‘Վահագն Խաչատրյան. Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման պատճառները քաղաքական են ‘

1704

iLur.am-ի զրուցակիցն է Երևանի նախկին քաղաքապետ, տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի տնտեսական հանձնաժողովի նախագահ Վահագն Խաչատրյանը

Պարո՛ն Խաչատրյան, ինչո՞վ է պայմանավորված էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը:

Դեռ անցած տարվա դեկտեմբեր ամսից խոսակցություններ կային Հայաստանի էլեկտրացանցներ ընկերության վիճակի վատթարացման մասին, նույնիսկ խոսվում էր, որ դեռեւս այդ ժամանակ է սկսվել թանկացման գործընթացը: Ավելին՝ պատրաստվում էին վաճառել էլեկտրացանցը՝ ռուսական երկու ընկերություններին՝ կա՛մ «Ռոսնեֆտ»-ին, կա՛մ «Հայռուսգազարդ»-ին: Բոլորն էլ հիշում են, որ «Ռոսնեֆտը» անցած տարվա վերջին ակտիվ այցելություններ էր կատարում Հայաստան, ինչի հիմնական նպատակներից մեկը գործարանների, իսկ երկրորդը՝ էլեկտրացանցերի գնումն էր:  Բայց կարծես թե այդ ցանկությունները այս տարի մարել են, ինչը, կարծում եմ, պայմանավորված է նաեւ Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններով, երբ «Ռոսնեֆտի» նկատմամբ պատիժներ էին կիրառում: Համենայնդեպս, այն ցանկությունները, որոնք կային «Նաիրիտ» գործարանը գնելու հետ կապված, այլեւս ակտիվ չեն, իսկ ինչ վերաբերում է էլեկտրացանցի գնման հետ կապված խոսակցություններին, դրանք մարեցին, սակայն հոսանքի գնի բարձրացման մասին հարցը մնաց օդում: Այդ մասին պաշտոնապես հայտարարություն է տարածվել երկու շաբաթ առաջ, որի հետ մեկտեղ՝ ներկայացվել են նաեւ որոշ հիմնավորումներ: Պատճառները հիմնականում կապված են իրավիճակի փոփոխության հետ. չգիտես ինչու՝ ատոմակայանի երկար կանգառն է հաշվի առնվել, որի արդյունքում ատոմակայանը հոսանք չի տվել, պատճառ է հանդիսացել նաեւ «Որոտանի» եւ «Սեւանի» հիդրոկասկադների հզորությունների պակաս օգտագործումը եւ այլն:  Այսպիսով՝ ինչ-ինչ պատճառների հետեւանքով առաջարկվել է սակագինը բարձրացնել 3.8 դրամով:

Մենք՝ «Հայ ազգային կոնգրեսը», ինչպես նաեւ այդ ոլորտի մասնագետները, ուսումնասիրելով գնի բարձրացման պատճառաբանությունները, եկել ենք այն եզրակացության, որ որեւէ հիմք չկա հոսանքը թանկացնելու համար:

1. Սակագնի հաշվարկման մեթոդիկան այնպես է արված, որ այդ սակագնի մեջ բոլոր տնտեսվարող սուբյեկտները, ովքեր մասնակացում են հոսանքի մատակարարման եւ մինչեւ վերջ սպառողին հասցնելու գործընթացին, բավարարում են աշխատանքը իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր պահանջներին: Այսինքն՝ աշխատավարձ, մաշվածություն, կապիտալ ծախսեր, շահութաբերություն՝ բոլորը կան: Սակագինն ի սկզբանե այնպես չեն  հաշվել, որ աշխատեն վնասով: Մենք բոլորս վճարում ենք տնտեսավարող սուբյեկտներին այնպիսի մի գին, որով այդ հոսանքը մատակարարող եւ մինչեւ մեզ հասցնող կազմակերպությունները բոլորը պետք է աշխատեն շահույթով, իսկ թե ինչո՞ւ չեն շահույթով աշխատում, դա հարցի երկրորդ կողմն է: Երբ  ծանոթանում ենք ՀԷՑ-ի 2012թ. ֆինանսական հաշվետվությանը, տեսնում ենք, որ նա, շահույթ ստանալու փոխարեն, կրել է ֆինանսական վնասներ, եւ նույնիսկ՝ այն աստիճան, որ իրենց ֆինանսատնտեսական գործունեության մասին աուդիտ իրականացնող կազմակերպությունը իրենց տնտեսական գործունեությունը գնահատելուց հատուկ նշել է, որ ընկերությունը աշխատել է վնասով, չի կատարել իր վարկային պարտավորությունները, իր ակտիվներն ավելի պակաս են, քան պարտավորությունները, եւ որ հետագա տնտեսական գործունեությունը խիստ վտանգված է:

