‘Վահան Վարդապետյան. Հայ ազգային կոնգրեսի գործընկերը պայքարող քաղաքացին է (ՉԻ)’

173349

«ՉԻ»-ն զրուցել է Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ, բժիշկ Վահան Վարդապետյանի հետ: Հարցազրույցը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

— Օրերս խորհրդարան բերվեց Սերժ Սարգսյանին իմպիչմենտի ենթարկելու մասին նախաձեռնություն, որին Հայ ազգային կոնգրես խմբակցությունը չմիացավ։ Այս փաստն անհանգստացրեց նաեւ իշխող մեծամասնությանը, ովքեր ամբիոնից ելույթներ էին ունենում՝ հորդորելով Կոնգրեսին միանալ Սերժ Սարգսյանին իմպիչմենտի ենթարկելու նախաձեռնությանը։ Ինչպե՞ս կբացատրեք այս հանգամանքը։

— Լեւոն Զուրաբյանը եւ Հայ ազգային կոնգրեսի մյուս պատգամավորները լավագույնս բացահայտեցին իշխանությունների այս ծրագիրը։ Անձամբ չեմ ուզում որեւէ մեկին անդրադառնալ, որովհետեւ բոլորին է հայտնի, թե ինչ կատարվեց։ Ոմանց պահվածքն արդեն ոչ միայն դուրս է դաստիարակության, բարոյականության շրջանակներից, այլեւ ուղղակի դարձել է «պաթոլոգիկ»։ Ոմանք անգամ ուրանում են իրենց կենսագրության մի հատվածը եւ եթե մի քիչ էլ խորանան, միգուցե, իրենց ծնունդն էլ սխալ համարեն։ Թող հիշեն, թե ինչ համակրելի եւ հասարակության կողմից գնահատելի անձինք էին իրենք, երբ կանգնած էին Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին, իսկ այսօր, ինքնաուրացման ճանապարհով, ինչ ողորմելի ու հակասական վիճակում են հայտնվել։ Ցավում եմ, որ անբուժելի վիճակում են, քանզի իրենց բուժման անհրաժեշտությունն անգամ չեն տեսնում։

Անկախ Հայաստանի վերջին տարիների պատմությունը լավագույնս ապացուցում է, որ ով ուրանում է, ժխտում է առաջին նախագահի բացառիկ ներդրումները, առավել եւս դավաճանում՝ արժանանում է բարոյական ինքնաոչնչացման։ Մի հրաշալի օրինակ եմ ուզում ներկայացնել. երբ մեր ժամանակների մեծագույն արվեստագետ Օհան Դուրյանի հասցեին որոշ երաժիշտներ վայրահաչում էին ու թերագնահատում, մեծ արվեստագետն ու քաղաքացին մեծահոգաբար արժեւորում էր նրանց ձիրքն ու տաղանդը, քանզի իր բացառիկ հանճարի դիրքերից այլ կերպ վարվել չէր կարող։ Նույնկերպ քանիցս եմ լսել Տեր-Պետրոսյանի բարձր գնահատականն ու երախտիքի խոսքը համաժողովրդական շարժման մեջ ներդրում ունեցած բոլոր գործիչների մասին։ Անգամ այսօր իշխանությունները, եթե իրենց մեջ ուժ գտնեն եւ օգտվեն Տեր-Պետրոսյանի դրած բարձր չափանիշներից ու արժեքներից, կկարողանան հաջողություններ գրանցել (խոսքը մասնավորապես Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված հռչակագրի վերաբերյալ Լեւոն Տեր-Պետրոսյանի մտահոգությունների մասին է, ինչը ոչ միայն որպես հիմնադիր նախագահի, այլեւ բացառիկ գիտնականի մտահոգություն է՝ նման հռչակագրով չվտանգելու հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հարցի կարգավորման հայանպաստ հնարավորությունները)։

