‘Վահագն Խաչատրյան. Տնտեսական ծրագրերն իրականացնում են իշխանությունների հարստացման համար’

1981

iLur.am-ի հետ զրույցում ասում է Հայ Ազգային Կոնգրեսի վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը

— Պարոն Խաչատրյան, Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից մեկնած ու վերադարձած քաղաքացիների վիճակագրական ցուցանիշները, ըստ որի՝ ավելի քան 123 հազար մարդ է հեռացել երկրից: Ինչպե՞ս եք մեկնաբանում այս տվյալները, եւ այն հանգամանքը, որ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը ոչ միայն չանդրադարձավ այս ցուցանիշներին, այլեւ՝ խոսում էր տնտեսական աճի տեմպերից:

— Հրապարակված վիճակագրական տվյալները հերթական անգամ ցույց տվեցին Հայաստանից տեղի ունեցող արտագաղթը: Դրանից հետո ես միանգամից հիշեցի Տիգրան Սարգսյանի՝ երկու տարի առաջ ասած խոսքերը. «Ամեն ինչ անենք, որպեսզի մարդիկ չփախչեն, որ մնան ու իրականացնեն հեղափոխությո՞ւն»: Հիմա, երբ նայում ենք Հայաստանից հեռացածների ու վերադարձածների թվի տարբերությունը հասել է ավելի քան 123 հազարի՝ նախորդ տարվա 99 հազարի փոխարեն, այլեւս կառավարության ղեկավարին ու նրա հանձնարարություններին լուրջ վրաբերվելն անտեղին է: Այս թվերի հրապարակումից հետո այս կառավարությունը, այս իշխանությունը պարզապես պետք է թողնի ու հեռանա: Հերիք է մարդկանց փորձեն խաբել՝ ինչ-որ ծրագրերով, մոտեցումներով, գաղափարներով: Ամենակարեւորն այն է, որ այսօր ՀՀ քաղաքացին չի ուզում իր երկրում ապրել, երկիրը դատարկվում է: Սրանից հետո էլ ի՞նչի մասին կարող է խոսք լինել:

— Բայց վարչապետը խոսում էր տնտեսական աճի մասին:

— Որեւէ տնտեսական աճ չկա: Ընդհակառակը: Այդ թվերի մեջ թող տեսնեն վիճակը ոնց է, թող տեսնեն, որ աշխատավարձի աճն ավելի դանդաղ է, քան ինֆլյացիան: Թող համեմատեն այդ թվերը: Թող տեսնեն, թե ինչ է կատարվում սպառման ծավալների մեջ, որոնք գնալով նվազում են: Այնպես որ, ես կարող եմ ասել՝ իրականում վիճակը գնալով վատանում է: Իսկ ներկայացված թվերը պարզապես մանիպուլյացիայի արդյունք են: Ես կարծում եմ՝ իրենք այս անգամ նախորդ տարվա նման չեն կարողանա մանիպուլյացիան այնպես անել, որ տարեվերջին 7 տոկոս տնտեսական աճ նկարեն: Եվ վերջապես՝ անկախ նրանից, թե ինչ թվեր են հրապարակվում, կարեւորը հետեւյալն է՝ արդյո՞ք քաղաքացիներիս կյանքում որեւէ դրական փոփոխություն կա, թե՞ ոչ: Իհարկե, չկա: Իրենց գրպաններում այդ փոփոխությունը միգուցե կա: Դա շատ լավ երեւում է իրենց հրապարակած ունեցվածքի հայտարարագրերից: Այնպես որ, կարող ենք եզրակացնել. Հայաստանում տնտեսական ծրագրերն իրականացնում են մեկ նպատակով՝ իշխանությունների հարստացման համար: Այո, այդ մարդիկ ծրագրերն անում են իրենց անձնական հարստացման համար:

— Այս իրավիճակից դուրս գալու ելքն ինչպե՞ս եք պատկերացնում:

— Իրավիճակի ելքը մի փոքր որոշեցին երիտասարդները՝ տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ իրենց պայքարով: Հիմա պետք է ներկայացնել վիճակագրական այս տվյալները, մարդկանց բացատրել, որ իշխանությունների որեւէ ծրագիր չի աշխատում հօգուտ ժողովրդի: Կրկնեմ՝ այդ ծրագրերի ամբողջ իմաստը կայանում է հենց իրենց՝ իշխանությունների հարստացման մեջ, այլ ոչ թե դրանք արվում են ՀՀ քաղաքացիների համար: Այնպես որ, քաղաքացիներն էլ պետք է որոշում կայացնեն այս իշխանություններին հեռացնելու մասին: Ավելի մեծ հանցագործություն, քան կատարվում է այսօր ՀՀ իշխանությունների կողմից՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ, չկա: Սա է իրականությունը: Մնացածը՝ ինչ ուզում են խոսեն, ինչ ծրագրեր ուզում են՝ ներկայացնեն, ինչ տնտեսական աճ ուզում են՝ ներկայացնեն: Ո՞ւմ է պետք այդ «տնտեսական աճը», եթե ՀՀ քաղաքացին գնում է սեփական երկրից:

Իսկ հավանական համարում եք, որ այս թանկացումները, սոցիալ-տնտեսական վիճակի լարվածությունը աշնանը նոր քաղաքական պրոցեսներ սկսելու հիմք դառնա:

— Դա ոչ թե հավանական եմ համարում, այլ՝ պարտադիր: Կարծում եմ՝ առաջին հերթին հենց Ազգային Ժողովում պետք է այս հարցերը բարձրացվեն ու քննարկման առարկա դառնան: Ես հասկանում եմ, որ իշխող կուսակցության ներկայացուցիչների սանձարձակությունը, անպատասխանատվությունը, ներկայացված փաստերը տարբեր ձեւերով մեկնաբանելը կամ դրանցից հրաժարվելը դարձել է կենսակերպ: Այսինքն՝ այս մարդկանց հետ կարծես թե գնալով ավելորդ է դառնում փաստերով խոսելը, ու պետք է մտածել նոր մոտեցումների մասին: Այդ մարդկանց փաստ ենք ներկայացնում, թիվ ենք ներկայացնում, միանգամից հրաժարվում են, թե իբր իրենք կապ չունեն դրա հետ: Ներկայացնում ենք փաստեր օֆշորի մասին, իրենց գծատեր լինելու մասին, ունեցվածքի հայտարարագրերի մասին, մարդիկ կտրուկ հրաժարվում են՝ «կապ չունեմ, նման բան չկա ու վերջ»: Սա նշանակում է, որ այս իշխանությունը որեւէ ձեւով չունի պատասխանատվություն: Այնպես որ, պետք է շարունակել պայքարը: Ու պետք օր առաջ ազատվել այս իշխանությունից:

Արման Գալոյան 

Նախորդ հոդվածը‘Խորհրդարանական «լավագույն» ծեծկռտուքները (տեսանյութեր)’
Հաջորդ հոդվածը‘«Թարգմանության դժվարություններ»՝ պարսկերենից’