Դա հիմա կապված չէ քաղաքացիների եւ տնտեսավարող սուբյեկտների չվճարումների հետ, այլ, ընդհակառակը՝ մենք շատ նորմալ մեր պարտավորությունները կատարել ենք, եւ կարծես թե այդ կազմակերպությունը պետք է ունենար նախատեսված 11-13 մլրդ դրամի շահույթ, բայց ունենում է 10 մլրդի վնաս: Համապատասխան պետական մարմիններից չեն ցանկանում անդրադառնալ այս խնդրին, թե ինչո՞վ է այն իրականում պայմանավորված, եւ ո՞րն է բացատրությունը: Միգուցե մենք լավ չե՞նք վճարել կամ գողացե՞լ ենք, հայտնի չէ: Իսկ ինչ վերաբերում է մեր հարաբերություններին հոսանք մատակարարող կազմակերպությունների հետ, դրանք հիմնված են ընդհանրապես շուկայական հարաբերությունների սկզբունքի վրա, այսինքն՝ եթե ես չեմ վճարում, ինձ հոսանք չեն տալիս, դուք փորձեք չվճարել, եւ ձեր հոսանքը կանջատեն:

2. Ի սկզբանե ինձ ասում են մի գին, որի պայմաններում ես համաձայնում եմ այդ գործարքին գնալ, եւ այդ գնի մեջ իրենց համար նախատեսված է շահույթ: Հիմա մեջտեղում կա մի կազմակերպություն, որը պետական ներկայացուցիչ է՝ հանձինս հանրային ծառայությունների: Նա կոչված է, որպեսզի շուկայական այս պայմաններում, հաշվի առնելով հոսանք արտադրող եւ մատակարարող կազմակերպությունների մենաշնորհային վիճակը, կարգավորի մեր հարաբերությունները: Եւ անցյալ տարվա հուլիսի 7-ին, որպեսզի այդ հարաբերությունների մեջ էլի հստակություն մտցվի, եւ որպեսզի ապահովվի այդ կազմակերպությունների աշխատանքը, ինքը միանգամից ցերեկային սակագինը բարձրացրեց 28%-ով, իսկ գիշերայինը՝ 40%-ով: Մենք դրան էլ համաձայնեցինք՝ ասելով, դե որ անում եք՝ սկսեք աշխատել, բայց ստացվում է, որ դա էլ բավարար չէ: Հիմա, կարող է պատահի՝ վաղը գան ասեն՝ գիտեք ինչ կա, մի ամիս հետո էլի դեպք է պատահել:Ո՞ր դեպքերը կարող են ինձ համար հիմք հանդիսանալ, որ ես ասեմ՝ օբյեկտիվ է, եւ իսկապես դուք ճիշտ եք արել: Դա կարող է լինել աղետը՝ կարծես թե չի եղել, ինչ-որ արտակարգ, պատերազմական վիճակ՝ ոնց որ թե պայմանները խաղաղ են, նորմալ տնտեսական գործունեություն է:  Այն մնացածը, ինչ կա, ինձ չի հետաքրքրում, եթե նույնիսկ ինչ-որ ատոմակայանի երկար կանգնելու պատճառով է հոսանքը քիչ մատակարարվել, եթե Որոտանի եւ Սեւանի Կասկադի հզորությունները չեն աշխատել սակավաջրության պատճառով՝ դա հաշվեք կա՛մ սակագնի մեջ, կա՛մ թողեք՝ թող ընկերությունները իրենց ռիսկերի մեջ հաշվեն: Ռիսկեր ասելով՝ նկատի ունեմ, որ կա որոշակի քանակության շահույթ, եւ եթե այդ շահույթից որոշակի մաս իրենք պետք է նախատեսեին նմանատիպ դեպքերի համար: Ի վերջո, շահույթը ստանում են ոչ թե նրա համար, որ ամբողջը մսխեն, այլ ստանում են եւ՛ զարգացման նպատակներով, եւ՛ իրենց սոցիալական խնդիրները լուծելու, ինչպես նաեւ մի որոշ գումար այն կողմ թողնելու համար:

3. Եթե ստեղծվել է նմանատիպ իրավիճակ, ապա ինչո՞ւ է բեռն ընկնում քաղաքացիների եւ տնտեսավարողների վրա, բա ու՞ր է պետությունը: Ինքը՝ պետությունը, թող հանդես գա որպես կողմ, որ այդ վեճի ժամանակ խառնվի, ասի՝ չէ՛: Բայց ի՞նչ է ստացվում, այս աղքատ բնակչության, այս աղքատ երկրի սպառողների վրա նա նորից 10% բե՞ռ է դնում, ո՞րն է պրոբլեմը, եկեք մտածենք, միգուցե բյուջետային վարկեր տրվեն: Այս դեպքում խոսքը այն գումարների մասին է, որոնց մասին մենք մի քանի օր առաջ խոսում էինք. ունենք 189 մլրդ դրամ չօգտագործված գումար, թող այդտեղից ինչ-որ տոկոսով գումար տրամադրեր այդ կազմակերպություններին՝ ժամանակավոր ծանր իրավիճակից դուրս  գալու համար: Ինչո՞ւ է այդ ամեն ինչը բարդվում սպառողի վրա. ամենապարտաճանաչն են՝ դրա՞ համար, թե՞ ամենախեղճն են: Այսինքն՝ շուկայական տնտեսություն գոյություն չունի, կա զոռբայություն՝ մի կոմից՝ արտադրողներ, մատակարորողներ, մյուս կողմից՝ պետություն, մյուս կողմից՝ ժողովուրդ, որը չգիտի, թե ինչ անի՝ կռվի իր պետությա՞ն, թե՞ հոսանք արտադրողների դեմ: Սրանք անընդունելի հարաբերություններ են, որոնք մտնում են գործող իշխանության տրամաբանության մեջ: Հայաստանում չեն աշխատում նորմալ տնտեսական հարաբերությունները, եւ հետո էլ բողոքում են, թե ինչո՞ւ ներդրող չկա, ինչո՞ւ տնտեսության մեջ աճ չկա: Ի վերջո, մինչեւ անցյալ տարի Հայաստանի տնտեսության հարաբերական առավելություններից մեկը այն է եղել, որ մեզ մոտ ենթակառուցվածքների գինը բավականին մատչելի էր՝ համեմատած միջազգային միջին գնի: Իսկ այս պայմաններում մենք կորցնում ենք այդ առավելությունը եւ հակասության մեջ ենք մտնում կառավարության հիմնական քաղաքատնտեսական գծի հետ: Մենք մրցակցային տնտեսություն կունենանք միայն այն ժամանակ, երբ  իմ նշած հանգամանքները ավելի մրցակցային կլինեն կամ էժան, հիմա մենք կորցնում ենք այդ առավելությունները: Այս դեպքում՝ ինչո՞վ ես փորձում մրցակացային արտադրանք ունենալ Եվրասիական միության շուկայում, կամ Եվրամիության կամ համաշխարհային տնտեսության մեջ, մենք ամեն ինչ կորցնում ենք:

Այսպիսով՝ եզրակացությունը այն է, որ գոյություն ունի մի ուրիշ խնդիր, որը իշխանությունները փորձում են լուծել եւ որի մասին մեզ չեն ասում: Նույն իրավիճակն էր ստեղծվել նաեւ գազի գնի հարցում: Հիշում եք, մենք երկու տարի շարունակ բարձրաձայնում էինք, եւ ի վերջո պարզվեց, որ ռուսական կողմը միշտ էլ թանկ գազ է վաճառել, ինչը չի բարձրաձայնվել քաղաքական նպատակներով. խոսքը 2012-13 թվականների ընտրությունների ժամանակահատվածի մասին է: Պատճառն այն էր, որ այս հարցի բարձրաձայնումը կվարկաբեկեր իշխանություններին եւ կառաջացներ լուրջ դժգոհություններ: Այդ մասին մենք իմացանք միայն երկու տարի հետո:

Կա խնդիր, որ նշված էներգետիկական կազմակերպությունները արդյունավետ կառավարում չեն իրականացնում. նրանք արել են նախատեսվածից ավելի ծախսեր: Մեծ ծախսերը պայմանավորված են ոչ թե իրենց տնտեսական գործունեությամբ, այլ նաեւ քաղաքական պատվերներ կատարելու: Նկատի ունեմ, որ ընտրությունների ժամանակ ամենամեծ ակտիվությունն են ունենում եւ՛ գազի, եւ՛ էներգետիկ համակարգում ընդգրկված աշխատողները, ում պետք է վճարվեն գումարներ:

Քաղաքական նպատակ հետապնդելու երկրորդ կողմը կապված է կոնկրետ «Նաիրիտ» գործարանի աշխատավարձի վճարման հետ: Ոչ ոք չի հարցնում՝ այդ մեկ միլիոն ամսական աշխատավարձը ո՞վ է վճարում: Նախկին էներգետիկայի նախարարը ամեն անգամ ասում էր, որ այդ մի ամիսն էլ կվճարի: Որտեղի՞ց են այդ գումարները տրվում՝ բյուջեից  չի տրվում, ապա պետք է տրվեն պետական ենթակայության ձեռնարկությունների հաշվին: Էներգետիկ համակարգում կա երեք պետական ձեռնարկություն, որոնցից մեկը իր սակագնի մեջ շահույթ չի նախատեսում, խոսքը վերաբերում է նոր կառուցված Երեւանի ջէկ-ին, որից հետո մնում է երկու կազմակերպություն՝ Որոտանի հէկ եւ ատոմակայան: Կարող եմ ենթադրել, որ նրանց շահույթից էլ հենց հետ են վերցվել էներգետիկայի նախարարության կողմից տրված գումարները, որոնցով էլ վճարվել են աշխատավարձները: Այն դեպքում, երբ այս երկու կազմակերպությունների շահույթները կարող էին օգտագործվել իրենց արդիականացման, ավելի էժան հոսանք տալու, կապիտալ ներդրումներ կատարելու կամ վնասների փոխհատուցման համար:

Իմ եզրակացությունն այն է, որ կա ոչ արդյունավետ կառավարում, որի դրդապատճառը քաղաքական է: Նշեմ նաեւ, որ նախնական դիտարկումները ցույց են տալիս, որ ամեն մի ընտրություններից հետո էլեկտրացանցի ֆինանսական վիճակը վատանում է: Ես հիմա սպասում եմ այդ կազմակերպության 2013 թ. ֆինանսական հաշվետվությանը, որը դեռեւս չկա: Սա վկայում է այն մասին, որ իրենք շատ ակտիվ ուղղակի կամ անուղղակի ձեւով մասնակցություն են ունենում ամբողջ կեղծարարության պրոցեսին, որը տեղի է ունենում ընտրությունների ժամանակ:

Արդիական է շուկայական այն գաղափարախոսությունը, որ անվճար պանիրը միայն եւ միայն թակարդում է լինում: Հիմա՝ այն քաղաքացիները, ովքեր  ընտրությունների ժամանակ օգտվում են իշխող կուսակցության կողմից տրվող «առատաձեռնությունից», հետագայում այդ գումարը փակում են սակագների բարձրացման արդյունքում:

Ի՞նչ կասեք ներկայիս սակագնի մասին, այն արդարացվա՞ծ է:

Ո՛չ, իրականում, երբ նայում ենք մեր քաղաքացիների գնողունակությանը եւ փորձում համեմատություններ անցկացնել հարեւան երկրների հետ՝ դեռեւս առանց սակագնի բարձրացման, տեսնում ենք, որ գտնվում ենք վերջին տեղում: Սա հուշում է այն մասին, որ մեզ մոտ իրականում ծառայությունների գները մատչելի չեն քաղաքացիների համար: Մեր հոսանքի, գազի սպառումը պակասում է այն պատճոռվ, որ մեր քաղաքացիները չեն ուզում շատ հոսանք օգտագործել կամ էլ ուղղակի հնարավորություն չունեն:

Գոյություն ունի նաեւ մեկ ուրիշ պրոցես՝ ինչքան գինը բարձրանում է՝ սպառումը պակասում է, ինչքան սպառումը պակասում է, գինը այդքան պետք է բարձրացվի: Նույն բանը կատարվում է գազի համակարգում. Ենթադրենք՝ Հայաստանի 85%-ը գազաֆիկացված է, ու՞մ է պետք, եթե սպառող չկա: Երբ, օրինակ, Ամասիայի շրջանը գազաֆիկացված է, բայց մարդը այնտեղ հնարավորություն չունի, իրեն ավելի ձեռնտու է օգտագործել փայտը կամ այլ վառելքի տեսակը, քան ամենահարմար, էկոլոգիական առումով ամենամատչելի գազը, որի օգտագործման համար չունեն համապատասխան եկամուտներ:  

