‘Վահագն Խաչատրյան. «Սպասարկվում է որևէ մեծահարուստի ցանկություն, բայց ոչ՝ երևանցու» (տեսանյութ)’

1445

Երևանի ավագանու ընտրություններում՝ Հայ ազգային կոնգրեսի երեկվա նախըտնրական հոլովակում ներկայացվում է Կոնգրեսի ցուցակի 1-ին հորիզոնականը զբաղեցնող Վահագն Խաչատրյանի հարցազրույցը:  Խաչատրյանը խոսում է Երևանի նախկին և այժմյան ճարտարապետական տեսքի մասին:

Նա նկատում է, որ նախկինում Երևանում կար ճարտարապետական ընդհանուր միասնական պատկեր, պահպանված էր ընդհանուր քաղաքաշինական տեսքը:

«Երևանը քաղաք էր, որը կառուցապատված էր մի տրամաբանությամբ, որը հարմարավետ էր մեզ՝ երևանցիներիս, դուր էր գալիս, երբ կանաչ էր ավելացվում, երբ ինչ-որ ենթակառուցվածքներ էին կառուցվում, որոնք հնարվորություն էին տալիս մեզ արագ տեղաշարժվել:

Ցավոք, հատկապես վերջին տաս տարվա ընթացքում այդ ամենն աղճատվեց: Այն կառուցապատումը, որը իրականացվեց հատկապես Կենտրոնում, այն տրամաբանությունը, որ դրված էր Երևանի կառուցապատման տրամաբանության մեջ, այդ ամենը փոխեց»,- մեկնաբանում է Վահագն Խաչատրյանը:

Նա հիշում է, որ իր քաղաքապետ եղած տարիներին ծրագրված էր, որ Հին Երևանում պետք է լինեին 3, առավելագույնը՝ 4 հարկանի շենքեր: Նրա խոսքով՝ լավագույն օրինակը «Սիլ պլազայի» շենքն է, որը վերակառուցվեց հենց այդ տարիներին:

«Եթե Երևանի կենտրոնի կառուցապատումը գնար այդ տրամաբանությամբ, ապա այդ Կենտրոնում մենք շատ ավելի լավ կզգայինք մեզ, կգնահատեինք ճարտարապետների ու շինարարների կատարած աշխատանքը: Կարող էին ասել, որ իսկապես Հին Երևան ունենք»,- մանրամասնում է նախկին քաղաքապետը:

Ըստ նրա՝ այն ժամանակ շենքերը հատ առ հատ նկարագրված ու չափագրված էին, խնդիրը միայն իրացման աշխատանքները կատարելն էր:

«Միանշանակ մոտեցումը հետևյալն էր, որ բնակիչը չպետք է տուժի: Դա էր եղել այն ժամանակվա իմ և քաղաքային իշխանությունների գործելաոճը: Երբևիցե ոչ մի քաղաքացի չի կարող ասել, որ մենք իրեն ուժող ու զոռով կամ անօրինական ձևով տեղահանել ենք և փոխհատուցում չենք տվել: Այդպիսի բաներ չեն եղել, և նման խնդիրներ էլ մեր առջև չեն եղել դրված:

Իսկ այն ինչ այժմ կատարվել է, եղել է ոչ թե հանուն երևանցու կամ Երևանում հարմարավետ միջավայր ստեղծելու համար, այլ արվել է գումարներ աշխատելու նպատակով: Կարող եմ ավելի վատ տարբերակներ առաջարկել. պարզապես այստեղ փողեր են լվացվել: Արդյունքում մենք տեսնում ենք այն, ինչ կա: Այն ինչ կատարվում է, ոչ մի առնչություն չունի Թամանյանի նախագծի հետ:

Կարող եմ ասել, որ ընդհանուր առմամբ սպասարկվում է մի որևէ մեծահարուստի ցանկություն, բայց ոչ՝ երևանցու»,- եզրափակեց ավագանու կոնգրեսական թեկնածուն:

Նախորդ հոդվածը‘Սյունեցիները հացադուլ կանեն՝ պահանջելով մարզպետի հրաժարականը’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Օսկանյան. Պահն է, որ սթափ և սառը, առանց ձևականությունների և բաց աչքերով նայենք իրականությանը’