‘Վահագն Խաչատրյան. Կառավարությունն իր առջև որևէ ռազմավարական խնդիր չի դրել’

2362

iLur.am-ի զրուցակիցն է Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը


Պարոն Խաչատրյան, վերջերս Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց Հայաստանի տնտեսության վիճակի կիսամյակային տվյալները: Ի՞նչ եզրակացություններ կարելի է անել դրանցից:

Ընդհանրապես, սովորություն կա ամփոփել կիսամյակային տվյալները, հասկանալ միտումները ՝ հետագայում, հաջորդ  կիսամյակի ակնկալիքները պարզելու համար: Ցավոք սրտի, ՀՀ Վիճակագրական ծառայության մեթոդոլոգիայի փոխվելուց հետո, երբ ՀՆԱ վերաբերյալ սկսեցին տվյալներ տալ ոչ թե ամսական, այլ եռամսյակային կտրվածքով, արդեն օպերատիվ արձագանքելու հնարավորություն չի լինում: Մանավանդ, որ եռամսյակային տվյալները հրապարակվում են 90 օր հետո: Ինչո՞ւ է սա կարևոր, որովհետև մի քանի օր առաջ ամփոփվել են ԱՄՆ, Եվրոպայի տնտեսական ցուցանիշները: Եվ Ամերիկայի ցուցանիշը՝ մեկ ամսվա կտրվածքով 4,2 տոկոս աճ՝ բնականաբար, համապատասխան ազդեցություն ունեցավ համաշխարհային տնտեսության վրա՝ դոլարի կուրսը բարձրացավ, նավթի գինն իջավ և այլն: Այսինքն՝ նույնիսկ մեկ օրվա վիճակագրական փաստ ունենալը աշխարհում կարևոր բան է: Բայց Հայաստանում, կարծես թե, դրան կարևորություն չեն տալիս:

Ինչևէ, մենք պետք է բավարարվենք նրանով, ինչ ունենք, և դրանից համապատասխան եզրակացություն անենք:  Իսկ եզրակացությունը հետևյալն է. այն ցուցանիշները, որ տարվա սկզբին կանխատեսել էին նախորդ և նոր կառավարությունները, իրականություն չեն դառնա: Խոսքը վերաբերում է ե՛ւ ՀՆԱ-ին, ներդրումների ծավալին, ե՛ւ ընդհանրապես՝ տնտեսության զարգացմանը: Որովհետև մի հանգամանք կա: ԿԲ դրամավարկային հաշվետվության մեջ կա գնաճի հաշվետվություն, և երրորդ եռամսյակի կանխատեսումների մեջ շատ հպանցիկ անդրադարձ է կատարվում այն խնդիրներին, որոնց առջև կանգնած է Հայաստանի տնտեսությունը, և դրանք հիմնականում կապված են արտաքին գործոնների հետ: Հասկանալի է, որ այդ միտումները բացասական ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի տնտեսության վրա: Ռուսական տնտեսությունում, օրինակ, անկախ ուկրաինական զարգացումներից, 2014-15 թթ. ամենավատ զարգացումներն են կանխատեսվում: Այնտեղ համարյա աճ չի լինելու, իսկ ռուսական տնտեսությունը մեզ վրա ազդում է ուղղակի և կողմնակի ձևով՝ այն ներդրումների առումով, որ պետք է անեին ռուսական ընկերությունները (Ռոսնեֆտ, ռուսական բանկեր և այլն), կարծես թե չեն լինելու, ինչը, հասկանալիորեն, բացասական ազդեցություն կունենա: Թև մեր Կենտրոնական բանկը մինչև վերջ չի բացահայտում ռուսական տնտեսության վիճակի ազդեցությունը մեր տնտեսության վրա, այնուհանդերձ, մի փաստ կա, որը օրերս է հրապարակվել. դրանք մասնավոր տրանսֆերտների տվյալներն են, համաձայն որոնց՝ հուլիս ամսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բացասական ցուցանիշ է գրանցվել: Հայտնի է, որ ՌԴ-ից եկող տրանսֆերտները միշտ մեր ֆինանսական շուկայի համար կարևորագույն գործոն են եղել, և մեր տնտեսական աճի ցուցանիշների հաշվարկում դրանք առանձնահատուկ տեղ են ունեցել: Պաշտոնական տվյալներով՝ անցյալ տարի 1,8 միլիարդ դոլարի տրանսֆերտներ են եկել: Այս տարի արդեն դրա միտումները բացասական են, ինչը մեր ֆինանսական շուկայի վրա էական ազդեցություն կունենա:

