‘Վախճանվել է Թորգոմ պատրիարքը ‘

1081

Հոկտեմբերի 12-ին Երուսաղեմում երկարատև հիվանդությունից հետո կյանքի 93-րդ տարում ի Տեր ննջեց Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը:

Lragir.am-ի փոխանցմամբ, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Գերագույն հոգևոր խորհուրդը և Հայ Եկեղեցու ողջ եկեղեցական դասը սգում են բազմավաստակ Պատրիարք Սրբազան Հոր մահը` աղոթելով, որ Տերը Սուրբ Հոգու մխիթարությունը պարգևի հավատավոր մեր ժողովրդին և Իր խնամքի և օրհնության ներքո պահի Երուսաղեմի Հայոց Պատրիարքական Աթոռը և նրա զինվորյալ միաբանությունը:

Ամենապատիվ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը ծնվել է 1919 թ. փետրվարի 16-ին, Բաղդադի հյուսիսում (Իրաք)` Բագուբա քաղաքի մոտ գտնվող փախստականների ճամբարում: Բաղդադի Սրբոց Թարգմանչաց հայկական դպրոցում նախակրթական ուսումն ավարտելուց հետո ընդունվել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի Սրբոց Հակոբյանց ժառանգավորաց վարժարան:

1936 թ. օգոստոսի 2-ին սարկավագ է ձեռնադրվել ձեռամբ երջանկահիշատակ Պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Գուշակյանի:

1939 թ. հուլիսի 23-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա` ստանալով Թորգոմ անունը:

1939-46 թթ. Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանում տարբեր պաշտոններ է վարել. աշխատել է Պատրիարքարանի «Սիոն» ամսագրի խմբագրությունում, ինչպես նաև եղել է ճեմարանի փոխտեսուչ:

1946 թ. հուլիսին մեկնել է ԱՄՆ և նշանակվել Հյուսիսային Ֆիլադելֆիայի (Փենսիլվանիա) Ս. Երրորդություն հայկական եկեղեցու հոգևոր հովիվ: 1951 թ. Ամերիկայի Արևելյան թեմի առաջնորդի կողմից նշանակվել է թեմի առաջնորդական փոխանորդ:

1954 թ. Հյուսիսային Ֆիլադելֆիայում մեկ տարով վերսկսելով ծառայությունը` Հայր Թորգոմը վերադարձել է Երուսաղեմ և նշանակվել ճեմարանի տեսուչ: Նա նաև վարել է Պատրիարքարանի դիվանապետի պարտականությունները:

1960 թ. վերադառնալով ԱՄՆ` ուսումը շարունակելու նպատակով ընդունվել է Քեմբրիջի Եպիսկոպոսական Աստվածաբանական Դպրոց (Մասաչուսեթս):

1962 թ. ընտրվել է Հայ Եկեղեցու Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ:

Նույն թվականի հոկտեմբերի 14-ին, ձեռամբ երջանկահիշատակ Ամենայն Հայոց Վազգեն Ա Կաթողիկոսի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ձեռնադրվել է եպիսկոպոս:

1966 թ. ապրիլին, Արևմտյան թեմի առաջնորդի պաշտոնում 4 տարի ծառայելուց հետո Թորգոմ Եպիսկոպոսը ընտրվել է Հայ Եկեղեցու Ամերիկայի Արևելյան թեմի առաջնորդ:

Երկու տարի անց երջանկահիշատակ Վազգեն Ա Կաթողիկոսի կողմից նրան շնորհվել է Արքության պատիվ:

Արևելյան թեմի առաջնորդի պաշտոնում 24 տարի ծառայելուց հետո Թորգոմ Արքեպիսկոպոսը 1990 թ. մարտի 22-ին ընտրվել է Երուսաղեմի 96-րդ Պատրիարք:

1994 թ. օգոստոսի 19-ին Վազգեն Ա Կաթողիկոսի մահից հետո Ամենապատիվ Սրբազան Հայրը նշանակվել է Կաթողիկոսական Տեղապահ:

Թորգոմ Արքեպիսկոպոս Մանուկյանը ստացել է մի շարք ակադեմիական պարգևներ, արժանացել է Նյու Յորքի Ընդհանուր Աստվածաբանական Ճեմարանի պատվավոր դոկտորի կոչման:

1986 թ. ստացել է նաև Ամերիկայի երկու գլխավոր պարգևները. «Ազատության Արձան» և «Էլիզ Այլընդ» պատվո շքանշանները:

Թորգոմ Պատրիարքը մեծ ավանդ է ունեցել միջազգային էկումենիկ հարաբերությունների զարգացման գործում: Նա ծառայել է ԱՄՆ-ում Քրիստոսի Եկեղեցիների Ազգային Ժողովի հանձնաժողովում, նախագահել է «Կրոնն ամերիկյան կյանքում» խորհուրդը: Եղել է նաև «Խղճմտանքի կոչ» հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ:

Թորգոմ Պատրիարքը հեղինակ է 20 մենագրությունների, որոնց թվում` բանաստեղծական երեք ժողովածուներ, հայկական Ս. Պատարագի ուսումնասիրություն, հայոց Մեծ Եղեռնին նվիրված գրքեր և Երուսաղեմի սուրբ վայրերի մանրամասն ուղեցույց: Պատրիարք Հայրը ճանաչված կոմիտասագետ էր:

Հոկտեմբերի 14-ին` Ս. Պատարագի ավարտին, Մայր Տաճարում կկատարվի հոգեհանգստյան արարողություն` Հայ Եկեղեցու վաստակյալ սպասավորի հոգու խաղաղության համար:

Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:

Նախորդ հոդվածը‘Այսօր Նիկիտա Սիմոնյանի 86-ամյակն է’
Հաջորդ հոդվածը‘Ֆուտբոլի կապակցությամբ կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը մի շարք փողոցներում’