‘«Վալենսիա»-ն «Ատլետիկո»-ին իջեցնում է երկնքից ‘

982

Շաբաթ օրը եվրոպական թոփ առաջնություններում կայացած «Մանչեստեր Յունայթեդ» — «Արսենալ» և «Յուվենտուս» – «Ինտեր» հակամարտությունների հետ մեկտեղ՝ Իսպանիայում տեղի ունեցավ, ճիշտ է՝ պակաս հնչեղությամբ, բայց ոչ պակաս հետաքրքրություն առաջացրած «Վալենսիա» – «Ատլետիկո Մադրիդ» դիմակայությունը: Հանդիպումն առաջին հերթին հետաքրքիր էր նրանով, որ մադրիդցիներն այս մրցաշրջանում իրենց խաղի և արդյունքների շնորհիվ հայտ են ներկայացրել «խառնվել» «Վալենսիա»-ի՝ կարծես ապահովագրված «ընդմիշտ երրորդ»-ի կարգավիճակին, որը «չղջիկները» զբաղեցնում էին արդեն երրորդ մրցաշրջանն անընդմեջ՝ օգտվելով «Վիլյառեալի» և «Սևիլյա»-ի անկումից: Մադրիդցիների երկրպագուներին իրենց սիրելի թիմի վստահ խաղը հույս է ներշնչում հավատալու նրան, որ իրենք կարող են պայքարել նաև «Բարսելոնա»-ի և «Ռեալ Մադրիդ»-ի դեմ:

Ամռանը «Ատլետիկո»-ի նախագահ Էնրիկե Սերեզոյին հաջողվեց թիմում պահել երևի թե մեր օրերի լավագույն «9»-ին` Ռադոմել Ֆալկաոյին, բացի դրանից՝ նա կարողացավ թիմն ուժեղացնել՝ հրավիրելով Քրիստիան Ռոդրիգեսին և Էմրեին, ովքեր ազատ խաղացողի կարգավիճակ ունեին: Մրցաշրջանը թիմն սկսեց Եվրոպայի սուպերգավաթում «Չելսի»-ին ջախջախելով, որով հաստատեց իր լուրջ հավակնությունները նոր մրցաշրջանում: Մինչ այս հանդիպումը՝ «Ատլետիկո»-ն առաջատարի դերը հավասար միավորներով կիսում էր Բարսայի հետ: Նոր սկսած առաջնությունում Եվրոպայի լիգայի և Եվրոպայի սուպերգավաթի դափնեկիրներն առաջին տուրում  հյուրընկալվելիս «Լևանտե»-ի դեմ ոչ-ոքիից հետո իրենց բոլոր հանդիպումներն ավարտել էին հաղթանակով` «Լա Լիգա»-ում իրենց անպարտելի հանդիպումների շարքը հասցնելով 16-ի:  Ինչ վերաբերում է «չղջիկներին», ապա այստեղ ունենալով խոշոր 550 մլն. €-ի արտաքին պարտք՝ թիմը շարունակեց իր լավագույն խաղացողներին վաճառելու քաղաքականությունը, որի ժամանակ թիմը երեք տարիների ընթացքում լքեցին Դավիդ Վիլյան, Դավիդ Սիլվան, Խուան Մատան և Իսկոն: Այս ամռանը ևս թիմից հեռացավ «Լա Լիգա»-ի լավագույն եզրային Խորդի Ալբան, ով վերադարձավ տուն` Բարսա, և Պաբլո Հեռնանդեսը, ով նախընտրեց կարիերան շարունակել Անգլիայում: Պելեգրինոյի սաներն առաջնության մեկնարկային փուլն ընդհանուր առմամբ ձախողեցին: Չնայած վատ արդյունքներին՝ հարկ է առանձնացնել երկու գրանդների` Մադրիդի «Ռեալ»-ի և Բարսայի դեմ հյուրընկալվելիս անցկացրած խաղերը: Երկու դեպքում էլ որոշիչ եղավ մրցավարների գործոնը. առաջինում մրցավարը վալենսիացիներին խանգարեց վաստակել երեք միավոր՝ չհաշվելով Սոլդադոյի մաքուր գոլը, իսկ երկրորդում նրանք նորից կասկածելի «խաղից դուրս» վիճակ արձանագրեցին պաշտպան Վիկտոր Ռուիսի մոտ: Հաշվի առնելով նաև շաբաթ օրվա հանդիպման արդյունքը՝ կարելի է հետաքրքիր պատկեր կազմել երեք առաջատարների ներկայիս ուժի և կարողությունների մասին:

«Մեստալյա» մարզադաշտում «Վալենսիա» — «Ատլետիկո» խաղի սկզբում հյուրերի մոտ զգացվում էր լարվածություն՝ կապված նրա հետ, որ հենց այստեղ նրանք կարող են դադարեցնել իրենց անպարտելիության շարքը և մի փոքր ավելի մոտենալ իրականությանը, որտեղ Տիտոյի և Մոույի թիմերը շարունակում են մնալ իսպանական ֆուտբոլի անառարկելի առաջատարները: 19-րդ րոպեին Ադիլ Ռամիի գեղեցիկ փոխանցումից հետո Ռոբերտո Սոլդադոն ֆանտաստիկ հարվածով բացեց հանդիպման հաշիվը, Ռոբերտոն շատ ճիշտ դիրք դուրս եկավ, փոխանցման ժամանակ մարմինը հարմար դասավորեց և գնդակը որսալով օդում՝ այն ուղարկեց Կուրտուայի պաշտպանած դարպասը: Ի դեպ, իսպանական լրատվամիջոցների պնդմամբ՝ Ֆալկաոյի՝ «Չելսի» հնարավոր տեղափոխության դեպքում հենց «Ռեալ Մադրիդ»-ի սանն է համարվում կոլումբիացուն փոխարինելու գլխավոր հավակնորդը:

Գոլից հետո Պելեգրինոյի թիմն սկսեց գործել իրենց համար նախընտրելի երկրորդ համարով՝ կարողանալով նաև գնդակից զրկել Ադրիանին և Էմրեյին, ով խայտառակ վատ երեկո անցկացրեց դաշտում: Առաջին խաղակեսի ավարտին մոտ մրցավար Տեյշեիրա Վիտյենեսը շարունակեց Իսպանիայում նորաձև դարձած մարզիչներին հեռացնելու փորձը և կարմիր քարտ ցույց տվեց Պելեգրինոյին: Այդ դրվագում իրեն շատ հետաքրքիր դրսևորեց «Ատլետիկո»-ի մարզիչ Դիեգո Սիմեոնեն, ով բողոքում էր այդ որոշման դեմ և չորրորդ մրցավարից պահանջում էր, որպեսզի չհեռացնի իր գործընկերոջը: Երկրորդ խաղակեսում հյուրերի խաղը միջին գծում փոքր-ինչ կարգավորվեց Քրիստիան Ռոդրիգեսի և Ռաուլ Գարսիայի խաղադաշտ դուրս գալուց հետո: Հյուրերը սկսեցին էլ ավելի տիրել նախաձեռնությանը, բայց այդպես էլ չէին կարողանում ռեալ գոլային պահեր ստեղծել Դիեգո Ալվեշի դարպասների մոտ, որտեղ  Ֆալկաոն սովորականից շատ ավելի իներտ և անզգույշ էր գործում: Խաղավարտին ավելացրած րոպեներին մրցավարը, ով մինչ այդ հստակ երևացող 11 մետրանոց չէր նշանակել տանտերերի դարպասին, դաշտից հեռացրեց Վալենսիայի պաշտպան Ռիկարդո Կոշտային: Մնացած ժամանակում «Ատլետիկո»-ին այդպես էլ չհաջողվեց լուրջ գոլային պահ ստեղծել, իսկ «չզջիկներ»-ի մոտ ստացվեց իրացնել այս խաղում իրենց երկրորդ գոլային պահը. խաղ առ խաղ ավելի բարձր խաղամակարդակ դրսևորող Սեբաստիան Ֆեգուլին փայլուն պահ ստեղծեց նոր դաշտ մտած Նելսոն Վադեսի համար, ով իր խաղում առաջին հպումով հաշիվը դարձրեց 2-0:

Այսպիսով, Սիմեոնեի թիմն ավարտեց իր հանդիպումների շարքը՝ 16 անպարտելի և 8 անընդմեջ հաղթանակներով: Պարտություն, որի մեջ չարժե մեղավորներ փնտրել, ընդամենը պետք է սկսել ավելի ռեալ դիտարկել սեփական հնարավորությունները և կենտրոնանալ ՉԼ-ի գոտում հստակ տեղ գրավելու վրա, որտեղ խաղալու հնարավորությունը թիմի ղեկավարությանը կօգնի Ֆալկաոյին իրենց մոտ պահել ևս մեկ մրցաշրջան:

Նախորդ հոդվածը‘Էրդողանի դեմ մահափորձ է կատարվել’
Հաջորդ հոդվածը‘Հնդկաստանի իշխանությունները հորդորում են քաղաքացիներին օգտվել զուգարաններից ‘