնահատականը ես անակնկալ չէի համարի’