‘Վահագն Խաչատրյան. Զինվորները Կառավարության տնտեսական հաջողությունների մասին թվերի կարիքն ունեն’

1090

ԼՂՀ անկախության 22-ամյակի առթիվ սեպտեմբերի 2-ին ԼՂՀ ՊԲ զորամասեր կատարած այցի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ «վերջին երեք տարիների ընթացքում այնքան սպառազինություն ենք ձեռք բերել, որքան վերջին 20 տարիների ընթացքում»:

Հայ ազգային կոնգրեսի տնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Վահագն Խաչատրյանը պատասխանելով iLur.am-ի հարցին, թե որքանո՞վ են վարչապետի ներկայացրած տվյալները համապատասխանում իրականությանը, գերադասեց չմեկնաբանել այդ խոսքերի հավաստիությունը՝ հաշվի առնելով «այն միջավայրը, որում նա այդ հայտարարությունն արել է»:

«Չարժե դրա մասին մեկնաբանություններ տալ, բացի նրանից, որ ՀՀ վարչապետից քաղաքացիների, այդ թվում՝ զինծառայողների ակնկալիքն այլ է: Միգուցե ավելիւ ճիշտ կլիներ, որ նա խոսեր այն ձեռբերումների եւ հաջողությունների մասին, որ ունեցել է Հայաստանը իր վարչապետության տարիներին: Արդյո՞ք այս տարիներին Հայաստանի քաղաքացիների կենսամակարդակը բարձրացել է, ավելի հարստացե՞լ են, տնտեսության մեջ ներդրումներն ավելացե՞լ են, արդյո՞ք մենք ապահով Հայաստանում ենք ապրում, ինչպես նրանք հռչակել են: Կարծում եմ, որ կառավարության ղեկավարը, ճիշտ կլիներ, որ դրա մասին խոսեր: Բայց նա սովորաբար խուսափում է դրա մասին խոսել, որովհետեւ Հայաստանի իր տեսլականը, իր պատկերացումները, որոնք նա հռչակել է իր կառավարման առաջին տարիներին, հեռու են իրականություն դառնալուց: Հայաստանի քաղաքացին այս տարիներին ավելի աղքատացել է, ապահովությունը՝ նվազել, Հայաստանի քաղաքացիները պարզապես լքում են երկիրը՝ որեւէ ակնկալիք չունենալով: Հայաստանի տնտեսությունն այս տարիներին այդպես էլ գրավիչ չեղավ՝ ընդամենը մի քանի օր առաջ հրապարակված տվյալներով օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել են ավելի քան 35 տոկոսով», — նշեց Վահագն Խաչատրյանը:

Ըստ տնտեսագետի, իրականությունը խեղաթյուրելու՝ գործող իշխանությունների մեթոդները հանրահայտ են: Սակայն Տիգրան Սարգսյանը, նրա խոսքով, համեմատություններ անելիս մոռանում է, որ կան մարդիկ, որոնք եւ հիշողություն ունեն, եւ՝ ձեռքի տակ փաստեր: «Ուղղակի պետք է սպասել սեպտեմբերի 21-ին, այդ օրը հավանաբար հայտարարություններ կարվեն արդեն Երեւանում եւ ավելի հեշտ կլինի համեմատություններ անել», — նշեց Խաչատրյանը:

Ավելին, նրա խոսքով, Տիգրան Սարգսյանն այն մարդն է, որ ՀՀ քաղաքացիների առաջ դեռ պետք է պատասխան տա օֆշորային սկանդալի համար: «Մանավանդ, որ հենց այսօր հայտնի է դարձել, որ վերջնականապես փորձում են ունեզրկել գործարար Փայլակ Հայրապետյանին, մարդ, որը աշխատատեղեր էր ստեղծում, գործ էր անում: Թող պատասխան տան եւ դրանից հետո ակնկալեն, որ հասարակությունն իրենց ասածը կընկալի որպես իրականություն, ոչ թե որպես իրենց պատկերացումների արտահայտություն», — ամփոփեց մեր զրուցակիցը:

Նախորդ հոդվածը‘Արտակ Նազարյանի գործով երկու դիմում է ներկայացվել Վճռաբեկ դատարան’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջան. Իբրահիմբեկովը բողոքարկել է ԿԸՀ-ի մերժումը’