‘Վահան Վարդապետյան. Համաժողովրդական շարժումն սկսված է, պետք է թափ հավաքի և վերջնական արդյունքի հանգեցնի ‘

29128

iLur.am-ը զրուցել է հայտնի բժիշկ, Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ Վահան Վարդապետյանի հետ

Պարոն Վարդապետյան, վաղվա հանրահավաքին ընդառաջ՝ ի՞նչ ակնկալիքներ ունեք:

Հոկտեմբերի 10-ի հանրահավաքից հետո ես զգում եմ, որ ավելի լայն հետաքրքրություն, ավելի մեծ սպասում կա հանրության շրջանում, և արդեն համընդհանուր մոբիլիզացիա է սկսված: Տեղեկացվածությունն արդեն հասել է գագաթնակետին: Բոլորը մեծ սպասումներ ունեն, և հասարակությունը պետք է իր էմոցիաները հաղորդի հարթակ: Ոչ միայն մենք պետք է հրահանգներ ստանանք հարթակից և կարգապահ ձևով իրականացնենք դրանք, ինչը պահանջում է համընդհանուր գործի հաջողությունը, այլև մենք պետք է մեր էմոցիաները, մեր պահանջները պարտադրենք հարթակին, որ հարթակը նույնպես զգա, որ այս էներգետիկան թույլ չի տա ձգձգողական, կիսատ-պռատ որոշումներ կայացնելու, որ հասարակության պահանջը մեկն է՝ ամբողջական, ավարտական իշխանափոխություն:

Նախորդ հանրահավաքից հետո, հատկապես՝ ԱԺ ընթացիկ քառօրյայում ,ՀՀԿ-ական պատգամավորները բավական ակտիվացել են և իրենց ընդդիմախոսների դեմ ագրեսիվ հռետորաբանություն են սկսել կիրառել: Ձեր կարծիքով՝ ո՞րն է դրա պատճառը:

Դուք ինչո՞ւ եք զարմանում, որ նրանց վարքագիծը փոխվել է՝ ավելի ագրեսիվ են դարձել, ավելի նյարդային են դարձել: Իսկ ինչ է՝ ավելի բարեհամբու՞յր պետք է դառնային: Պիտի ուրախանայի՞ն: Իհարկե՝ շվարած են, իհարկե՝ այլայլված են, որովհետև տեղի է ունեցել մի բան, որին իրենք ամեն կերպ ցանկացել են խոչընդոտել, որպեսզի իրականություն չդառնա: Ամեն ինչ են արել և իրենք իրենց հավատացրել, որ դա իրականություն չի դառնալու: Եւ հիմա մի այնպիսի բան է իրողոթյուն դարձել, որ տարիներ առաջ անգամ մեզանից շատերի համար կարող էր պատրանք թվալ: Եվս մեկ անգամ Հանրապետության հիմնադիր նախագահն ապացուցեց, որ քաղաքականությունն իր համար գիտություն է, արվեստ է: Որ ինքը կարող է նպատակ դնել և շատերի համար անիրականանալի թվացող հանգամանքները դարձնել իրողություն: Անգամ մենք, շատ հարգելով, ընդունելով, մեր շրջապատներին այդ ամեն ինչը հաղորդելով՝ այնուհանդերձ, երբեմն խորհել ենք՝ բա որ հանկարծ չստացվի: Եվ հիմա, ճիշտն ասած, երբ այս համագործակցությունն իրողություն է դարձել, ես շնորհավորում եմ բոլորիս: Պատկերացրեք, երբ բժշկին հաջողվում է մի փայլուն գործ կատարել, որքա՛ն լավ է զգում, ի՛նչ մասնագիտական բավարարություն է ստանում: Երբ ճարտարապետը մի կոթող է ստեղծում, ի՛նչ բավարարվածություն է ստանում: Հիմա ես հասկանում եմ մեր բոլորի բերկրանքը, և հատկապես՝ այս գաղափարի հեղինակի բերկրանքը: Ինձ թվում է՝ այդքանից հետո բոլոր այն չարախոսողները անգամ տղայական հատկանիշներ չունեն՝ իրենց սխալն ընդունելու համար: Մի խոսքով, տեղի է ունեցել այն մեծ իրողությունը, որից այսօր կախված է մեր ժողովրդի, մեր պետականության ճակատագիրը: Ես չեմ չափազանցում՝ ուզենանք, թե չուզենանք, այդ համագործակցությունն է, որը հիմք է դնում նոր իրողության՝ համաժողովրդական շարժման նոր վերելքի: Այսօր այդ շարժումն սկսված է, զարգացման փուլում է, և մենք կտեսնենք, թե ինչ պտուղներ է բերելու: Եվ, բնականաբար, ես ու դու չպետք է զարմանանք, թե ինչու այդ վարժեցված երիտասարդները, կամ, ինչպես իրենք են անվանել՝ հաճախորդների ցանցն ագրեսիվ է կամ նեղված: Ոչինչ:

Այնուհանդերձ, դեռ որոշակի շրջանակներում թերահավատություն կա՝ ասում են, թե ԲՀԿ-ն վերջին պահին կլքի հարթակը, կամ մատնանշում են տարաձայնությունները արտաքին քաղաքական հարցերի շուրջ:

Նախապես հայտարարված էր՝ արտաքին քաղաքական որևէ հարց դրված չէ: Այստեղ դրված է ներքին հարցերի լուծում, իշխանափոխություն: Մեր պետականությունն այսօր վտանգված է, և ոչ Սահմանադրության անկատարությունն է վտանգում, ոչ էլ՝ արտաքին քաղաքականության հետ կապված վիճակը: Ճիշտ հակառակը՝ նախ պետք է ստեղծել օրինակարգ իշխանություն: Եթե ունեցանք օրինակարգ իշխանություն, մենք կկարողանանք նաև արժանապատիվ գործընկեր լինել: Եվ պետք չէ զբաղվել դեմագոգիայով և անընդհատ քննարկել այն միտքը, որ «Եվրասիական միություն մտնելն անշրջելի իրողություն է»: Մոռանում են, թե ովքեր ամեն ինչ տվեցին՝ իրենց պաշտոնները պահելու համար: Էդ ամեն ինչի մեղավորներին թողած՝ հիմա դեմագոգիայով զբաղվե՞լ ու տարակուսել այն մտքից, որ դա անշրջելի իրողությո՞ւն է:

Սերժ Սարգսյանն անսպասելիորեն հետաձգեց սահմանադրական փոփոխությունների գործընթացը: Ո՞րն էր պատճառը, և ի՞նչ հետևություններ կարելի է անել դրանից:

Մարդկային այս տեսակը առաջնորդի տեսակ չէ: Նա կարող է հետաձգել, նահանջել. երբեք չպետք է տուրք տալ դրան: Համաժողովրդական շարժումն սկսված է, պետք  է թափ հավաքի և վերջնական արդյունքի հանգեցնի: Իսկ բոլոր վարժեցված հաճոյախոսողներն ավելի բարի թող լինեն և նման ծառայություններ չմատուցեն իրենց ղեկավարին: Հակառակը՝ պետք է թողնեն իրենց ղեկավարին ինքնամփոփվի և գոնե մեկ անգամ ճիշտ որոշում կայացնի հրաժարական տալու մասին: Պետք  չէ այդ մարդուն դրդել, գրգռել՝ դուր գալու համար: Հակառակը, նա նույնպես կարող է այդ հրաժարականի փաստով դրական ձևով մնալ մարդկանց հիշողության մեջ, չնայած այս բոլոր չարիքների՝ գոնե մի դրական գործ կկատարի:

Վանաձորի հանրահավաքում դուք հետաքրքիր կերպով ներկայացրիք հարթակում կանգնած առաջնորդներին…

Այո, ես ասացի, որ շատ հզոր հարթակ է ձևավորվել: Եթե Հայաստանի հիմնադիր նախագահ Տեր-Պետրոսյանն է, ուրեմն հարթակում միտք է, գաղափար և ծրագիր՝ կոնսոլիդացիայի ճարտարապետը: Ես նշեցի և այսօր էլ պնդում եմ՝ Ծառուկյան, այսինքն՝ մեծ սխրանք. իր անցած այս ճանապարհը սխրանք է: Ինչ վտանգներով նա ապացուցեց իր նշանաբանը՝ «խոսքը գործ է»: Եվս մեկ անգամ ուզում եմ նշել, որ այդ հարթակում ևս երկու ընտրված նախագահներ են՝ 2003-ին ընտրված, միշտ արժանապատիվ և սկզբունքային ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը և 2013-ին ամենաշատ ձայները հավաքած, հաղթանակած Րաֆֆի Հովհաննիսյանը:  

Նախորդ հոդվածը‘ԱԺ-ն շարունակում է քառօրյա նիստերի աշխատանքը (ուղիղ)’
Հաջորդ հոդվածը‘Բուրժուադեմոկրատական հեղափոխություն’