‘Վահագն Խաչատրյան. ԿԲ-ն ռիսկային գործընթացի մեջ է մտել’

183884

Պարոն Խաչատրյան, դրամի արժեզրկմանն անդրադառնալիս ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարել էր, թե շոկը եկել է դրսից, եւ այն, ինչ կատարվեց, տնտեսական տեսություններից դուրս էր: Համամի՞տ եք արդյոք այս տեսակետին:

— Կարելի է այսպես մեկնաբանել, եթե ընդունում ենք, որ Հայաստանի տնտեսություն ընդհանրապես չկա: Ես նկատի ունեմ, որ կատարվածը կանխատեսելի էր. կանխատեսելի էր այն առումով, որ Հայաստանի կախվածությունը ռուսական տրանսֆերտներից շատ մեծ է: ԿԲ պաշտոնական տվյալներով՝ մոտ 1մլրդ 865 մլն դրամի տրանսֆերտ է մտնում Հայաստան, իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ այդ թիվն ավելի շատ է՝ ՀՀ պետական բյուջեի չափ: Այդ տրանսֆերտները հասարակ գումարներ չեն, դրանք մեր տնտեսությունը պահող, աշխատեցնող հիմնական միջոցներն են, որովհետեւ տնտեսությունը պետք է ավելի շատ պահվեր ներդրումներով եւ արտահանումներից եկող գումարներով: Այնինչ՝ մեզ մոտ այլ է: Ու այդ պայմաններում բնական է, որ նման իրավիճակ պետք է ստեղծվեր Հայաստանում:

— Իսկ ձեր կարծիքով՝ արտաքին գործոնների դերն արդյո՞ք այդքան մեծ է դրամի արժեզրկման հարցում:

— Իհարկե ոչ: Ես կարծում եմ, որ իրավիճակը կարող էր ավելի մեղմ, ավելի կառավարելի լինել, եթե մենք ունենայինք նորմալ տնտեսություն, եթե մեր տնտեսության ինստիտուտներն աշխատեին, եթե լիներ տնտեսական մրցակցություն, եթե լիներ ազատ տնտեսական գործունեություն վարելու հնարավորություն: Այս հանգամանքից ելնելով՝ ես կարծում եմ, որ մենք պետք է մտածենք մեր ներքին խնդիրների մասին, փնտրենք ներքին հնարավորություններ՝ տնտեսության վրա ազդելու համար: Այլապես՝ միշտ էլ կարելի է ամեն ինչ բարդել արտաքին գործոնների վրա, ասել՝ «դուրսը», «դուրսը»: Հասկանում ենք՝ Հայաստանն ունի փոքր տնտեսություն, հնարավորությունների սահմանափակություն, ռուսական տնտեսության հետ մեր տնտեսության կապվածություն եւ այլն: Բայց արտաքին գործոնների բացասական ազդեցությունը կարելի է մեղմել եւ անգամ չեզոքացնել, եթե ունենայինք նորմալ կառավարման համակարգ, նորմալ աշխատող տնտեսություն:

— Այսինքն՝ կարելի էր այս իրավիճակը շտկե՞լ:

— Այո, միանշանակ: Ես կասկած էլ չունեմ: Կարելի էր իրավիճակը շտկել, բացասական գործոնների ազդեցությունը չեզոքացնել: Հիմա, երբ մենք խորանում ենք տեղի ունեցող արատավոր երեւույթների մեջ, մասնավորապես՝գնաճը կախված չէ արտաքին գործոններից: Մենք տեսնում ենք, որ մեր բոլոր ներմուծողները զբաղված են գեր-գերշահույթներ ստանալով: Նրանց համար 100 տոկոս շահույթ ստանալը բավարար չէ, հարկավոր է 200-300 տոկոս: Վերջերս 15 ապրանքատեսակների ներմուծման վերաբերյալ հետաքրքիր վերլուծության հանդիպեցի. ներմուծման, մաքսազերծման  ու մանրածախ գների տարբերությունն իմ ասած չափերի էր հասնում: Եթե մեզ մոտ լիներ մրցակցություն, եթե լինեին տնտեսվարման հավասար պայմաններ, ապա գնաճն այդքան զգալի չէր լինի: Լավագույն օրինակը բենզինն է. բոլորիս աչքի առաջ ողջ աշխարհում նավթի, բենզինի գինը նվազում է, Հայաստանում վառելիքի գները մնացել են նույնը:

— ԿԲ-ն փորձում է ազդել իրավիճակի վրա, եւ այդ նպատակով օրական մոտ 6 մլն դոլար է վաճառում: Ձեր կարծիքով՝ ԿԲ քայլերը որքանո՞վ են արդյունավետ:

— Նման քայլեր կարող են թույլ տալ այն երկրների Կենտրոնական բանկերը, որոնք ունեն մեծ պահուստներ: Եւ ամենակարեւորը՝ ունենալու դեպքում իրենք ունեն սպասելիքներ դրանք լրացնելու առումով: Մենք այսպիսի շատ վատ փորձ արեցինք՝ 2009թ., երբ երեք ամսվա ընթացքում ավելի քան 700 մլն դոլարի վաճառք կազմակերպեցինք: Բայց կարելի էր դրամի կուրսը արհեստականորեն չպահել եւ թողնել, որ շուկան ինքը որոշի՝ դրամն ինչ չափով արժեզրկվի: ԿԲ այդ քայլի արդյունքում մենք հայտնվեցինք վատ իրավիճակում. կորցրինք մեր 700 մլն պահուստները, ընկանք շատ վատ շրջան՝ տնտեսության 14 տոկոս անկում, ու որպեսզի այս ամենը կարողանանք փոխհատուցել՝ 3 մլրդ-ով ավելացրինք պետական պարտքը: Ստացվում է, որ մենք շատ թանկ գին վճարեցինք դրամի փոխարժեքը պահելու համար: Հիմա մենք հայտնվել ենք նույն իրավիճակում. որպեսզի դրամը չարժեզրկվի, կրկին պահուստներն են վաճառքի հանել: Ամեն օր 6 մլն դոլար վաճառելով դրամի փոխարժեքը պահել, կարծում եմ, կստացվի: Բայց այդ ամենի հետեւանքները ծանր են լինելու: Այնպես որ՝ ԿԲ-ն ռիսկային գործընթացի մեջ է մտել:

Արման Գալոյան

Նախորդ հոդվածը‘Թուրքիայի արտգործնախարար. Տարածքների հանձնումը հարկավոր է, առաջին հերթին, Հայաստանին’
Հաջորդ հոդվածը‘Վերջին շաբաթվա ընթացքում Երևանում ծնվել է ` 235 տղա և 177 աղջիկ’