Սա շատ բնորոշ է խորհրդային տնտեսությանը, որտեղ միշտ պետություն է եղել, որը փորձել է այդ հարաբերություններին միջամտել եւ քաղաքացիներին այդ հնարավորությունը տալ: Ի վերջո, Խորհրդային Միությունը քանդել է տնտեսությունը նաեւ այդ պատճառով, որովհետեւ իրականում չկարողացավ հասկանալ՝ սպառողի պահանջը որն է, քանի որ նա գործում էր արտադրողի շահերից ելնելով: Նա հանդիսանում էր միջնորդ, երբ արտադրողը սպառողին չէր բավարարում, վճարում էր սպառողի փոխարեն, եւ, ի վերջո՝ ինքը չկարողացավ վճարել, եւ տնտեսությունը քանդվեց: Հիմա մեզ մոտ նույն իրավիճակն է, պետությունը չի ուզում մասնակցել, քանի որ չունի այդ հնարավորությունը, սակայն խառնվել է շուկայական այս հարաբերությունների մեջ եւ խախտել ամբողջ տրամաբանությունը: Այսինքն՝ էներգետիկ համակարգը չի աշխատում իր ամբողջ հզորությամբ: Այն արդյունավետ կարող է գործել միայն այն դեպքում, երբ հնարավորություն ունենանք այն արտահանել տարածաշրջանային երկրներ: Այժմ մենք ունենք մեծ էներգետիկ համակարգ, որի ծախսերը ուզում ենք փակել փոքր սպառման մեջ, հիմա ինչքան որ այդ սպառումը մեծանա՝ ծախսերը մեր սպառողների վրա ավելի քիչ կզգացվեն, ավելի մեծ ծախսերը ավելի մեծ սպառողների վրա տարածելով՝ ծախսերը կփոքրանան ամեն մեկի վրա: Հիմա մենք մեծ ծախսերը ուզում ենք քիչ սպառողների վրա տարածել, որի արդյունքում ստացվում է բարձր սակագին ունեցող էլեկտրաէներգիա:

Ընդհանուր առմամբ՝ եթե խնդիր դնենք, ռազմավարական պրոբլեմ կա, որը չի լուծում գործող կառավարությունը: Իրանի հետ հարաբերություններում, եթե շատ ակտիվ լինեինք, էներգետիկ մեր հզորությունները կարողանայինք վաճառել Իրանին, հնարավոր է՝ այդ հարցը լուծվեր, իսկ մենք այսօր այդ հնարավորությունը չունենք, քանի որ բարձրավոլտ լարման գիծը, որը պետք է կառուցվեր, որի մասին խոսվում է տարիներ շարունակ, չեն կառուցում: Երբ որ մենք ունենայինք այդ բարձրավոլտ լարման գիծը, մենք կարող էինք մեր արտադրած հոսանքը անընդհատ Իրանին վաճառել, իսկ անհրաժեշտության դեպքում էլ՝ Իրանից գնել: Սա էներգետիկայի գաղափարախոսությունն է, որը չի պահպանվում, ինչը նշանակում է, որ գործող իշխանությունը նման հեռանկար երբեւիցե չի ունեցել, չի ունեցել նաեւ պատկերացումներ, կամ եթե նույնիսկ ունեցել է, ապա չի կարողացել իրականացնել: Չի կարող իրականացնել, որովհետեւ իր քաղաքական մոտեցումներն են սխալ դրված, որի լավագույն օրինակը Իրան-Հայաստան գազամուղն է, որը կարող եք որպես օրինակ ներկայացնել, որովհետեւ եթե դա կայանար այնպիսին, ինչպիսին եղել էր, որ դա լիներ իսկապես Հայաստանի սեփականություն, մենք ազատ լինեինք Իրան գազ ներմուծելու, այդ գազով նաեւ ավելի շատ էներգետիկ հզորություն օգտագործելու հարցում, դրան զուգահեռ՝ նաեւ կառուցեինք Իրան-Հայաստան նոր բարձր լարման գիծը, դրան ավելացված՝ նաեւ կառուցվեր Իրան-Հայաստան հիդրոկասկադը, այդ ամեն ինչը էներգետիկ զարգացման հեռանկարի առումով իդեալական կլիներ: Ես ձեզ ասեմ, որ ոչ մի էներգետիկ հեռանկարային ծրագիր չի իրականացվել, սակայն այդ մասին գրված է եղել նախընտրական ծրագրերում: Հենց սա է պատճառը, որ մեր այսօրվա էներգետիկ համակարգը հայտնվել է այսպիսի վիճակում եւ իր ծախսերը փորձում է փոխհատուցել քաղաքացիներից եւ տնտեսավարող սուբյեկտներից:

Զրուցեց Մարիամ Մուրադյանը


Նախորդ հոդվածը‘Զուրաբյան. Հավատի դագաղի վրա խփած վերջին մեխը ձեր կողմից բերված այս օրինագիծն է. Տեսանյութ ‘
Հաջորդ հոդվածը‘Եվս մեկ արձան խորհրդային անցյալից. Երևանում կտեղադրվի Համազասպ Բաբաջանյանի արձանը’