‘Վահագն Խաչատրյան. Իշխանության քաղաքականությունն է՝ հնարավորինս աղքատ պահել ժողովրդին’

1886

Ազատության հրապարակում ընթացող «Ոչ»-ի ճակատի հանրահավաքում Հայ ազգային կոնգրեսի անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը հակիրճ ներկայացրեց Հայաստանի տնտեսության իրական վիճակը:

Նրա խոսքով, իշխանության ներկայացւոցիչներն ամեն կերպ փորձում են ներկայացնել, իբր, որ երկրի տնտեսության վատթար վիճակի միակ «մեղավորը» արտաքին անբարենպաստ իրավիճակն է:

«Եկել է այդ պահը, սա վերջն է, այլեւս ոչ մի ռեսուրս չունեն: Մեր հայրենակիցները չեն կարողանում դրսից գումար ուղարկել՝ տրանսֆերտների ծավալը կրճատվել է $500 մլն-ով՝ անցած տարվա համեմատ: Չեն կարողանում ապրանք արտադրել եւ արտահանել: Մնում է մի ճանապարհ՝ պարտք վերցնել: Այդ գործն իրենց մոտ լավ է ստացվում: 2016-ին նախատեսում են ՀՀ պետական պարտքը հասցնել 5,6 մլրդ դոլարի: 2008-ին՝ ընդհանուր պարտքը 1,8 մլրդ դոլար էր: Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին պետական պարտքն ավելացել է 3,8 անգամ, իսկ տնտեսությունը ոչ մի աճ ցույց չի տվել: Այսինքն, մենք պարտքեր վերցրել ենք միայն ծախսելու համար: Իրականում, այս ընթացքում մարդկանց սոցիալական վիճակը գնալով ավելի վատացել է, իսկ դրա կողքին՝ այն մարդիկ, ովքեր հարստություն ունեին, ավելացրել են իրանց հարստությունը: Այսինքն, այս տարիների ընթացքում, պետական պարտքի ավելացման հաշվին հարուստներն ավելի հարստացել են, իսկ աղքատներն ավելի չքավոր են դարձել», — նշեց Վահագն Խաչատրյանը:

Նրա խոսքով, այս վիճակը շարունակվելու է: Նա նշեց, որ վերջին 20 տարվա մեջ երկրորդ անգամ է 2008-09-ից հետո Կառավարությունը խոստովանում է, որ նախորդ տարվա համեմատ ավելի քիչ հարկ է հավաքելու:

Տնտեսագետը հիշեցրեց նաեւ, որ ԱԺ նախորդ նստաշրջանի ժամանակ նոր օրենք ընդունվեց ակցիզային հարկերի բարձրացման մասին: Համաձայն այդ օրենքի, 10 տոկոսով թանկանալու է ավտոմեքենաների լիցքավորման գազը: Նոր Հարկային օրենսգրքի նախագծով առողջապահական ծառայությունները հարկվելու են 20 տոկոս ԱԱՀ-ով, այսինքն, դա վճարելու են սպառողները, 20 տոկոսով կթանկանա նաեւ մեր երեխաների կրթությունը:

«Սա այսօրվա իշխանության քաղաքականությունն է՝ հնարավորինս մեզ աղքատիկ վիճակի մեջ դնել», ասաց նա: Տնտեսագետի ներկայացմամբ, եթե ՀՀ-ն ցանկանում է ունենալ 6,6 տոկոսի սահմաններում գործազրկություն, 5%  աշխատանքի արտադրողականություն եւ զրոյական միգրացիա, ապա տարեկան 3,5% տնտեսական աճի դեպքում այդ հարցը կլուծվի 2040 թվականին: Եթե ունենանք 7 տոկոս աճ,  ապա այդ ամենը կունենանք 2019-20 թթ., իսկ 10% աճի դեպքում հարցը կլուծվի ընդամենը երկու տարուց: Իսկ այժմ կառավարությունը նախատեսում է 2,2 տոկոս աճ:

«Կառավարությունն ասում է՝ ժողովուրդ, ես քո հարցերը չեմ լուծում, ոնց ուզում ես՝ գլուխ պահիր, ուզում ես՝ վեր կաց, գնա: Վերջին 5 տարիների ընթացքում 40-45 հազար մարդ մշտական բնակություն է հաստատել այլ երկրներում: Եթե մենք ցանկանում ենք այսպիսի հանրապետություն, ուրեմն եկեք դեկտեմբերի 6-ին ոչինչ չանենք: Հայաստանում ապրելու համար միակ քայլը սա է՝ դեկտեմբերիկ 6-ին «ոչ» ասել: Այս փոփոխությունը ոչ մեկին լավ բան չի խոստանում, միայն այն մարդկանց, ովքեր այսօր իշխանության մոտ են կանգնած եւ օգտվում են դրա բարիքներից: Սրանք այսօրվա Հայաստանի իրականությունն են արտացոլում», — եզրափակեց Վահագն Խաչատրյանը:  

Նախորդ հոդվածը‘Դեմիրճյան. Ոչ ասելով՝ մենք ոչ ենք ասում կեղծիքներին’
Հաջորդ հոդվածը‘Զուրաբյան. Ստեղծվել է իրավիճակ, որում մենք կարող ենք կրկնել Չիլիի փորձը’