Վախճանվել է անվանի հայագետ Արմեն Տեր-Ստեփանյանը

6118

Խոր վշտով հայտնում ենք, որ մայիսի 5-ին վախճանվեց Մատենադարանի 15-19-րդ դարերի հայ մատենագրության բաժնի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու Արմեն Տեր-Ստեփանյանը։

Արմեն Տեր-Ստեփանյանը ծնվել է 1946 թ. Երևան քաղաքում: 1969 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը: 1969-1980 թթ. աշխատել է Երևանի պետական համալսարանի հայագիտական հետազոտությունների լաբորատորիայում: 1985 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1981 թ. աշխատել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի «Միջնադարյան սկզբնաղբյուրների ուսումնասիրման» (2019 թ.՝ «15-19-րդ դարերի հայ մատենագրության» բաժնում: 1985-1992 թթ. վարել է Մատենադարանի գիտքարտուղարի պաշտոնը:

Արմեն Տեր-Ստեփանյանի գիտական հետաքրքրության ոլորտում էին հայերեն ձեռագրական ժառանգության պատկառելի մասը կազմող աստվածաբանական երկերը և ձեռագրերի հիշատակարանները: Այս բնագավառում նրա կատարած աշխատանքներն ամփոփվել են հետևյալ հրատարակություններում. Manuscrits arméniens de la Bibliothèque Nationale de France, Raymond H. Kévorkian, Armen Ter-Stépanian, avec le concours de Bernard Outtier et de Guèvorg Ter-Vardanian, Paris, 1998: Եզնիկ եպս. Պետրոսյան, Արմեն Տեր Ստեփանյան, Ս. Գրքի հայերեն մեկնությունների մատենագիտություն, 2002: Յովհաննէս Մուշի որդի, Մեկնութիւն Եսայեայց, աշխատասիրությամբ Ա. Տեր-Ստեփանյանի, Ա. Մխիթարյանի, Ս. Էջմիածին, 2009: Շահխաթունեանց Յ., Ստորագրութիւն կաթուղիկէ Էջմիածնի եւ հինգ գաւառացն Արարատայ, աշխատասիրությամբ Արմեն Տեր-Ստեփանյանի, Ս. Էջմիածին, 2014: Հեղինակ է բազմաթիվ հայագիտական հոդվածների:

Վերջին տարիների նրա գիտական աշխատանքներն ամբողջությամբ նվիրված էին 16-րդ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարանների երկհատորյակի կազմմանը, որը գրեթե ավարտված է: Մատենադարանը ձեռնամուխ կլինի այս հատորների հրատարակմանը՝ իբրև հարգանքի տուրք անվանի հայագետի հիշատակին:

Մատենադարանի տնօրինությունը, աշխատակազմն իրենց վշտակցությունն են հայտնում Արմեն Տեր-Ստեփանյանի հարազատներին վաստակաշատ գիտնականի մահվան կապակցությամբ:

Հոգեհանգիստը տեղի կունենա մայիսի 8-ին՝ Լյուար սգո սրահում (երկրորդ սրահ) ժամը 17:30։ Հուղարկավորությունը՝ մայիսի 9-ին, նույն սրահից, ժամը 14։00։

Հայ Ազգային Կոնգրեսն իր կողմից վշտակցում է Արմեն Տեր-Ստեփանյանի հարազատներին, բարեկամներին և գործընկերներին՝ նպատակահարմար համարելով ավելացնել նաև այն փաստը, որ նա ակտիվ մասնակցություն է ունեցել նաև ղարաբաղյան և 2008 թվականին սկզբնավորված համաժողովրդական շարժմանը:  

Նախորդ հոդվածըԱրտակ Հարությունյան․ Տեր-Պետրոսյանը խոսել է բաց ու թափանցիկ
Հաջորդ հոդվածըԼևոն Տեր-Պետրոսյան. Այսքանը, որ ասել եմ, մի բան էլ ավելացնեմ