‘Վահան Բաբայան. Իշխանափոխությունը նպատակ չէ, այլ միջոց է’

1372

iLur.am-ի զրուցակիցն է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը

Պարոն Բաբայան, քաղաքական դաշտի քննարկումների առարկան շարունակում է մնալ Եռյակի՝ հոկտեմբերի 24-ի հանրահավաքը: Քանի որ Եռյակը սկսել է իշխանափոխության գործընթաց, իր ելույթում իշխանափոխության մասին արտահայտվեց նաեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Կխնդրեի ներկայացնել՝ Հայաստանում ինչո՞ւ է անհրաժեշտ իշխանափոխությունը:

Իշխանափոխությունը, նախ, նպատակ չէ,այլ միջոց է: Մենք իշխանափոխությունից հետո, առաջին հերթին, նախատեսում ենք կանգնեցնել արտագաղթը, ստեղծել պայմաններ եւ հնարավորություններ մեր հայրենակիցների համար, որպեսզի իրենք աշխատեն և արարեն իրենց սեփական երկրում, այլ ոչ թե օտար պետություններում: Երկրորդը՝ մենք վերացնելու ենք մենաշնորհը թե՛ քաղաքական դաշտում, թե՛ տնտեսությունում: Համակարգային փոփոխություններից հետո մարդը իրոք պետք է դառնա գերագույն արժեք մեր հասարակությունում, եւ Հայաստանում հաստատվեն ժողովրդավարության բոլոր գործող նորմերը: Մի խոսքով, իշխանափոխության արդյունքում մենք հնարավոր ենք համարում, որ մեր երկիրը դառնա ժամանակակից եւ զարգացած պետություն, որի հետ հաշվի կնստեն եւ կհարգեն:

Այնպիսի տպավորություն է, որ իշխանությունները սպասում են՝ հանրահավաքային շարժումն ինքն իրեն մարի, գնա: Արդյո՞ք այս շարժմանը նման ճակատագիր է սպասվում:

Շարժումը նոր է թափ հավաքում եւ գնալով հզորանում է, այլ հարց է, որ շատերին դա դուր կարող է չգալ, քանի որ դրանով իրենք կորցնում են իրենց ազդեցությունը եւ պաշտոնները, իսկ վերջում՝ նաեւ ֆինանսական ռեսուրսները, բայց մենք ունենք այն, ինչ ունենք, եւ վստահ եմ, որ իշխանափոխությունն անխուսափելի է:

Հոկտեմբերի 24-ի հանրահավաքից անցել է ավելի քան մեկ շաբաթ, բայց Եռյակը դեռ չի հայտարարել հաջորդ հանրահավաքի մասին, չի խոսվում նաեւ կոնկրետ քայլերի մասին: Ինչո՞ւ, ե՞րբ սպասենք հանրահավաքի:

Դա եռյակի ղեկավարների որոշելիքն է: Ստրատեգիական առումով մենք մեր բոլոր քարտերը չենք բացել: Կգա ժամանակը՝ ամեն ինչ կիմանաք. ասում են՝ համբերությունը կյանք է:

Արման Գալոյան

Նախորդ հոդվածը‘Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ. Գյուղացիները բողոքով հասել են Երևան, «որովհետև վստահությունը կորել է արդարադատության նկատմամբ» ‘
Հաջորդ հոդվածը‘Նալբանդյանն ու ՄԹ Եվրոպայի հարցերով պետնախարարը Ամուլսարի հա՞րցն են քննարկել’