Վախկոտների հանձնաժողովը «դուխով» քննելու է զինվորականներին

480

Իշխանությունները կարծես թե պատրաստվում են քննել 44-օրյա պատերազմի հանգամանքները, և մեծ հավանականությամբ՝ բազմաթիվ մեղավորներ կգտնվեն ու կպատժվեն հատկապես զինվորականության շրջանում։ 

Իրականում 44-օրյա պատերազմի ու դրա աղետալի հետևանքների հիմնական պատճառը վախկոտությունն էր։ Ոչ թե զինվորականների (ցանկացած պետություն կերազեր մերոնց պես զինվորականներ ունենալ), այլ քաղաքական իշխանությունների և ընդհանրապես՝ քաղաքական դաշտի վախկոտությունը։ 1998-ից հետո որևէ քաղաքական ուժ այդպես էլ համարձակություն չունեցավ ժողովրդին բացատրելու, որ տևական խաղաղության հասնելու միակ ճանապարհն ազատագրված տարածքները վերադարձնելն է, հակառակ դեպքում վաղ թե ուշ տեղի է ունենալու այն, ինչ տեղի ունեցավ 2020-ին։ Հողատուի ու դավաճանի պիտակից վախենում էին և՛ իշխանությունները, և՛ ընդդիմադիր ուժերը։ Հակառակը՝ բոլորն անհամբեր սպասում էին, թե ով նման համարձակություն կունենա, որպեսզի ոհմակով հարձակվեն ու հոշոտեն այդ «դավաճանին»։ Արդեն պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը բաց տեքստով հայտարարեց, որ ինքը նույնպես վախեցել է դավաճանի պիտակից, դրա համար էլ ժամանակին չի կանգնեցրել պատերազմը։ Մի խոսքով՝ մենք ունեցել ենք և ունենք որակյալ զինվորականներ և վախկոտ քաղաքական իշխանություններ։ Ու հիմա վախկոտ իշխանությունները (քաղաքական ուժերը) պիտի քննեն ու դատեն զինվորականներին։

44-օրյա պատերազմի հանգամանքները քննելն, իհարկե, կարևոր է, բայց շատ ավելի կարևոր է պարզելը, թե ինչպե՞ս և ո՞ւմ մեղքով արցախյան առաջին պատերազմից հետո 26 տարի շարունակ իրադարձությունները զարգացան այնպես, որ ի վերջո հասանք այս վիճակին։ Պետք է հանձնաժողով ստեղծել և պարզել, թե ովքեր և ինչ նպատակներով էին վիժեցնում արժանապատիվ խաղաղության ցանկացած հնարավորություն, պետք է հատ-հատ բարձրացնել քաղաքական բոլոր ուժերի այն հայտարարությունները, որոնցով ցանկացած փոխզիջում համարվում էր դավաճանություն, կոչ էր արվում խաղաղության մասին խոսել միայն ամենաքիչը Կուր գետին հասնելուց հետո, և պետք է հաշիվ պահանջել այդ հայտարարությունների համար, որովհետև այդ հայտարարությունների արդյունքում էր նաև, որ հասարակությունը կտրվել էր իրականությունից ու որևէ ողջամիտ խոսք չէր ընկալում։ Պետք է պարզել նաև, թե ովքեր էին ավելի քան երկու տասնամյակ իրականացնում այդ քարոզչությունը, ում պատվերով և ինչ նպատակներով, ինչ մեթոդներ էին կիրառվում մարդկանց ուղեղները լվանալու համար, և այլն։ Ի դեպ, պարզել՝ չի նշանակում բռնել-պատժել բոլորին։ Պարզապես պետք է բոլոր այդ մարդկանց հրապարակավ ստիպել ընդունել իրենց սխալները, ընդունել, որ իրենցից յուրաքանչյուրը մեղքի իր բաժինն ունի այսօրվա համար, ու այդ դեպքում գուցե հնարավոր լինի հաջորդ անգամ խուսափել նույն փոցխից։ Ընդ որում՝ երևի հենց Նիկոլ Փաշինյանից էլ պետք է սկսել։ Մարդը ասում է «եթե տարածքները տայի՝ ինձ կասեին դավաճան, ու չէի կարող իշխանությունը պահել», բայց փաստն այն է, որ նա տարածքները տվել է, իրեն ասում են դավաճան, ու ինքը լավ էլ իշխանությունը պահում է, այսինքն՝ իրականում լավ էլ կարող էր պատերազմը կանգնեցնել կամ կանխել, բայց իր աթոռը ռիսկի չի ենթարկել, Հայրենիքն է ռիսկի ենթարկել։

Իսկ մենք մեր պետության 22-ամյա ձախորդ ընթացքը թողած՝ 44-օրյա պատերազմի դետալներն ենք քննում։ Կարծես թե մինչ այդ չէինք սխալվել, ճիշտ ուղով էինք ընթանում, և ամեն ինչ լավ կլիներ, պարզապես ինչ-որ մայոր պահեստի բանալիները վերցրել-գնացել էր տուն, մի ուրիշը կրակելու հրամանն ուշացրեց, էն մեկը մի քիչ ծուռ կրակեց, ու պատահաբար պարտվեցինք։

Մարկ Նշանյան

Չորրորդ Իշխանություն

Նախորդ հոդվածըՀադրութի շրջանում հայտնաբերվել է ևս 1 աճյուն
Հաջորդ հոդվածըՊատվաստված և կորոնավիրուսից ապաքինված ֆուտբոլիստները թեստ չեն հանձնի