‘Վախճանվել է Տեր-Հուսիկ քահանա Լազարյանը’

2501

Ս/թ փետրվարի 19-ին 60 տարեկան հասակում կյանքից հեռացավ հայտնի քաղաքական գործիչ Տեր-Հուսիկ (Գարուշ) քահանա Լազարյանը։

Տեր-Հուսիկ Լազարյանը ծնվել է 1955թ.-ի փետրվարի 23-ին, Երևանում: Ավարտել է Երեւանի՝ Հովհաննես Պողոսյանի անվան թիվ 82 միջնակարգ դպրոցը, 1974 – 1979թ.թ.-ին սովորել եւ ավարտել է Երևանի Պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1979-1982թթ. սովորել է Էջմիածնի Հոգևոր ճեմարանում, ստացել սարկավագի, իսկ 1984-ին` քահանայի հոգևոր աստիճան: 1981-1987թթ. աշխատել է Էջմիածնի հոգևոր ճեմարանում` որպես ուսումնական գծով պատասխանատու: Ճեմարանում դասավանդել է մինչև 1988թ.: 1987թ.-ին նշանակվել է Աշտարակի ս.Մարինե եկեղեցու քահանա:

Տեր-Հուսիկ Լազարյանը առաջին իսկ օրերից ակտիվորեն մասնակցել է Ղարաբաղյան շարժմանը։ 1990 թվականին ընտրվել է Հայաստանի Հանրապետութան Գերագույն Խորհրդի, իսկ 1995թվականին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ծավալել ակտիվ քաղաքական, օրենսդրական գործունեություն։ 1991-1992 թվականներին գործուն մասնակցություն է ունեցել գյուղատնտեսության ասպարեզում առաջին լուրջ բարեփոխման՝ հողի սեփականաշնորհման կազմակերպական աշխատանքներին՝ ղեկավարելով այդ նպատակով կառավարության ստեղծած չորս հանձնաժողովներից մեկը։ 1992-1997 թվականներին անընդմեջ եղել է Հայոց համազգային շարժում կուսակցության վարչության նախագահ։ 1995-1997 թվականներին ղեկավարել է ՀՀ Ազգային ժողովի «Հանրապետություն» խմբակցությունը։ Նույն թվականներին զբաղեցրել է նաեւ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ 1994 թ. ընտրվել է Ուղղափառ երկրների պառլամենտական քարտուղարության անդամ: 1998 թվականի փետրվարի 3-ին ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո, նույն քաղաքական թիմի այլ անդամների հետ, հրաժարական է տվել ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։

Տեր-Հուսիկ Լազարյանը 1999 թվականին ստեղծված «Արմատ» ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության հիմնադիր անդամ է։ Որպես ընդդիմադիր գործիչ մասնակցել է գործող վարչախմբի դեմ 2007 թվականից ի վեր ծավալված համաժողովրդական պայքարին։

Տեր-Հուսիկ Լազարյանի հոգեհանգիստը տեղի կունենա Երեւանի ս. Հովհաննես եկեղեցում՝ փետրվարի 20-ին, ժամը 17.30-ին, հուղարկավորությունը փետրվարի 21-ին, ժամը 13-ին` նույն վայրից` Քանաքեռի գերեզմանատանը։

Նախորդ հոդվածը‘ Ֆիգուն առաջարկում է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը’
Հաջորդ հոդվածը‘Բռնվել է թմրամիջոցի ապօրինի իրացման փորձ կատարող քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը’