‘Վահագն Խաչատրյան. Երեւանի ավագանու ընտրություններին կեղծիքներ կլինեն (Տեսանյութ)’

1378

«Այս անգամ նույնպես կլինեն ընտրակեղծիքներ, ո՞նց կարող է գոյություն ունենալ իշխանական այս համակարգը, իսկ ընտրությունները չկեղծվեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Երևանի ավագանու ընտրություններին Հայ ազգային կոնգրեսի ցուցակը գլխավորող Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ այժմ, սակայն, հնարավորություններ կան, որպեսզի ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն և «Ժառանգությունը» միասին աշխատեն և հասնեն արդյունքի՝ թույլ չտալով իշխանությանը վերարտադրվել Երևանում:

Պատասխանելով այն հարցին, թե որքանով է մրցունակ կամ հաղթող ՀԱԿ ցուցակը՝ հաշվի առնելով, որ  նրանում մեծ մասամբ երիտասարդներ են ընդգրկված,  Վահագն Խաչատրյանն ընտրացուցակը միանշանակ հաղթող բնորոշեց՝ «Այսօր երիտասարդն է հաղթում»:

«Նպատակը սա էր. հանրությանը ներկայացնել մարդկանց, ովքեր պատրաստ են ոչ միայն Երևանում, այլև հանրապետության մակարդակով իրենց ձեռքը վերցնել կառավարումը»,- մանրամասնեց Վահագն Խաչատրյանը՝ նկատելով, որ այդ ցուցակը ընտրվել է խիստ չափանիշներով: Ըստ նրա՝ ցուցակում ընդգրկվել են մարդիկ, ովքեր ցուցաբերել են քաղաքական ակտիվություն և վերջին 5 տարում եղել են Կոնգրեսի կողքին:

Վահագն Խաչատրյանը ներկայացրեց Կոնգրեսի ցուցակը՝ «վատ և լավ կողմերով». «Լավն այն է, որ շրջապատված ես երիտասարդներով, իսկ վատն այն է, որ ընդգծվում է  տարիքդ, ու հասկանում ես, որ  արդեն երիտասարդ չես»:

 

 

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը առաջիկա նիստին անհատույց տարածք կտրամադրի «Սեքյուրիթի Դրիմ»-ին, որն առանց այդ էլ մեծ շահույթներ ունի ‘
Հաջորդ հոդվածը‘ՀՅԴ ներկայացուցիչը՝ Ս. Սարգսյանի երդմնակալությանը մասնակցելու մասին. «Օրը կգա, բարին՝ հետը»’