‘Վահագն Խաչատրյան. Տնտեսական բարեփոխումները պահանջում են քաղաքական փոփոխություններ’

5207

iLur.am-ի զրուցակիցն է Երևանի նախկին քաղաքապետ, տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի տնտեսական հանձնաժողովի նախագահ Վահագն Խաչատրյանը

Պարոն Խաչատրյան, ներկայիս պայմաններում արդյո՞ք հնարավոր է, որ կառավարությունը կարողանա ապահովել խոստացված 5.2% տնտեսական աճը: 

Քանի որ Համախառն ներքին արդյունքի հաշվետվությունները չեն տրվում ամսական կտրվածքով, մենք ստիպված ենք եւս մոտ 40 օր սպասել: Այն ժամանակ, երբ վիճակագրական ծառայությունը կներկայացնի պաշտոնական հաղորդագրություն, մենք հնարավորություն կունենանք տալու համապատասխան գնահատականներ, սակայն նշեմ, որ արդեն զգացվում է, որ տնտեսության մեջ առկա են հարկահավաքության հետ կապված լրջագույն խնդիրներ: Դատելով վերջին յոթ ամիսների պաշտոնական հաշվետվություններից, որոնք ներկայացրել էր ֆինանսների նախարարությունը, պարզ է դառնում, որ արդեն իսկ գոյություն ունի թերակատարում: Ավելին, ֆինանսների նախարարության ներկայացուցիչները հենց իրենք էին հայտարարել, որ դժվար կլինի այս տարի նախատեսված լրացուցիչ 100 մլրդ դրամ հարկեր հավաքելը: Որովհետև դա պետք է հավաքվեր ի հաշիվ տնտեսական աճի, իսկ տնտեսական աճը, ինչպես նշեցիք, նախատեսված էր 5.2 տոկոս, բայց արդեն հասկանալի է, որ այս տարի այդ 5.2 տոկոս տնտեսական աճը չի ապահովվի՝ ելնելով արտաքին եւ ներքին հանգամանքներից:

Նոր կառավարությունը քայլեր չձեռնարկեց իրավիճակին տիրապետելու եւ տնտեսական կյանքում փոփոխություններ իրականացնելու համար: Իրենց կողմից ներկայացված ծրագրում  հաշվի չէին առնվել այն միտումները, որոնք արդեն իսկ կային տնտեսության մեջ: Խոսքս վերաբերում է թե՛ ներքին եւ թե՛ արտաքին միտումներին: Այս պարագայում հատկապես կարեոր էր հաշվի առնել Ռուսաստանի տնտեսական իրավիճակը, ինչպես նաեւ միջազգային տնտեսական քաղաքականությունը՝ կապված Ռուսաստան-Ուկրաինա ճգնաժամի հետ:

Անդրադառնալով այդ հարցին՝ ի՞նչ եք կարծում, այն պարագայում, երբ ԱՄՆ-ն եւ Եվրոպան օրեցօր ավելացնում են Ռուսատանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները, եւ Հայաստանը գտնվում է Մաքսային միությանը անդամակցելու շեմին, արդյո՞ք ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա կործանարար չի լինի:

Միանշանակ՝ այո՛: Բանն այն է, որ մեր տնտեսության կախվածությունը ռուսական տնտեսությունից շատ մեծ է, եւ Ռուսաստանում տեղի ունեցող տնտեսական իրադարձությունները եւ ռուսաստանա-ուկրաինական ճգնաժամը անմիջական ձեւով ազդում են նաեւ մեզ վրա՝ հատկապես մեծ ազդեցություն ունենալով ֆինանսական սեկտորի նկատմամբ: Այդ սեկտորի ազդեցությունը բացասական է այն առումով, որ չեն կատարվում եւ այս տարի չեն էլ կատարվի խոսք տրված ներդրումները, դրանց ավելացրած նաեւ այն փոխանցումները, որոնք տեղի են ունենում Հայաստանի քաղաքացիների կողմից՝ մասնավոր տրանսֆերտների ձեւով, որոնց չափը սկսել է կրճատվել:

Այսօր եւ՛ երկրի ներսում, եւ՛ երկրի դրսում դրական միտումներ չկան, եւ դրանք իրենց ազդեցությունը չէին կարող չունենալ այսօրվա իրավիճակի վրա: Բոլոր այն խոսակցությունները, ցանկությունները, թե ստեղծված իրավիճակում, երբ Ռուսաստանը ինքն է եվրոպական շուկայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառում, հնարավորություն կտան Հայաստանի տնտեսվարողներին նոր շուկաներ մտնել՝ ընդամենը իրականությանը չհամապատասխանող խոսքեր են: Հիմա նույնիսկ իրենք են խոստովանում, որ ի վիճակի չէին զբաղեցնել այդ շուկան, քանի որ ոչ միայն չկան ֆինանսական միջոցներ, այլ նաեւ մեր շուկան չունի այդպիսի հնարավորություններ:

Մաքսային միություն մտնելը տնտեսական առումով, գազի գնից բացի՝ ուրիշ դրական ազդեցություն չի կարող ունենալ: Բացի նրանից, որ ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցները այսպես թե այնպես կազդեն մեզ վրա, անդամակցության դեպքում մենք նաեւ պրոբլեմներ կունենանք ներկրվող ապրանքների վրա սահմանվող մաքսադրույքաչափերի ավելացման հետ: Կառավարության վերջին պատասխաններից կարելի է եզրակացնել, որ իրենք չեն պատկերացնում ամբողջական բացասական ազդեցությունները:  Մաքսային միության շրջանակներում շուկան սահմանափակվում է, այսինքն՝ ներմուծվող ապրանքների համար սահմանված մինչեւ 10% մաքսատուրքը կարող է որոշ ապրանքատեսակների համար դառնալ 15-20%: Իսկ այն դեպքում, երբ Ռուսաստանը մեզ առաջարկում է այդ ապրանքների ալտերնատիվը, ապա մենք որեւէ ազդեցություն չենք կարող ունենալ այդ պրոցեսի դեմ: Սակայն պետք է հաշվի առնել, որ առկա ճգնաժամի պայմաններում Ռուսաստանն իր ապարանքները իր երկրի ներսում սպառելու խնդիր ունի, ինչի արդյունքում էլ ՌԴ-ում այժմ տեղի է ունենում գնաճ, որը կազմում է ավելի քան 10%:

Այնուամենայնիվ, դեռեւս հնարավոր է այդ ուղղությամբ հակաքայլեր ձեռնարկել, սակայն, նախեւառաջ, պետք է պատկերացնել, թե տեղի ունեցող պրոցեսները իրենցից ինչ են ներկայացնում, իսկ գործող իշխանությունները որեւէ պատկերացում չունեն դրա մասին եւ հետեւաբար՝ չեն կարող համապատասխան գնահատականներ տալ: 

Ժամանակ առ ժամանակ գործող իշխանությունները փորձում են տնտեսվարողների մեջ ինչոր մոտիվացիա ստեղծել, սակայն դա նրանց պարբերաբար  չի հաջողվում: Ո՞րն է պատճառը:

Այդ ցանկությունը մարդկանց մեջ չի հաջողվում ստեղծել, քանի որ ե՛ւ տնտեսության, ե՛ւ քաղաքականության մեջ ամենակարեւոր հարցերը չեն լուծվում: Խոսքը մարդկանց ազատության սահմանափակումների մասին է: Այսօրվա մեր տնտեսվարողները զրկված են ազատությունից եւ գործում են ոչ թե գործող օրենսդրական դաշտում, այլ դրանից դուրս: Կանոնները սահմանվում են իշխանության կողմից, եւ տնտեսվարողները ստիպված կախված են լինում այդ իշխանությունից: Այսինքն՝ նրանք չունեն ազատ տնտեսական գործունեություն ծավալելու հնարավորություն:

Մեր տնտեսության մեջ ստեղծված իրավիճակը այնպիսին է, որ համակարգը ի վիճակի չէ տնտեսության զարգացման համար նոր պայմաններ ստեղծել: Կառավարությունը ի սկզբանե հայտարարում էր, թե պայքարում է ստվերի դեմ, սակայն այդ պայքարի հետեւանքով տնտեսությունը ավելի ստվերային դարձավ, իսկ երբ հայտարարեց, թե պայքարում է կոռուպցիայի դեմ, կոռուպցիան սկսեց ավելի մեծանալ: Այսինքն՝ բոլոր նախադրյալների առկայության պայմաններում տնտեսությունը հայտնվեց ճգնաժամային վիճակում, իսկ այս վիճակից դուրս գալու համար սովորական մեթոդները կիրառելի չեն: Անհրաժեշտ են արտակարգ միջոցներ, որոնք ենթադրում են փոխել ամբողջ համակարգը, իսկ տնտեսական բարեփոխումները պահանջում են քաղաքական փոփոխություններ: Եթե որեւէ մեկը փորձում է այնպես ներկայացնել, թե այս հարցը հնարավոր է լուծել ներկա իշխանությունների օրոք, ապա դա, մեղմ ասած, լուրջ չէ, որովհետեւ համակարգը սպառել է իրեն:

Դավոսի մրցունակության համաշխարհային զեկույցի համաձայն՝ Հայաստանն իր մրցունակությամբ 85-րդն է աշխարհի 144 երկրների մեջ: Ի՞նչ կասեք այս զեկույցի մասին, արդյո՞ք այնտեղ արտացոլված է ՀՀ տնտեսական կյանքի ամբողջական պատկերը, եւ որքանո՞վ է այն հավաստի:

Զեկույցի համաձայն՝ Հայաստանը համեմատաբար զիջել է իր դիրքերը՝ 79-րդ տեղից իջնելով 85-րդ տեղը: Նշեմ, որ այս թվերը վերաբերում են 2013 թվականին, եւ վերջին բացասական ազդեցությունները դեռեւս մենք կտեսնենք հաջորդ տարի: Ծանոթանալով զեկույցին՝ պարզ է դառնում, որ տեղեկատվությունը Հայաստանի տնտեսական պատկերի վերաբերյալ բավականին ամբողջական է արտացոլված: Նախ հայտնեմ, որ զեկույցը կազմված է ոչ միայն վիճակագրական փաստերի հիման վրա, այլ նաեւ գործարար շրջանակներում իրականացվել են առանձին հարցումներ: Զեկույցի հավաստիությունը պայմանավորված է հենց սրանով:

Ուսումնասիրելով այն՝ պարզ է դառնում, որ Հայաստանի համար թիվ մեկ խնդիրը  հանդիսանում է կոռուպցիան, երկրորդը ֆինանսների անհասանելիությունն է, այնուհետեւ՝ հարկային կարգավորումները, հարկերի մեծությունը եւ պետական բյուրոկրատիայի անարդյունավետությունը: Նշեմ, որ զեկույցում ինձ համար նորություն էին հարկերի մեծության հետ կապված խնդիրները, քանի որ ուսումնասիրությունների ընթացքում երբեւիցե այդ հարցը չէր բարձրացվում, սակայն արդյունքում պարզվում է, որ  մեզ մոտ հարկերի մեծությունը էական ազդեցություն է ունենում բիզնեսի վրա: Սա, կարծում եմ, պայմանավորված է նրանով, որ այդ հարկերը հավասարաչափ չեն կիրառվում  գործարարների նկատմամբ: 

Չեմ կարծում, որ որեւէ մեկը կմտածեր, թե առողջապահությունը եւ տարրական կրթությունը  ՀՀ-ում առկա հիմնական խնդիրներից  են, սակայն պարզվում է, որ Հայաստանում կրթության որակը դարձել է լրջագույն պրոբլեմ: Նախկինում մասնագիտական որակը Հայաստանում դիտարկվել է որպես առավելություն, սակայն պարզվում է, որ այժմ վերածվել է բացասական կողմի:

Ինչ վերաբերում է շուկայի չափին, ապա այն արդեն մեզ մոտ հասել է կրիտիկական կետի. գոյություն չունի ներքին զարգացման որեւէ պոտենցիալ: Որպեսզի հնարավոր լինի զարգացնել տնտեսությունը, անհրաժեշտ է արտահանել ապրանքատեսակները, իսկ արտահանելու համար պետք է մրցունակ արտադրանք տալ, ինչը մենք չենք կարող անել՝ վերոնշյալ ներքին խնդիրների պատճառով: 

Ինչպես տեսնում ենք, ամենակարեւոր խնդիրների շարքում են նաեւ իրավական դաշտում առկա պրոբլեմները, որոնք տարիներ շարունակ կանգնած են ՀՀ-ի առջեւ, իսկ իրավական բաժնի բոլոր ենթակետերում մենք զբաղեցնում ենք միջինից ցածր տեղեր:

Ինդեքսից ակնհայտ է դառնում, թե իրականում ինչ պրոբլեմների առջեւ ենք կանգնած: Երբ կառավարությունը փորձում է այնպես ներկայացնել, թե իբր բարեփոխումներ է իրականացնում, պարզ է դառնում, որ իրական կյանքում դրանք ոչ թե բարեփոխումներ են, այլ «չարեփոխումներ»: 

Օրինակ՝ աշխատելու վրա հարկերի ազդեցության ցուցանիշը  իջել է 16 կետով, աշխատավարձը եւ արտադրողականությունը՝ 12 կետով, ֆինանսական ծառայությունների հասանելիությունը՝ 31 կետով, բանկերի ծառայությունների առկայությունը՝ 12 կետով, եւ այսպես շարունակ: 

Այստեղից կարելի է եզրակացնել, որ մեր լրջագույն խնդիրները ձեւավորվել են այնպիսի դաշտերում, որտեղ տարիներ շարունակ դրանք լուծում չեն ստացել: Օրինակ՝ կոռուպցիան, դատական կամ արդարադատության համակարգի անկախությունը եւ այլն: Այդ ինստիտուտների չաշխատելու հետեւանքով տնտեսությունը սպառում է իր զարգացման պոտենցիալը:  Պատահական չէ, որ խոշոր ընկերությունները որեւէ երկրում ներդրում անելուց առաջ նախ ուսումնասիրում են այդ երկրի տնտեսական պատկերը, իսկ Հայաստանի տնտեսական պատկերին ծանոթանալու դեպքում նրանք չեն կարող ստանալ դրական ազդակներ: Հենց սա է պատճառը, որ ՀՀ-ում անցած տարվա համեմատ ներդրումները մի քանի անգամ պակասել են:

Այս պայմաններում գոյություն չունի երկրի զարգացման որեւէ հիմք. լուծումը գտնվում է միայն եւ միայն քաղաքական դաշտում:

Պարոն Խաչատրյան, իսկ ինչպիսի՞ վիճակում են գտնվում տնտեսության առանձին ճյուղերը: Արդյո՞ք հնարավոր է մեծացնել արտահանման տեմպերը:

Վերջին ժամանակներս շատ է խոսվում գյուղատնտեսության զարգացման մասին, սակայն պետք է նշեմ, որ իրականում որեւէ զարգացում գոյություն չունի, ավելին՝ ցավում եմ, բայց մեզ մոտ գյուղատնտեսությունը ուղղակի գտնվում է նախնադարի մակարդակին: Մինչ խոսելը գյուղատնտեսական մթերքների արտահանման հնարավորությունների, նոր շուկաների մասին, պետք է նախեւառաջ պատասխանել այն հարցին, թե Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի ի՞նչ քանակությունն է արտահանվում: Տեղեկացնեմ, որ մեր գյուղատնտեսական արտադրանքը գնահատվում է 2 մլրդ դրամ, իսկ արտահանվում է ընդամենը 60 մլն դրամի:

Հիմա էլ խոսում են այն մասին, որ Մաքսային միության առավելություններից մեկն այն է, որ Հայաստանի համար բացում է մեծ շուկա, սակայն դրան հեշտ է հակադարձելը՝ ասելով, որ Եվրոպան իրենից ավելի մեծ շուկա է ենթադրում: Ավելին՝ այդ շուկան միշտ կա, սակայն այնտեղ մտնելու Հայաստանի հնարավորությունները չեն անցնում 30 մլն-ից: Դա նշանակում է, որ մենք չունենք այն արտադրությունը կամ գյուղատնտեսությունը, որը կարող ենք ներկայացնել դրսում: Խոսքս ուղղված է ոչ թե այն մարդկանց, ովքեր զբաղվում են գյուղատնտեսությամբ, այլ նրանց, ովքեր պատասխանատու են դրա համար, իսկ այս ձեւով փորձել ներկայանալ՝ ուղղակի խաբեություն է:

Վերջին հինգ տարիների ընթացքում ռազմավարական ուղղություններից մեկն այն էր, որ  ամեն ինչ պետք է արվի արտահանման տեմպերը մեծացնելու համար: Տիգրան Սարգսյանի կառավարությունը մշակեց մի շարք ճյուղերի զարգացման հեռանկարներ՝ թեթեւ արդյունաբերության, սարքաշինության վերաբերյալ եւ այլն, սակայն դրանք որեւէ արդյունք չտվեցին: Իսկ երբ նայում ենք այս տարվա թվերին, պարզ է դառնում, որ մեր արտահանման թվերը ներմուծման նկատմամբ նվազել են: Եթե տարիներ շարունակ արտահանումը մի քիչ ավելի արագ էր աճում, քան ներմուծումը, հիմա հակառակն է: Արդյունքում՝ այս ծրագիրը նույնպես փլուզվեց, քանի որ մենք չկարողացանք ստեղծել արտահանմանն ուղղված մի նոր ճյուղ:

Արտահանման մեջ ներկայումս Հայաստանում ամենամեծ տեղը զբաղեցնում է լեռնահանքային արդյունաբերությունը , որի հետ կապված հիմնական խնդիրն այն է, որ միջազգային շուկայում գների անկման հետեւանքով այն զիջեց իր տեղը, եւ եթե հանդիսանում էր առաջին հարկատուն, առաջին կիսամյակի տվյալներով դարձավ 5-րդը:

Հետեւաբար՝ մեր երկրի ներսում տնտեսության կառուցվածքը ոչ թե կախված է երկրի տնտեսության արդյունավետությունից, այլ կախված է նրանից, թե մենք ունե՞նք արդյոք լեռնահանքային արդյունաբերությունից բացի այնպիսի մի արտադրանք, որը կարող ենք արտահանել: Հարցի պատասխանն այն է, որ դրանից բացի՝ մենք որոշ չափով արտահանում ենք թանկարժեք եւ ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված արտադրանք, մի քիչ ադամանդ , մի քիչ գյուղատնտեսական վերամշակման արտադրանք, եւ վերջ: Իսկ ու՞ր մնաց այդ լուրջ քաղաքականությունը:

Իշխանությունները հաճախ են խոսում այն մասին, որ տնտեսվարողների համար շուտով բացվելու են նոր շուկաներ, որոնք, իրենց հերթին՝ խթան կհանդիսանան բիզնեսի զարգացման համար: Արդո՞ք դա համապատասխանում է իրականությանը: 

Պետությունը ունի բազմաթիվ ինստիտուտներ՝ հանձինս նախարարությունների, որոնք պարտավոր են գնահատել տնտեսական հնարավորությունները եւ այդ գնահատականը ներկայացնել բիզնեսին: Փոխարենը՝ իշխանությունները զբաղված են բիզնեսին շփոթմունքի մեջ գցելով՝ առանց հաշվի առնելու այն, որ հնարավոր է, որ բիզնեսը հավատա այդ խոսակցություններին եւ ֆինանսական պարտավորություններ վերցնելով՝ փորձի ընդլայնվել: Արդյունքում՝ ո՞վ է պատասխան տալու: Այնուամենայնիվ, բիզնեսը շատ լավ գիտի, թե ում հետ գործ ունի, թե իրականում ինչպիսին են այս իշխանությունները՝ խաբող, քցող, այդ պատճառով էլ այն հիմա ավելի զգույշ է գործում: Բիզնեսը այժմ գրավել է սպասողական դիրք, եւ ես խորհուրդ կտամ, որ ավելի սպասեն: Ճիշտ է, այս կտրուկ փոփոխությունների դեպքում լրացուցիչ գումարներ աշխատելու գայթակղությունը մեծ է, սակայն միեւնույն ժամանակ մեծ է նաեւ ռիսկայնությունը: Այս ամեն ինչին գումարած՝ Հայաստանում առկա է նաեւ հնարավորությունների սահմանափակություն:

Հայաստանի պրոբլեմն այն է, որ ինքը շուկան շատ փոքր է, եւ այս արտագաղթի պայմաններում այդ շուկան շատ ավելի փոքրացավ: Ներքին սպառման ծավալները անհամեմատ կրճատվել են, եւ ինչքան էլ որ փորձեն տարբեր հիմնավորումներ, բացատրություններ տալ, կա մի ճշմարտություն, չափանիշ՝ դա տնտեսության վիճակն է, որը իրենք պատճառաբանում են ապրանքների քիչ սպառմամբ: Իրականում տնտեսության այս վիճակը պայմանավորված է նրանով, որ Հայաստանում սպառող չի մնացել. միայն այս տարի արտագաղթել է 40 հազար մարդ, ովքեր հանդիսանում էին պոտենցիալ սպառողներ: Իսկ վերջին յոթ տարիների ընթացքում մեր շուկան ավելի է փոքրացել, եւ այսօր ՀՀ տնտեսության զարգացման ներքին  մոտիվացիա չկա:

Եթե կրկին անդրադառնանք Դավոսի մրցունակության համաշխարհային զեկույցին՝ կտեսնենք, որ նոր բիզնես սկսելու համար  անհրաժեշտ գործընթացների քանակով Հայաստանը զբաղեցնում է երրորդ տեղը: Այո՛, Հայաստանում նոր բիզնես կարելի է սկսել մեկ օրում, սակայն դրանով զբաղվել, այն զարգացնել չենք կարող:  

Կարծիքներ կան, որ եթե դառնանք Մաքսային միության կամ Եվրամիության անդամ, հնարավորություն կունենանք օգտվելու նոր, արդյունավետ պայմաններից, սակայն դա այդպես չէ: Ընդհանուր տնտեսագիտական եզրակացության համաձայն՝ երկրում բիզնեսով զբաղվելու, տնտեսություն վարելու հնարավորություններ չկան: Իսկ այդ հնարավորությունների բացակայությունը պայմանավորված է կոռուպցիայով, հարկային քաղաքականությամբ, արդարադատության կամ օրենքի հավասար կիրառման բացակայությամբ, տնտեսվարողների նկատմամբ տնտեսական օրենքների եւ հավասար պայմանների բացակայությամբ՝ մեկի նկատմամբ տեղական իշխանությունը մի վերաբերմունք է ցուցաբերում, մյուսի նկատմամբ՝ մեկ այլ, մեկին հնարավորություն են տալիս մասնակցելու պետական գնումներին, իսկ մյուսին՝ ոչ: Դա ոչ թե պայմանավորված է մրցակցությամբ, այլ պետական պաշտոնյաների կամայականությամբ: Ի վերջո, կարելի է ասել, որ այս ամենը հավասար մրցակցային դաշտի բացակայության արդյունք է՝ առանց որի չի կարող լինել բիզնեսի զարգացում:

Թե՛ քաղաքականության, թե՛ տնտեսության մեջ եւ թե՛ մշակութային կյանքում կամ սպորտում, առանց մրցակցային դաշտի առկայության՝ չի կարող խոսք լինել զարգացման մասին: Ի վերջո, ինչ-որ մի կետում, այդ ամենը բերում է նրան, որ պրոգրեսը դառնում է ռեգրես, իսկ մենք արդեն իսկ այդ ռեգրեսի մեջ ենք եւ անընդհատ շարունակելու ենք լինել, քանի դեռ այսօրվա Հայաստանում տիրող իրավիճակը չի նպաստում այդ պրոգրեսին: Ոչ ոք չի մտածում, որ օրենսդրական դաշտում աշխատելով՝ ձեռք կբերի առավելություն, այլ հակառակը՝ բոլորը մտածում են, թե ինչպես դուրս գան օրենսդրական դաշտից, քանի որ կարծում են, որ այնտեղ է առավելությունը:

Զրուցեց Մարիամ Մուրադյանը

Նախորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ն թարմացրել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը. Հայաստանի հավաքականը նահանջել է և հիմա 52-րդ տեղում է ‘
Հաջորդ հոդվածը‘Օհանյան. Հուսով եմ` հայ զինվորի մահվան հետ կապված միջադեպն անպատիժ չի մնա’