Արտաքին  գործոնների հետ կապված՝ մի հանգամանք էլ կա, որը ինչ-որ առումով ներքինի շարունակությունն է: 2014-ի առաջին կիսամյակի արդյունքները նայելիս արդեն Հայաստանից արտահանման տեմպերի նվազում ենք նկատում: Դա վալյուտայի ներհոսքի խնդիրներ կառաջացնի և վճարային հաշվեկշռի բացասական մասի ավելացում: Դա նշանակում է, որ ՀՀ-ը պետք է օգտագործի իր պահուստները, որը ԿԲ-ը պարբերաբար անում է, կամ այլ ճանապարհներ փնտրի, այլ կերպ ասած՝ ավելացնի արտաքին պարտքը: Այսպիսով, արտաքին ֆոնը Հայաստանի տնտեսության զարգացման համար որևէ դրական բան չի խոստանում: Դրան ավելացնենք նաև համաշխարհային շուկայում մետաղների գների նվազումը, որը նույնպես բերելու է ֆինանսական հոսքերի նվազման, և պատկերը կամբողջանա:

Հիմա անդրադառնանք ներքին խնդիրներին. ի՞նչ անհանգստացնող հանգամանք կա: Առաջինը, որ հերթական անգամ կառավարությունը ապացուցեց, որ երկրում տնտեսության զարգացման ռազմավարություն չկա, իսկ եթե ժամանակին եղել է, դա շարունակական բնույթ չի կրում:

Ի դեպ, Տիգրան Սարգսյանի կառավարության «ֆիշկան» բարձր տեխնոլոգիաների զարգացումն էր: Որքանով դա հաջողվեց՝ այլ հարց է: Իսկ Հովիկ Աբրահամյանի կառավարությունն ի՞նչ «ֆիշկայով» է ներկայանում: Գյուղատնտեսության զարգացու՞մ, ստվերի դեմ պայքա՞ր: Արդյո՞ք իրատեսական է, որ խոշոր հողատերի համբավ ունեցող Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարությունը կարող է  նպաստել գյուղատնտեսության զարգացմանը կամ ստվերի դեմ պայքարին:

