‘Վահան Փափազյանը ներկայացնում է 1993-ին Փարիզում տեղի ունեցած հայ-թուրքական հանդիպման մանրամասները ‘

2035

Yerkir.am կայքի փոխանցմամբ, Թուրքիայի ազգայնական «Ազգային շարժում» կուսակցության փոխնախագահ Թուղրուլ Թյուրքեշը, հակադարձելով իրեն ուղղված այն մեղադրանքին, որ իր հայրը` Արփարսլան Թյուրքեշը, 1993թ. հանդիպել է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ` մի պահի, երբ Հայաստանը ջախջախում էր Ադրբեջանին, ասել է, թե իբր այդ հանդիպման ժամանակ փորձ է արվել «2015-ի դեմ միջոցառումներ ձեռնարկել»:

1993-96-ին Հայաստանի արտգործնախարար Վահան Փափազյանը iLur.am-ի խնդրանքով մանրամասներ ներկայացրեց 1993-ի մարտին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` Փարիզ կատարած պաշտոնական այցելության ընթացքում տեղի ունեցած հանդիպման վերաբերյալ: «Ես բավական լավ հիշում եմ այդ հանդիպումը: Այն տեղի ունեցավ թուրքական կողմի խնդրանքով: Որպես միջնորդ հանդես եկավ Թուրքիայի քաղաքացի, ծագումով հայ Սամսոն Օզարարատը, որը մոտեցել էր հայկական պատվիրակության անդամներին եւ ասել, որ Արփարսլան Թյուրքեշը գտնվում է Փարիզում եւ հանդիպման ցանկություն է հայտնել: Միջնորդը նշեց, որ Թյուրքեշի կուսակցությունը եւ ինքն անձամբ բավական մեծ ազդեցություն ունեն Թուրքիայի կառավարության վրա, եւ իրեն թվում է, որ այդ հանդիպումը կարող է օգտակար լինել», — պատմում է Վահան Փափազյանը: Նրա խոսքով, հայկական կողմը չի մերժել առաջարկը, եւ հանդիպումը տեղի է ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանի` Փարիզի կեցավայրում:

Հանդիպմանը հայկական կողմից մասնակցել են, մասնավորապես, նախագահ Տեր-Պետրոսյանը, ԱԳ նախարար Վահան Փափազյանը, նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը, իսկ թուրքական կողմից` Սամսոն Օզարարատը, Արփարսլան Թյուրքեշը եւ նրա որդին` Թուղրուլը: «Պետք է ասել, որ ավելի անբովանդակ եւ անիմաստ հանդիպում ես դժվարանում եմ հիշել, որովհետեւ որևէ առարկայական հարց չի քննարկվել, իսկ Ցեղասպանության խնդիրն ընդհանրապես չի հիշատակվել»,- պատմում է Վահան Փափազյանը: Նրա խոսքով, Թյուրքեշի մոտեցումը հանդիպման ընթացքում մոտավորապես հետեւյալն էր. ինքը հայերին լավ է ճանաչում, իր հարեւանների մեջ եղել են հայեր, նույնիսկ իր անձնական բժիշկն է հայ եղել, այո, հայերի եւ թուրքերի միջեւ խնդիրներ են եղել, բայց հիմա պետք է դրանք մոռանալ եւ շարժվել առաջ «եւ այլ նման տափակաբանություններ»:

«Կրկնեմ, որեւէ առարկայական հարցի քննարկում չի եղել: Ավելին ասեմ. ես, արդեն մի քսան րոպե հետո, տեսնելով, որ հանդիպումը միանգամայն անիմաստ է, ստիպված եղա հասկացնել թուրքական կողմին, որ մենք այլեւս հետաքրքրված չենք զրույցի շարունակությամբ:Դրա համար նույնիսկ տեղիցս վեր կացա, գնացի, նստեցի պատուհանի գոգին` դրանով հասկացնելով, որ այլեւս խոսելու բան չկա: Այդպիսով` հանդիպումն ավարտվեց»,- ասաց նախկին արտգործնախարարը:

Վահան Փափազյանը նշեց նաեւ, որ մամուլում առաջին անգամը չէ, որ անդրադարձ է եղել այդ հանդիպմանը: Նրա խոսքով, նույն Սամսոն Օզարարատը, տարիներ առաջ հայտարարել է, թե իբր այդ հանդիպմանը ինչ-ինչ արդյունքների հասնելու հնարավորություն կար, բայց Փափազյանը թույլ չտվեց: «Նորից եմ կրկնում, այդ ամենն ուղղակի զառանցանք է: Մենք նույնիսկ հանդիպումից հետո զվարճանում էինք դրա անիմաստության վրա», — եզրափակեց դիվանագետը:  

Մեր կողմից հավելենք, որ սրանով ակնհայտ է դառնում, որ Թուղրուլ Թյուրքեշը պարզապես էժանագին սուտ է հորինել` Լևոն Տեր-Պետրոսյանի հետ իր հոր հանդիպման փաստն արդարացնելու համար:

Նախորդ հոդվածը‘Կոմորովսկի. Առանց Տիմոշենկոյի հարցի լուծման էլ կարելի է ստորագրել ասոցացման համաձայնագիրը’
Հաջորդ հոդվածը‘Հեռուստամարաթոն-2013-Ուղիղ’