‘Վահագն Խաչատրյան. Տնտեսական աճը զգում են այն մարդիկ, ովքեր իշխանության շուրջ են հավաքված ու օլիգարխիայի ներկայացուցիչներ են’

1040

Նույնիսկ եթե 7 տոկոս է տնտեսական աճը, ապա դա զգում են այն մարդիկ, ովքեր իշխանության շուրջ են հավաքված, ովքեր օլիգարխիայի ներկայացուցիչներ են. սովորական քաղաքացին դա չի զգում, բևեռացումը ավելի է մեծանում հասարակության մեջ: Այս մասին iLur.am-ին ասաց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը՝ մեկնաբանելով ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի այն հայտարարությունը, թե «այս տարի կունենանք տնտեսական աճ, որը փոքր-ինչ կգերազանցի 7 տոկոսը»:

Անդրադառնալով Գաբրիելյանի կանխատեսումներին, թե հաջորդ տարի աղքատության ցուցանիշը 2-3 կետով կնվազի, ու էական փոփոխություն չի լինի՝ Վահագն Խաչատրյանը նշեց, թե կառավարությունը հնավարություն ունի է՛լ ավելի իջեցնելու այս ցուցանիշը, ու լավագույն ռեսուրսը ստվերից տնտեսությունը հանելն է:

«Գոնե մի մասը, որ 35 տոկոս է գնահատվում միջազգային կազմակերպությունների կողմից: Ինչ-որ քանակություն աստիճանաբար հանել է պետք, որպեսզի կարողանան դրանով ավելացնել բյուջեի եկամուտները: Եվ իհարկե, ամբողջ տնտեսության էությունը փոխելու միջոցով: Նկատի ունեմ բովանդակությունը, օլիգարխիկ բնույթը, մենաշնորհային տնտեսությունը դարձնել բաց, ազատ տնտեսություն: Այդ դեպքում ռեսուրսներ կունենա: Բայց քաղաքական այդպիսի խնդիր դրված չէ, որ Հայաստանում աղքատությունը վերանա, Հայաստանում աշխատատեղեր ստեղծվեն, մենաշնորհները վերանան: Կա այդ հնարավորությունը, իրենք չեն ուզում»,- ասաց Խաչատրյանը:

Այսօր ասուլիսի ժամանակ Վաչե Գաբրիելյանը նաև նշել էր, թե հաջորդ տարի էապես կաճեն օտարերկրյա ներդրումները, սակայն Խաչատրյանը պնդում է, թե ներդրումների ավելացման հույս ընդհանրապես չի տեսնում, քանի որ դա ոչ թե տնտեսական պայմաններից է կախված, այլ քաղաքական իրավիճակից:

«Այս տարվա 9 ամսվա կտրվածքով ուղղակի ներդրումների ծավալները կրճատվել են53 տոկոսով, 35 տոկոսով կրճատվել է օտարերկրյա ներդրումների ծավալը: Ես այսօր չեմ տեսնում որևէ փոփոխություն տնտեսական քաղաքականության մեջ, որը  մարդկանց կստիպի, կամ մարդկանց մոտ ցանկություն կառաջանա Հայաստանում ներդրումներ անել»,- եզրափակեց ՀԱԿ անդամը: 

Նախորդ հոդվածը‘ՌԴ-ում ոչ սթափ զինծառայողը 11 մարդ է վրաերթի ենթարկել’
Հաջորդ հոդվածը‘Սերգեյ Գալիցկի. Մոուրինյոյի սխեմաները սպանեցին Դի Մարիային, Օզիլին, Կակային, հիմա էլ՝ Մոդրիչին’