Ինչ վերաբերում է «ֆիշկաներին»: Տիգրան Սարգսյանի հիմնական փաստարկը, որով նա փորձում էր արդարացնել իր կառավարության գոյությունը, այն էր, որ հռչակվել էր արտահանմանը միտված տնտեսության զարգացում: Սա պետք է ենթադրեր, որ կառավարության ցանկացած քայլ հռչակված նպատակին է միտված: Ինչ էին արել իրենք. այդ ծրագրի իրականացման համար առանձնացրել էին մի քանի կլաստերներ (իրենց ձևակերպումն է – Վ.Խ.), և որոշել էին զարգացնել դրանք: Թեև այն ժամանակ էլ արդեն պարզ էր, որ այդ ծրագիրն իրականացնել հնարավոր չէ, բայց ինչ-որ ուղղություն փորձում էին նախանշել: Արտահանմանը միտված քաղաքականություն վարելու համար մի քանի հարցի վրա պետք էր ուշադրություն դարձնել: Առաջինը արժութային քաղաքականությունն է: Եթե ուզում ես, որ արտահանումդ զարգանա, պետք է երկրիդ ներսում արժույթդ թույլ լինի: Այստեղ միանգամից երկրորդ հանգամանքն է առաջ գալիս՝ դու պատրա՞ստ ես ներմուծումից կախում ունենալու պայմաններում արժույթդ թուլացնելով՝ թույլ տալ գների կտրուկ աճ: Քանի որ, ինչպես գիտեք, մեր տնտեսության մեջ ներմուծում-արտահանում հարաբերակցությունը 3-ը 1-ի է: Տնտեսագիտության մեջ սա լուծվում է մի ուրիշ հանգամանքի շնորհիվ՝ ներքին մրցակցության ազատության: Ընդհանրապես, տնտեսության զարգացման լավագույն մոտիվացիան մրցակցության ազատությունն է: Բայց քանի որ մեզ մոտ մրցակցություն չկա, կա մոնոպոլիա, գների նվազման մասին խոսք լինել չի կարող: Այսինքն, մենք, որպես այդպիսին՝ արժութային քաղաքականություն չենք ունեցել:  Մեզ մոտ 2000-ականների քաղաքականությունը, որը բերեց «տնտեսական աճի», նա էր, որ դոլարի փոխարժեքը 550-ից իջավ 300-ի, ինչը բերեց նրան, որ մենք արտահանման լուրջ շուկաներ կորցրինք: Խոսքը վերաբերում է ոսկու, թանկարժեք մետաղների ու քարերի շուկաներին: Եթե ռազմավարությունը նա է, որ մենք պետք է ունենանք արտահանմանը միտված տնտեսություն, ապա պետք է կարողանանք լուծել այդ հարցը:

Երկրորդ խնդիրը՝ արդյո՞ք մենք ունենք այն ապրանքները կամ ճյուղերը, որոնք կարող էին համաշխարհային շուկայում ներկայանալի լինել:  Կարծես թե կար մի ոլորտ, որը կոչվում էր բարձր տեխնոլոգիաներ, և որտեղ մեր հանրապետությունը կարող էր մրցունակ լինել, բայց դա, իր հերթին, պահանջում էր, նախ՝ ազատ տնտեսական գործունեություն, որտեղ իրականում կառավարող իշխանությունը որևէ ձևով չի մասնակցում այդ բնագավառի գործերին: Բայց մեզ մոտ այս բնագավառը նույնպես կարծես թե դուրս մնաց մրցակցությունից: Երբ նայում ենք IT բնագավառի հեռանկարներին, ոչ ոք մեզ չի կարող ասել, որ ոլորտի զարգացումն այնպիսին կարող է լինել, որ առաջիկա տարիներին 2, 3, կամ հինգ անգամ զարգացում կապրեն: Բացի դրանից, ոլորտը զարգացնելու համար անհրաժեշտ է կադրային բազա: Արդյո՞ք մենք ունենք բավարար չափով մասնագետներ, ովքեր կարող են ճշգրիտ սարքաշինության, մեքենաշինության, բարձր տեխնոլոգիաների բնագավառներում աճ ապահովել: Միանշանակ՝ ոչ: Նույնիսկ սովորական մեր կենցաղային հարցերը լուծելու համար մենք որակյալ մասնագետներ չենք կարողանում գտնել: Իսկ, առավելևս՝ եթե ուզում ես համաշխարհային շուկայում որակյալ արտադրանք ներկայացնել… մենք այս բնագավառում 10-15 տարով հետ ենք մնացել: Ես սա ասում եմ իմ անձնական փորձից՝ շուրջ 15 տարի աշխատելով ճշգրիտ սարքաշինության բնագավառում: Ամփոփելով՝ արձանագրենք, որ այդ ծրագիրը արտաքինից ներկայանալի, բայց ոչ իրականանալի ծրագիր էր:

Նախորդ կառավարության «ֆիշկաներից» մեկն էլ Հայաստանի ներդրումային բարենպաստ միջավայրի մասին խոսակցություններն էին: Մասնավորապես՝ հաճախ մեջբերվում էին Doing Busines-ի սանդղակում գրաված բարձր տեղերը: Սա իրականում մեր տնտեսության զարգացման վրա որևէ ազդեցություն չունեցա՞վ:

Ես առիթ եմ ունեցել տարբեր միջազգային հանդիպումների ժամանակ նշել, որ Հայաստանում բիզնես գրանցելու հեշտությունը դեռ չի նշանակում, որ հետո այդ բիզնեսին հնարավորություն են տալու գործելու: Որովհետև մեզ մոտ հարաբերությունները պայմանավորված չեն օրենքներով: Հիմա էլ մեր կառավարության գործողությունները չեն խոսում բարենպաստ ներդրումային միջավայր ստեղծելու մասին: Օրինակները մի քանիսն են՝ «Արմավիայի» պատմությունը, Մարզահամերգային համալիրի օտարման պատմությունը և այլն: Այդպես էլ հանրությանը չներկայացվեց՝ ո՞րն է իրական դրդապատճառը նման լուծումների: Ինչո՞ւ աճուրդի ներկայացված գույքը հանձնեցիք ֆինանսների նախարարությանը: Կամ՝ «Արմավիայի» պատմությունը: Սա մի մեծ հետաքննության առարկա է, որը համապատասխան մարմինների կողմից վերլուծության կարիք ունի: Փաստորեն, գոյություն ունի մի ընկերություն, որը տարիներ շարունակ իր հարկային պարտավորությունները չի կատարել, չի վճարել իր վրա դրված տույժերն ու տուգանքները, և այս ընթացքում ոչ ոք համապատասխան վերաբերմունք չի ցուցաբերել այդ կազմակերպության նկատմամբ: Այսինքն, ընկերությունը հսկայական պարտք ունի պետությանը, բայց պետությունը չի կարողանում պարտադրել վճարել այդ պարտքը: Դուք պատկերացնու՞մ եք՝ եթե մի փոքր ընկերություն, որը որևէ հայտնի անվան հետ կապված չէ, հանկարծ իրեն թույլ տար մեկ ամիս ուշացնել հարկերը: Ցանկացած հարկայինի աշխատող ձեզ կասի, թե իրենք ինչ միջոցներ ունեն այդ հարկերը գանձելու: Կամ, վերցնենք մի սովորական քաղաքացու, ով «կարմիր գծերի» տուրքերը չի վճարում: Անմիջապես բոլոր հաշիվները կփակեն, թույլ չեն տա օգտագործել իր միջոցները: Բայց դրա կողքին ունենք մի կազմակերպություն՝ «Միկա Լիմիթեդը», որի պատասխանատուները հանգիստ շրջում են քաղաքում, որևէ պրոբլեմ չունեն, և հանկարծ այդ ընկերությունը հայտնվում է կառավարության գործունեության դաշտում, և որոշվում է այդ ընկերությունից  գույք բռնագրավել:  Եթե հիշում եք, նախորդ տարի կառավարությանն ուղղված ՀԱԿ խմբակցության հարցապնդման մեջ այս էպիզոդը կար: Եւ եթե մենք ավելի խորանանք, ավելի շատ մանրամասներ կհայտնաբերենք, թե ինչպես է տեղի ունենում բիզնեսի սերտաճումը իշխանությունների հետ: Սա լավագույն օրինակը կարող է լինել կոռուպցիայի խնդրով զբաղվող տեսաբանների համար:

Դա Տիգրան Սարգսյանի կառավարությունից մնացած «ժառանգությունն» էր, իսկ Հովիկ Աբրահամյանի կառավարությո՞ւնն ինչ է առաջարկում: Մանավանդ, որ գործող կառավարությունը առանձնապես չի քննադատում նախորդի գործունեությունը:

Իհարկե, ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ այդպիսի հրահանգ եղավ՝ նախորդ կառավարության մասին վատ բան չխոսել: Իրականում, վատի ու լավի հարցը չէ գուցե ամենակարևորը: Կարևոր է գնահատական տալ՝ ինչն էր սխալ, որպեսզի իմանաս, թե ինչն է ճիշտ: Հիմա, եթե գործող կառավարությունը շարունակում է նախորդի քաղաքականությունը, մենք հարց ունենք ուղղելու նրանց՝ ի՞նչ եղան ձեր խոստումները՝ 2008-ին: Ասում են՝ «ճգնաժամ էր»: Լավ, այդ դեպքում ՀՀԿ 2012-ի ընտրություններին կամ 2013-ին տված խոստումնե՞րն ինչ եղան: Ամեն ինչի տակից դուրս գալու պատճառաբանություն կա, բայց իրականությունը մնում է այն, որ որևէ ռազմավարական խնդիր չի դրվել, կամ դրվելու դեպքում իրականություն չի դարձել: Իրականում՝ լուծվում են զուտ իրավիճակային հարցեր: Եկել է նոր կառավարություն, որի ռազմավարությունը գուցե ստվերի դեմ պայքարն է, դա էլ դառել է շոուի կամ պրոպագանդայի միջոց, ոչ թե իրական գործ: Այն աշխատանքները, որ նախկինում հարկային մարմինները ամեն օր կատարում էին, հիմա դարձել են քարոզչության առարկա, ներկայացվում են իբրև նորարարություն: Իրականում՝ ոչ մի նոր բան չկա, որ կարող է տնտեսության զարգացման համար արդյունավետ լինել: Պատահական չէ, որ, երբ մենք նոր կառավարության ծրագրին գնահատական էինք տալիս, ելնում էինք հետևյալ սկզբունքից, որ արատավոր են ոչ թե անձինք, այլ համակարգն ինքը: Այս համակարգում որևէ նոր կառավարություն հնարավորություն չի ունենա կտրուկ փոփոխություն անել տնտեսության մեջ կամ մեր քաղաքացիների կյանքում: Որովհետև, իրականում, նպատակն այդ չէ: Նպատակը, որպես այդպիսին, ձևավորված չէ, որպեսզի քաղաքացին կամ բիզնեսմենը, ծանոթանալով դրան, իմանա իր անելիքը: Հիմա, եթե դուք ինձ հարցնեք՝ ինչ են ուզում անել այս մարդիկ, ես կոնկրետ պատասխան չեմ կարող տալ, բացի մի բանից՝ հարկերն ավելացնել, բիզնեսին հնարավորինս դեպի ստվեր մղել, փոքր և միջին բիզնեսը վերջնականապես տնտեսությունից հեռացնել՝ այս ամենը կա: Բայց դրա փոխարեն՝ տնտեսության զարգացմանը նպաստող որևէ քայլ չեմ տեսնում Պատահական չէ, որ այն 12 քայլերը, որ Քառյակը ներկայացրեց, շատ պրիմիտվ բաներ  են, հասարակ, ընկալելի և շատ արագ իրագործելի: Բայց այդ էլ չեն ուզում անել: Որովհետև մի փոքր նահանջ իրենց դիրքերից նրանք չեն ուզում անել: Որովհետև հասկանում են, որ մի փոքր նահանջը այլ արձագանք կունենա իրենց շրջապատում: Որևէ համակարգայի փոփոխություն անխուսափելիորեն կբերի այս իշխանության գահավիժմանը:

Այս ընթացքում, կառավարությանը կարծես օգնության եկավ Ռուսաստան-Արևմուտք առճակատումը և փոխադարձ պատժամիջոցները: Կառավարությունը հայտարարում է, որ դրանք նոր հնարավորություններ են բացում հայկական ապրանքների, մասնավորապես՝ գյուղատնտեսական արտադրանքի արտահանման համար: Այս հույսերը որքանո՞վ են արդարացված:    

Այս մոտեցումը մասնագիտական տեսանկյունից որևէ քննադատության չի դիմանում: Սա ուղղակի մակերեսային, անլուրջ մոտեցման հետևանք է: Զարմանալի է, որ դրա մասին խոսում են տնտեսության պատասխանատու պաշտոնյաները, նախարարները: Նրանք կա՛մ ամբողջական պատկերացում չունեն տեղի ունեցող իրադարձություններից կամ ռուսական շուկա մուտք գործելու հնարավորություններից, կա՛մ պատկերացում ունենալով՝ ուղղակի մարդկանց ուշադրությունը շեղելու նպատակով են փորձում դա անել: Բացի դրանից, ուզում են, իրենց պատկերացրածով՝ խորամանկություն անել և արգելված եվրոպական ապրանքները Հայաստանի միջոցով ներմուծել Ռուսաստան: Եղել են դեպքեր, երբ իշխանությանը մոտ կանգնած բիզնեսմեններ փորձել են դա անել, բայց ռուսական համապատասխան մարմինները միանգամից և շատ կտրուկ արձագանքել են՝ «ունե՞ք հայկական ապրանք, խնդրեմ, բերեք, եվրոպական ապրանք մի՛ բերեք»: Նույնիսկ, առաջարկ է եղել եվրոպական ապրանքները վերամշակել Հայաստանում և արտահանել Ռուսաստան, բայց ո՛չ եվրոպական պատրաստի արտադրանքը:  Հիմա՝ ի՞նչ ունի Հայաստանը Ռուսաստան արտահանելու: Կամ՝ ե՞րբ  է եղել, որ Ռուսաստանը հայկական ապրանքների վրա ինչ-որ սահմանափակում դնի: Ոչ մի անգամ: Հայ-ռուսական առևտրային հարաբերությունները գործում են ԱՊՀ ազատ առևտրի համաձայնագրի հիման վրա, և Ռուսաստանը միշտ պատրաստ է եղել ընդունել հայկական գյուղատնտեսական ապրանքը ցանկացած ծավալով: Բայց մենք ուղարկել ենք այն, ինչ ուղարկել ենք, և չունենք այնպիսի մրցունակ տնտեսություն, որ հապճեպ վերադասավորումներ անենք և նորանոր ապրանքատեսակներ ուղարկենք: Սա ուղղակի նոր խաբկանք է, ավելի ճիշտ՝ խաբեություն՝ մարդկանց ուշադրությունը շեղելու նպատակով: Իրականում՝ սա շատ վատ բան է: Պետությունն իրավունք չունի իր գործարարներին նման կերպ մոլորության մեջ գցելու: Նորից նույն խնդիրը՝ չկա հետևողականություն, չկա շարունակականություն: 

Այսինքն, նպատակը զուտ քարոզչությո՞ւնն է:

Միայն ու միայն: Մենք արտահանմանը միտված տնտեսություն չենք կարողացել ստեղծել: Իսկ, առավելևս, վերջին տվյալները վկայում են այն մասին, որ արտահանման տեմպերը նվազում են:  Ի վերջո, մեր գյուղատնտեության հիմնական պրոբլեմը նաև այն է, որ մենք կանխատեսելի գյուղատնտեսություն, որոշակի շուկայի միտված գյուղատնտեսություն չունենք: Միջազգային շուկայի պահանջները հետևյալն են. դու չես կարող մեկ տարով պայմանագիր կնքել: Խնդիրը սա է՝ դու կարո՞ղ ես Ռուսաստանի հետ համաձայնության գալ, որ տարեկան 10 հազար տոննա ծիրան կմատակարարես: Ցավոք սրտի՝ մենք դա չունենք. մի տարի՝ կարկուտ, մի տարի՝ երաշտ, մյուս տարին՝ լավ բերք, որը իրացման խնդիր ունի: Արտադրական հոսքի վրա դրված գյուղատնտեսություն չունենք: Մենք դրան պատրաստ չենք: Մենք սովորաբար հեռանկարային հարցեր չենք լուծում, զուտ իրավիճակային: Տեսեք, Լարսի դեպքում էլ է նույն բանը. Լարսը փակվեց՝ կանգնեցինք, չփակվեց՝ աշխատեցինք:   

