‘Վալենսան պարտություն է կանխագուշակում Եվրամայդանի համար’

859

Լեհաստանի նախկին նախագահ, «Սոլիդարնոստ»-ի նախկին առաջնորդ Լեխ Վալենսան հայտարարել է, որ ուկրաինական ընդդիմությունը չի կարող հասնել իշխանափոխության: Նման կարծիք Վալենսան հայտնել է Rzeczpospolita-ին տված հարցազրույցում: «Ես այնտեղ ընդդիմության մեջ չեմ տեսնում առաջնորդի: Չեմ տեսնում մի մեծ, համաժողովրդական շարժում, միասնական կուսակցություն կամ կազմակերպություն, որոնք կարող են տապալել իշխանությունը»,- նշել է Վալենսան: Նա կասկած է հայտնել ընդդիմադիր УДАР կուսակցության առաջնորդ, իր նախագահական հավակնությունների մասին հայտարարած Վիտալի Կլիչկոյի քաղաքական հեռանկարի առնչությամբ. «Չեմ տեսնում, որ Կլիչկոն պատրաստ է ղեկավարել»: Ստեղծված իրավիճակում Վալենսան Ուկրաինայի իշխանությանը և ընդդիմությանը բանակցությունների նստելու կոչ է արել:

Լեխ Վալենսան «Սոլիդարնոստ» արհմիությունների միավորման հիմադիրներից է: «Սոլիդարնոստ»-ը 1980-ական թթ.՝ կոմունիստական կարգերի օրոք, ապստամբության ալիք բարձրացրեց, ինչը վերածվեց հակակոմունիստական կամպանիայի և ավարտվեց իշխանափոխությամբ այդ երկրում: 1990 թ. Վալենսան ընտրվեց Լեհաստանի նախագահ, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ի պատիվ Եվրամայդանի՝ ուկրաինական սփյուռքը աշխատանքի է դուրս եկել ասեղնագործ շապիկներով’
Հաջորդ հոդվածը‘Հոլանդացի մարմնավաճառները արտոնյալ կենսաթոշակ են պահանջում’