— Ակտիվ շրջանառության մեջ է մտել «ինստիտուցիոնալ ընդդիմություն» ստեղծելու գաղափարը, որին կողմ են արտահայտվում ոչ միայն որոշ ընդդիմադիր, այլեւ իշխանական գործիչներ։ Ի՞նչ է հետապնդում «ինստիտուցիոնալ ընդդիմություն» ստեղծելու նրանց ձգտումը։

— Հայաստանը զարմանահրաշ երկիր է։ Մի ժամանակ իշխանությունը շահագրգռված էր, այսպես կոչված, «կառուցողական ընդդիմություն» ունենալու գաղափարով, ապա՝ ընդդիմության ընդդիմություն ձեւավորելու, իսկ այսօր՝  «ինստիտուցիոնալ ընդդիմություն» կառուցելու ջանքերով։ Ազգային ժողովի վերջին քառօրյա նիստում բոլորս ականատես եղանք, թե այս ուղղությամբ ինչ համագործակցություն էր ընթանում բացարձակ տարբեր ուժերի ներկայացուցիչների միջեւ։ Եթե ավելի պարզ բնութագրենք, դրա նպատակը մեկն է՝ իշխանությունն արդեն ինքը պետք է որոշի՝ ով է ընդդիմություն։ Իրենք մտածում են, թե հիմա հարմար պահն է ստեղծել իրենց համար առավել հարմարավետ ընդդիմություն։ Միգուցե իշխանություններն ատեստացիանե՞ր անցկացնեն եւ հատուկ վկայագրեր ու արտոնագրեր շնորհեն ու գուցե հատուկ կրծքանշաննե՞ր տան՝ քննությունն հաջողությամբ հանձնած «ինստիտուցիոնալ ընդդիմադիրներին»։ Այս ամենին կարելի է տալ մեկ գնահատական՝ պռոստիտուցիոնալ ընդդիմություն (իհարկե, այս բնութագրման հեղինակային իրավունքը ինձ չի պատկանում, բայց ավելի քան դիպուկ է բնորոշում ստեղծված իրավիճակը)։ Իշխանության նպատակը մի ընդդիմություն շինելն է, որը պետք է պատվերով, դոզավորված խոսի եւ՛ իշխանության, եւ՛ իրական ընդդիմության դեմ։

— Այդ դեպքում ինչպե՞ս պետք է հանրությունը տարբերի իրական ընդդիմությունը, այսպես կոչված, «ինստիտուցիոնալ ընդդիմությունից»։

— Մեր հասարակությունը, հատկապես պայքարող քաղաքացին, շատ լավ տարբերակում է։ Անգամ բնազդորեն մարդիկ զգում են ֆալշը, կեղծը, զգում են եւ գիտակցում, թե ով է իրենց  մտահոգությունների, հույզերի իրական արտահայտիչն ու անկեղծ, վճռական քաղաքական պայքարի կազմակերպիչը։ Մեր հասարակությունը չի խաբվել եւ այսուհետ եւս չի շեղվելու՝ հասկանալով, թե ով է իրենց հետ անկեղծ եղել։ Նայեք, Գյումրիի դեպքերը ողջ հանրության կողմից միասնականորեն գնահատվեցին որպես ողբերգություն։ Ես վստահ եմ, որ հանրությունը նույնկերպ միասնականորեն ընկալում է, որ նման իշխանություն ունենալն ավելի մեծ ողբերգություն է, Սերժ Սարգսյանի իշխանավարման շարունակությունը միայն ու միայն մղձավանջ է ու ճգնաժամ, ձախողում ու դեգրադացիա։ Ազգային ժողովում հարց են բարձրացնում համատարած ճգնաժամի մասին, որին իշխանությունները հակադարձում են, թե ճգնաժամն ընդդիմության մեջ է։ Եթե իշխանություններին թվում է, թե ընդդիմության ճգնաժամի հաշվին իրենք ուժեղանում են, նշանակում է, որ իշխանությունն այլեւս գոյություն չունի։

— Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, որը խորհրդարան էր եկել ձեռնափայտով, կատակել էր՝ ասելով, թե ընդդիմությունն այսօր կաղում է, ինչին Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը պատասխանել էր, թե ընդդիմությունը կաղում է երեք ոտքից։

— Եթե պարոն Զուրաբյանը ժամանակավորապես կաղում է ոտքից, ապա իշխանությունը կաղում է գաղափարից, մտքից եւ,առհասարակ, երկիրը ղեկավարելու ունակությունից։ Չմոռանանք նաեւ «կաղ բադիկի» սինդրոմը եւ այն հաղթահարելու նպատակով ձեռնարկվելիք սահմանադրական «բարեփոխումները»։

— Քաղաքական դաշտում մեծ փոփոխություններ տեղի ունեցան ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի ունեցած հայտնի ելույթից հետո, երբ նա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու եւ վերջինիս բիզնեսում հարկային ստուգումներ անցկացնելու մասին հանձնարարական տվեց, ազատեց Ազգային անվտանգության խորհրդի անդամի պաշտոնից, ինչպես նաեւ խոսեց Գ. Ծառուկյանի մտավոր կարողություններից։  Ի վերջո, ի՞նչը ստիպեց Սերժ Սարգսյանին անցնել նման հարձակման։

— Այն, ինչ տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանդեպ, պարզապես ահաբեկչություն էր։ Եվ թող որեւէ մեկին չթվա, թե սա ուժեղ իշխանության կեցվածք է։ Իշխանությունը հասարակությանն ու քաղաքական ուժերին ահաբեկելով չի ուժեղանում։ Իշխանության ուժը հասարակությանը համախմբելու, գաղափարով, մտքով բանականությամբ «տիրելու» մեջ է կայանում, ոչ թե բռնարարքների կամ ստորացման։ Ազգային ժողովի վերջին քառօրյան եւս մեկ անգամ ապացուցեց, որ խորհրդարանի ոգին, միտքն ու խիղճը Հայ ազգային կոնգրեսի 5 պատգամավորների մեջ է։ Ենթադրենք, իշխանությունը կրկին մնաց հասարակության ահռելի հոգսերի դեմ-դիմաց՝ անկատար ու անկարող վիճակում։ Հասարակության համար ի՞նչ կարեւորագույն հարց լուծվեց, ո՞ր մի կենսական խնդիրը բարելավվեց։ Իշխանությունը եւս մեկ անգամ ապացուցեց, որ անհնարին է համախմբվել իր շուրջը եւ նորից նպաստեց համախմբվելու իր դեմ։ Իշխանությունն այժմ ավելի քան մերկ է ու խոցելի։

Սերժ Սարգսյանը, ձեր կողմից մեջբերված ելույթում, խոսեց մյուս ուժի գրագիտության, տգիտության, մականունների եւ այլնի մասին՝ միգուցե չնկատելով, որ իր շուրջը համախմբվել են միայն «ազնվագույն», «պարկեշտ», «բանիմաց» եւ հասարակական մեծ «արժեք» ներկայացնող գործիչներ։ Ինչ խոսք, շատ խրախուսելի է, որ Հայաստանում բանավեճ է ծավալվում քաղաքական դաշտի գրագիտության շուրջ, եւ այս բանավեճում իշխանությունն անչափ խոցելի է։ Միանշանակ իրավացի է իշխանությունը, որ քաղաքական դաշտը չպետք է վերածել կրկեսի։ Սակայն, հասարակությունը չի մոռացել բարձրագույն իշխանության ներկայացուցիչների ոչ միայն կրկեսային, այլեւ անգամ ծաղրածուական փայլուն կատարումները։

— Պարոն Վարդապետյան, ԲՀԿ-ի հանդեպ կատարած «ահաբեկչական» գործողություններից հետո կարծիքներ են հնչում, որ Հայ ազգային կոնգրեսն արդեն միայնակ է, եւ Կոնգրեսի համար այլեւս անհնար կդառնա իշխանության դեմ առերես պայքար տանել։ Այդպե՞ս է։

— Ուզում եմ փարատել ձեր կասկածները եւ շեշտել, որ Հայ ազգային կոնգրեսը բացարձակ մենակ չի մնացել։ Կոնգրեսը պայքարող հասարակության հետ է, եւ պայքարող հասարակությունն էլ իր հույսը կապել ու կապելու է ՀԱԿ-ի հետ, որովհետեւ Հայ ազգային կոնգրեսը միշտ անկեղծ է եղել հանրության հետ, երբեք չի թաքցրել ճշմարտությունն ու անհրաժեշտ բոլոր քայլերը նախաձեռնել է իշխանափոխության ուղղությամբ։ Շատերը մեզ կարող են քննադատել, որ վերջնական հաղթանակ դեռեւս չկա։ Այո, թեեւ մենք չենք հասել վերջնական հաղթանակի, բայց շատ մեծ աշխատանք ենք կատարել ու կատարում դրան հասնելու համար։

— Տեսակետներ կան, որ ԲՀԿ-ի հանդեպ Սերժ Սարգսյանի կատարած գործողություններից հետո «Քաղաքագիտական վերլուծությունը» արդեն ձախողված է։ Այդպե՞ս է։

— Քաղաքական հոտառությունից եւ տեսողությունից զուրկ անհեռատեսները միայն կարող են խորությամբ չըմբռնել «Քաղաքագիտական վերլուծության» արդյունքները։ Ապագան կհաստատի, որ այն բացառիկ արդյունքներ է տվել։ Եվ հուսով եմ, որ շուտով հասունանում է եւս մեկ «Քաղաքագիտական վերլուծություն» շարժման վերջնական հաղթանակին հասնելու ուղիները ուրվագծելու նպատակով։

— Մարտի 1-ին Հայ ազգային կոնգրեսը հրավիրել է հանրահավաք։ Ներքաղաքական զարգացումների ֆոնին՝ ի՞նչ արդյունք կունենա հրավիրված հանրահավաքը։

— Մարտի 1-ի հանրահավաքը պայքարի շարունակական ընթացքի վկայությունն է։ Պայքարը շարունակվում է։ Մենք ողջունում ենք բոլորի մասնակցությունը։ Ովքեր մեզ հետ իրական պայքար կմղեն, մենք միայն կողջունենք։ Մի՛ մոռացեք, որ մեզ լիցքավորող ուժը պայքարող քաղաքացին է, պայքարող հասարակությունը։ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ձգձգումը ձեռնտու է միայն արտաքին այն շրջանակներին, որոնք շահագրգիռ են Հայաստանի խոցելիության պատճառով սեփական նկրտումներն իրականացնելու միտումներով։ Բոլոր այն ուժերը՝ ներքին ու արտաքին, որոնք կնպաստեն Սերժ Սարգսյանի իշխանության պահպանմանը, արժանանալու են հայ հասարակության հակակրանքին։

— Լեւոն Տեր-Պետրոսյանը մասնակցելո՞ւ է մարտի 1-ի հանրահավաքին։

— Վստահաբար՝ այո։ Քանզի Տեր-Պետրոսյանի խոսքն ու հետագա պայքարի ուղենիշներն այսօր առավել քան անհրաժեշտ են համաժողովրդական շարժման մասնակիցների համար։ Ճիշտ կողմնորոշված հասարակությունը հաստատակամ քայլերով գնալու է դեպի հաղթանակ։ 

Նախորդ հոդվածը‘ Սուարես. «Անգլիական լրատվամիջոցները միշտ ուզում են վնասել ինձ»’
Հաջորդ հոդվածը‘Կլոպ. «Հույս ունեմ` շաբաթ օրը մարզադաշտում ռումբ չեն հայտնաբերի»’