‘Վահագն Խաչատրյան. Համակարգի գործելու պայմաններն ու խաղի կանոնները սահմանում է մի մարդ՝ Սերժ Սարգսյանը ‘

2087

Հունիսի 29-ին Սերժ Սարգսյանի մոտ տեղի է ունեցել հերթական քննարկումը` բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման, իրականացվող պետական ծրագրերի հանդեպ վերահսկողության ուժեղացման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը միտված հարցերի շուրջ:

«Հայ ազգային կոնգրեսի» անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը iLur.am-ի հետ զրույցում նկատեց, որ խորհրդակցություն հրավիրելու իմաստը տպավորություն ստեղծելն է, թե իրենք գործում են միասնական, և ամեն ինչ կառավարելի է Սերժ Սարգսյանի կողմից: Սակայն, ըստ Վահագն Խաչատրյանի՝ դա իրականությանը չի համապատասխանում, քանի որ երկրում ստեղծված իրավիճակը հակառակն է ապացուցում:

«Կարիք կար իշխանական թևերին, այսպես ասած՝ թափ տալ»,- ասաց Վահագն Խաչատրյանը ՝ նկատելով, որ Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի հաշվետվության քննարկումն ու օֆշորային սկանդալային պատմությունն ապացույցն են այն բանի, որ այս համակարգն ամբողջապես նեխած է և այսպես չի կարող գոյատևել:

Վահագն Խաչատրյանի կարծիքով՝ Սերժ Սարգսյանն այս խորհրդակցության միջոցով փորձում է լրացուցիչ լիցք տալ, որպեսզի համակարգը ինչ-որ ժամանակ կարողանա գոյատևել, բայց դա արվում է արհեստականորեն: «Պետությունը սնանկ դարձավ՝ տարիների ընթացքում չծառայելով հասարակությանը, այլ համակարգի մարդկանց, սպասարկելով միայն նրանց շահերը: Քաղաքացիներն այլևս չեն հավատում իշխանությանը»,- նկատեց տնտեսագետը՝ շեշտելով, որ խորհրդակցությունն ավելի բացասաբար է անդրադառնալու, քանի որ շատերն ապշած ու զարմացած են, թե ոնց կարելի է իրականությունից այդքան կտրված լինել:

Պատասխանելով iLur.am-ի այն հարցին, թե խորհրդակցությունից երևում է, որ քննադատելով Իշխան Զաքարյանի ղեկավարած Վերահսկիչ պալատը՝ Սերժ Սարգսյանը պաշտպանում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ Վահագն Խաչատրյանն ասաց.

«Մինչև գնահատական տալը պետք է հասկանալ, թե արդյո՞ք այս համակարգը գոյատևում է: Համակարգի գործելու պայմաններն ու խաղի կանոնները սահմանում է մի մարդ՝ Սերժ Սարգսյանը, նախկինում էլ՝ Ռոբերտ Քոչարյանը»:

Վահագն Խաչատրյանը համոզված է, որ խաղի կանոններով են ապրում  համակարգում գտնվողները, իսկ Սերժ Սարգսյանը կարող է վերաբերվել այնպես, ինչպես ցանկանում է, քանի որ որոշումներ կայացնում է միայն նա: Ըստ Վահագն Խաչատրյանի՝  բոլորը  նախապես խորհրդակցության մասին տեղյակ են եղել, և ամեն ինչ փոխհամաձայնեցված է եղել:

Նախորդ հոդվածը‘ Կահիրեում ցուցարարները գրավել են իշխող կուսակցության կենտրոնակայանը’
Հաջորդ հոդվածը‘Քեմերոն. Կուզեի Հարի Փոթերը լինել, բայց իմ մեջ Վոլան դը Մորտ են տեսնում’