‘Վահագն Խաչատրյան. Ծառատունկ անելով Երեւանը չես փրկի (Տեսանյութ)’

1299

«Առանձին ծառատունկ անելով Երեւանը չի կարելի փրկել: Մասսայաբար պետք է Երեւանի շրջակայքում անտառաշերտեր տնկել: Եթե մենք այսօր կարծում ենք, որ միայն գեղեցիկ շենքեր կարելի է կառուցել, վաղը մյուս օրը տեսնելու ենք, որ Երեւանում ապրել հնարավոր չէ», — այսօր Դալմայի այգիների հողօգտագործողների հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց Վահագն Խաչատրյանը:

Երեւանի քաղաքապետի կոնգրեսական թեկնածուն Լենինգրադյան-Իսակով պողոտաները կապող հանգույցի անհրաժեշտությունը չի տեսնում, առավել եւս՝ Դալմայի այգիների ոչնչացման հաշվին:  Ըստ նրա, հսկայական կանաչ տարածքի՝ «Երեւանի թոքերի» հաշվին տրանսպարտային հանգույց կառուցելու իշխանությունների մղումը մի մպատակ ունի.

«Տեսնում ենք, որ ճանապարհների կողքերը 50-ից ավելի մետրի վրա շինարարական աղբ է լցվում: Ես հասկանում եմ, որ դա նպատակ է հետապնդում՝ ճանապարհի եզրին կառուցապատում իրականացնել», — նշեց պարոն Խաչատրյանը:

Ի պատասխան iLur.am-ի թղթակցի դիտարկման, որ իշխանություններն այս ծրագրով տրանսպորտային խնդիր լուծելու նպատակ են հռչակել, Վահագն Խաչատրյանը նկատեց, որ Երեւանի տրանսպորտային խնդրի այլընտրանքը նմանատիպ ճանապարհները չեն:

«Երեւանի տրանսպորտային այլընտրանքը կարգուկանոնն է, կայանատեղերն են, մետրոն է, որը, ի միջի այլոց, այսօրվա իշխանության ծրագրերից արդեն հանված է: Իսկ եթե մետրոն չի զարգանում, մոռացեք, որ Երեւանում տրանսպորտային խնդիրը կարող է լուծվել», — ասաց նա՝ նշելով, որ թեկուզ նույն Դալմայի հանգույցը կարելի էր կառուցել, բայց՝ ոչ այգիների հաշվին:

«Ի վերջո, կարելի է սյուների վրա ճանապարհ կառուցել: Դա շատ ընդունված է: Թող 20 մետր բարձրության վրա, առավելեւս, որ տեղանքը թույլ է տալիս, տանեին այդ ճանապարհը: Ինչու՞ դա պետք է անեն Կիեւյան փողոցում, ինչն անընդունելի է, եւ չի կարելի էստեղ նման լուծում տալ, երբ որ կարելի էր ներքեւի հողերը պահել», — նշեց Պարոն Խաչատրյանը: Բացի դրանից, ըստ նրա, Լենինգրադյան փողոցով հիմնական կոյուղագիծ է անցնում, եւ հայտնի չէ, թե այս նախագծի իրականացումից հետո կոյուղագծի ճկատագիրն ինչ է լինելու:

Քաղաքապետի թեկնածուի խոսքով,  սակայն, Դալմայի այգիների ոչնչացման գործընթացը անշրջելի չէ: Ըստ նրա, գոնե կարելի է սահմանափակվել ճանապարհի կառուցմամբ, հարակից տարածքը վերածելով հանրային այգու: Այդ դեպքում, պարոն Խաչատրյանի խոսքով, կարելի է «լեզու գտնել» նաեւ տեղի հողոգտագործողների հետ, որոնք արդեն իսկ տուժել են ընթացող կառուցապատման հետեւանքով:

«Ի վերջո, նրանք էլ էին կանաչ ստեղծում: Կարող են մնալ այստեղ, մշակել իրանց հողը: Էստեղ հիմնական կառույց չի եղել: Մեր լեզվով ասած՝ քոլիկներ են եղել: Նույնիսկ կարելի էր տոււրիստական միջավայր ստեղծել, եւ զբոսաշրջիկներին էնտեղ տանել, հյուրասիրել, ազգագրական կենտրոններ հիմնել: Այսինքն, եթե ուզում ես ի շահ քաղաքացու լուծում գտնել, միշտ էլ կգտնես, բայց եթե քո խնդիրը միայն հողը վերցնել, փող աշխատելն է՝ խնդրեմ, արդյունքը սա է», — ասաց պարոն Խաչատրյանը՝ ցույց տալով շինհրապարակի վերածված երբեմնի Դալմայի այգիները:     

Նախորդ հոդվածը‘Էդվարդ Նալբանդյանը Ավանում ծառ է տնկել’
Հաջորդ հոդվածը‘Ալեքսանդր Օվեչկինը նաեւ ֆուտբոլում է դիպուկ. Տեսանյութ’