‘Վահագն Չախալյանը եղբոր ձերբակալությունը սադրանք է համարում’

881

Վահագն Չախալյանը հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է իր եղբոր ձերբակալությանը:

«2013թ. հունիսի 28-ին Նինոծմինդայի շրջանի Գոնդուրա գյուղում տեղի ունեցած միջադեպի ժամանակ հատուկ ջոկատայինների կողմից ձերբակալվել է իմ եղբայր՝ Արմեն Չախալյանը:

Օրենքի առջև հավասար են բոլորը: Սակայն եղբորս ձերբակալության հանգամանքները ինձ հիմքեր են տալիս պնդելու, որ տեղի ունեցածը ակնհայտ քաղաքական դրդապատճառներով իրականացված սադրիչ գործողություն է, որի հեղինակներն են տեղական ուժային կառույցներում դեռևս որոշ չափով իրենց ազդեցությունը պահպանած Սաակաշվիլու-Մերաբիշվիլու ռեժիմի նախկին կամակատարները:

Հիմքեր ունեմ պնդելու, որ այս սադրիչ քայլով վերոնշյալ շրջանակները փորձում են արհեստականորեն լարել մթնոլորտը հայ բնակչության և կենտրոնական իշխանությունների միջև, երկկողմանի անվստահության պայմաններում վերականգնել իշխանափոխությունից հետո իրենց խարխլված դիրքերը:

Գտնում եմ, որ տեղի ունեցածը մեծ չափով հետևանք է նրան, որ մեր երկրի ներկայիս իշխանությունները մինչ այժմ չեն դրսևորել անհրաժեշտ վճռականություն և քաղաքական կամք՝ Ջավախքի հայ բնակչության նկատմամբ նախորդ ռեժիմի հանցագործ քաղաքականության դատապարտման, արդարության վերականգնման, հայաբնակ շրջաններում օրենքի գերակայության և ժողովրդավարական արժեքների հաստատման սկզբունքային գործում»:

 

Նախորդ հոդվածը‘Վահե Ավետյանի հիշատակին նվիրված մոմավառության ժամանակ անհետացել է նրա անվամբ հուշաքարը. Ֆոտոշարք’
Հաջորդ հոդվածը‘Ջենիֆեր Լոպեսին դատապարտում են Թուրքմենստանի առաջնորդի ծննդյան տարեդարձին ելույթի համար’