‘Վահան Բաբայան. Ժողովրդի միասնականության դեմն առնելն այլեւս հնարավոր չէ (Տեսանյութ)’

26696

iLur.am-ի հարցազրույցը ԱԺ ԲՀԿ խմբակցությունից պատգամավոր Վահան Բաբայանի հետ 

Պարոն Բաբայան, ԱԺ ընթացիկ քառօրյային եւ ընդհանրապես՝ վերջին շաբաթներին, Հանրապետական մեծամասնության ներկայացուցիչները բավական ակտիվ եւ ագրեսիվ ելույթներ են ունենում՝ անգամ իրենց ընդդիմախոսներին անձնական վիրավորանքներ հասցնելով եւ նույնիսկ պետական դավաճանության մեջ մեղադրելով: Ըստ Ձեզ, ինչո՞վ է պայմանավորված ՀՀԿ-ականների նման նյարդային պահվածքը:

Կարծում եմ, որ դա ուղիղ համեմատական է այն բանին, թե ինչքան մարդ է հավաքվում Ազատության հրապարակում, իսկ մարդկանց քանակը նրանց մտահոգվելու, նյարդայնանալու, ջղաձգվելու ահագին առիթներ է տալիս: Շատ անգամ իրենք մտածում են, որ իրենց հասցեին հնչեցված քննադատությունը կուսակցությունների կամ քաղաքական գործիչների կարծիքներն են: Նրանք չեն ուզում հասկանալ կամ հավատալ, որ հնարավոր է այնպիսի իրավիճակ, երբ իրենք կտրվել են իրականությունից: Իրենք գտնվում են մի միջավայրում, որտեղ ունեն իրենց մտերիմները, եւ կարծում են, թե ժողովրդի մեծամասնությունը իրենց նման է մտածում: Բայց հասարակության 99 տոկոսն այսօր դեմ է այս վիճակին, այս իշխանություններին: Ոչ ոք գոհ չէ, ոչ մի ոլորտում առաջընթաց չկա: Եվ երբ որ մարդիկ հավաքվում են եւ իրենց բողոքն են արտահայտում, իշխանությունները սկսում են ջղաձգվել: Դա նորմալ երեւույթ է, թեեւ պետք է ասեմ, որ քաղաքականությունը պետք է լինի ամենաքիչ էմոցիոնալ պոռթկումների արվեստ, որովհետեւ եթե նրանց նյարդերը հոկտեմբերի 10-ի հանրահավաքից հետո չեն դիմանում, հետաքրքիր է՝ հոկտեմբերի 24-ի հանրահավաքից հետո՞ ինչ են անելու: Չէ՞ որ գնալով համաժողովրդական շարժումը հզորանում է, եւ հզորանալուն զուգահեռ, փոխանակ իրենք փորձեն ճիշտ գնահատել ստեղծված իրավիճակը, անում են հակառակը՝ փորձում են հայտարարությունների եւ այլ գործողությունների միջոցով ցույց տալ, թե իբր վստահ են իրենց ուժերի վրա: Ես երեկ ԱԺ նիստում հայտարարեցի, որ չի կարելի այդքան վստահ լինել: Շատ ինքնավստահ մարդիկ են եղել պատմության մեջ, եւ այդ վստահությունը լավ բանի չի բերել:

Ի դեպ, հոկտեմբերի 24-ի հանրահավաքի մասին: Ձեր ընդդիմախոսները կանխատեսում են, որ ժողովուրդը ի վերջո կհիասթափվի այս գործընթացից՝ կոնկրետ քայլեր չտեսնելով: Դուք ի՞նչ ակնկալիք ունեք գալիք հանրահավաքից:

Դա արհեստական մոտեցում է: Իշխանական որոշ լրատվամիջոցների եւ որոշակի շրջանակների կողմից քարոզվող գիծ է, թե՝ տեսեք, մարդիկ հանրահավաք արեցին, եւ ոչինչ չփոխվեց: Բայց ժողովուրդը շատ լավ գիտակցում է, որ մեկ օրում արմատական փոփոխություններ անել հնարավոր չէ: Երկրորդ՝ բոլորը պատկերացնում են, որ իշխանափոխությունը կոնկրետ, հասցեագրված քաղաքական քայլերի հաջորդականություն է, որը պետք է սառնասրտորեն, քայլ առ քայլ, հաշվարկված կերպով տանել առաջ, եւ էմոցիաների հետեւից ընկնել, ասել, որ պետք է միանգամից իշխանափոխություն անել, նշանակում է՝ խանգարել համաժողովրդական շարժման կայացմանը:  Բոլոր երկրներում նման մեթոդներով իշխանափոխություն է տեղի ունեցել: Եւ եթե դա հասարակության պահանջն է (իսկ դա միանշանակ հասարակության պահանջն է), դա պետք է ուղղակի ճիշտ ուղղորդել: Հայաստանի դեպքում իշխանափոխությունը պետք է լինի անցնցում եւ անպայման խաղաղ ճանապարհով, որպեսզի բոլորը հասկանան, որ մենք մեր տան մեջ կարող ենք մեր հարցերը լուծել խաղաղ ճանապարհով:
Ձեր ընդդիմախոսներն ասում են նաեւ, որ հարթակում գտնվող ուժերի մեջ պակասում է միասնականությունը: Հոկտեմբերի 10-ից հետո եւ գալիք հանրահավաքին ընդառաջ հարթակի վրա գտնվող ընդդիմության ներսում միասնականության խնդիր կա՞:

Եթե հիշում եք, նախորդ հանրահավաքին առաջին նախագահը նշեց, որ Եռյակի ներսում պետք է լինի ղեկավար կազմի կոնսենսուս: Ես հավատացած եմ, որ այնտեղ հավաքված են այնքան փորձառու ղեկավարներ, որոնք իրոք կարող են իշխանափոխության ճանապարհային քարտեզը գծել եւ իրականացնել այն: Մնացածը անլուրջ խոսակցություններ են, որոնք նպաստում են մարդկանց մեջ կասկածների, անվստահության տարածմանը, ինչը անընդունելի է այն մարդկանց համար, որոնք իրոք ուզում են իրականացնել իշխանափոխություն՝ ի շահ մեր հասարակության, մեր պետության, այլ ոչ թե էմոցիաների կամ անձերի ամբիցիաներից ելնելով: Եվս մեկ անգամ ուզում եմ իմ կոչը ուղղել այդպիսի մարդկանց. իրենց  գնացքը վաղուց գնացել է: Ժողովրդի միասնականության դեմն առնելն այլեւս հնարավոր չէ, եւ հոկտեմբերի 24-ին իշխանության ներկայացուցիչները կամ որոշակի լրատվամիջոցներն իրենք կտեսնեն, թե ինչ է կատարվելու, ինչքան մարդ է գալու հրապարակ, եւ ամենակարեւորը՝ ինչ է վանկարկելու ժողովուրդը: Եվ ես կարծում եմ, որ բոլոր հնարավոր մեթոդները մենք կարող ենք օգտագործել՝ ժողովրդի սպասելիքներն արդարացնելու համար: Կուզենամ նշել նաեւ կարեւոր կետերից մեկը, այն է՝ հանրահավաքին ելույթ կունենա ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որով բոլոր հարցերի պատասխանները կտրվեն:  

Նախորդ հոդվածը‘Մանուկյանը՝ Աշոտյանին. Դուք նպատակային ոչնչացրեցիք մասնավոր բուհերը’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Ի պաշտոնե Հայաստանի երկրորդ դեմքի մենախոսությունը` ըստ ժողովրդի’