Մեկ տարի առաջ Մոսկվայում Սերժ Սարգսյանը անսպասելիորեն հայտարարեց եվրաինտեգրացման կուրսից հրաժարվելու և Մաքսային միությանն անդամակցելու կուրս վերցնելու մասին: Միևնույն ժամանակ, օրերս Վրաստանում ուժի մեջ մտան ԵՄ հետ ասոցացման և ազատ առևտրի համաձայնագրերը: Այժմ, Արևմուտքի ու Ռուսաստանի միջև լարվածության աճի պայմաններում, Մաքսային միությանն անդամակցությունը մեզ ի՞նչ հեռանկարներ է խոստանում:

Էլի հարցը երկու մասի բաժանենք: Առաջինը՝ անլուրջ մոտեցում Մաքսային միությանը: Այն, ինչ տեղի ունեցավ մեկ տարի առաջ, անլուրջ մոտեցման արդյունք էր: Չորս տարի պատրաստվում էին ԵՄ հետ ասոցացման համաձայնագրին, տնտեսությունը, մարդկանց պատրաստում էին դրան, և հանկարծ հայտարարվեց դեպի Մաքսային միություն գնալու մասին: Անլրջության ևս մեկ ապացույց էր այն, որ վերջին չորս ամիսներին անընդհատ հայտարարում են մոտակա անդամակցության մասին, բայց այն, չգիտես ինչու, տեղի չի ունենում: Անլրջութան վերջին չափաբաժինն էլ ստացանք Մեդվեդևի՝ Հայաստան չկայացած այցելության դեպքում: Սա ամբողջ պետական համակարգի անլրջության մասին է խոսում: Այսինքն՝ իրենք իրենց չեն հարգում: Իրենց վարքագծով իշխանությունները ապացուցեցին, որ պատկերացում չունեն, թե ինչ է նշանակում լինել Մաքսային միության անդամ: Երկրորդ խնդիրը Մաքսային միության կայանալու կամ չկայանալու հարցն է: Եթե մենք լրջորեն հաշվարկել ենք այդ միությանը անդամակցելու հետ կապված ռիսկերն ու հնարավորությունները, պետք էր հասարակությունը, տնտեսությունը պատրաստել դրան: Բայց թեկուզ հենց Աստանայում Նազարբաևի արած հայտարարությունը՝ Հայաստանի մաքսային սահմանների հետ կապված, ցույց տվեց, որ իշխանությունները անգամ այդ հարցի վերաբերյալ հստակ պատկերացում չունեն: Կամ՝ ունեն, բայց թաքցնում են այն հասարակությունից: Ընդհանրապես, սկսած 1998-ից՝ մեր իշխանությունների հիմնական խնդիրը եղել է հասարակությանը խաբելը, իրական պատկերը չներկայացնելը՝ լինի տնտեսական, թե քաղաքական ոլորտում: Խնդիրն այն է, որ իշխանությունները ի վիճակի չեն ինքնուրույն որոշումներ կայացնելու: Վերջին մեկ տարվա իրադարձություններն ապացուցեցին, որ որոշումներն այլ տեղ են կայացվում: Որովհետև արտաքին ուժերի նկատմամբ դիմադրողականությունը մեր իշխանություններն իսպառ կորցրել են: Ներքին տնտեսական կյանքում էլ դիմադրողականությունը զրոյի է հավասարվել: Ցանկացած թեթև քամի կարող է փլուզել բոլոր կանխատեսումները: Այս պայմաններում մեզ մնում է միայն սպասել, բայց ոչ քաղաքական առումով: Որովհետև քաղաքականության մեջ սպասելը կարող է վտանգավոր լինել: Առավելևս, Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցից «պարզ դարձավ», որ արտագաղթը կապված է ոչ թե իշխանությունների քաղաքականության հետ, այլ սփյուռքի առկայության կամ Ղարաբաղի հարցի լուծված չլինելու: Մենք միշտ փորձում ենք մեղավորներ փնտրել դրսում: 

Նախորդ հոդվածը‘Էրդողանն առաջին այցով ժամանել է Բաքու’
Հաջորդ հոդվածը‘Էրդողան. Մինչև ղարաբաղյան խնդրի լուծումը թուրք-հայկական հարաբերությունները չեն կարգավորվի ‘