‘Վահե Գրիգորյան. Գավառական այս ֆաշուլյաները որոշել են Եվրոպայում պայքարել «ռասիզմի եւ մարդատյացության դեմ» ‘

1694

Փաստաբան Վահե Գրիգորյանը Ֆեյսբուքում գրում է.

Հայաստանն արդեն երկու շաբաթ է՝ ստանձնել է Եվրոպայի Խորհրդի նախագահությունը: Տեւելու է վեց ամիս: Առաջին անգամն է Հայաստանի պատմության մեջ: ԵԽ այսօրվա անդամների կազմն անփոփոխ մնալու դեպքում՝ այս կարգավիճակը հաջորդ անգամ բախտ կվիճակվի ունենալ մի 24 տարի հետո: Բայց այս ամենին պատշաճ ուշադրություն չի դարձվում: Հրաշալի այս դիվանագիտական, քաղաքական, իրավական եւ մշակութային հնարավորությունը մի տեսակ՝ զինվորի մտադրությամբ փորձվում է յոլա տանելով անցկացնել, սուսիկ-թուսիկ անշառ վերջացնել, թողել՝ գալ տուն: Բայց ամենակարեւորը, մի տեսակ, այնպես անաղմուկ էլի, շատերի բերանը չընկնի. հանկարծ քաղաքական բանտարկյալ, բազմաթիվ մահվան ելքերով դեպքերի անարդյունավետ քննություն, համակարգային մակարդակով ընտրական իրավունքի խախտումներ, 2008թ.-ի մարտի 1-ի պես ոճրագործության պարտակում, ունեզրկված եւ անտուն կենտրոնի նախկին (գուցեեւ արդեն՝ Հայաստանի նախկին) բնակիչներ եւ այլ մանր-մունր բաներ հանկարծ չբարձրաձայնվեն մամուլի եւ եւ հասարակության կողմից: Մի խոսքով, երեւի, որ չուզողները հանկարծ էլի հարամ չանեն: Մի խոսքով՝ համեստ են:
Բայց այնպես չի, որ դուրսն էլ են այսպես սուսիկ-փուսիկ, համեստ: Մի շաբաթ առաջ նայում եմ, թե լավ, բայց մեր խոսքն ի՞նչ է լինելու այդ նախագահության ժամանակ, ի՞նչ ենք մենք փորձելու ավելացնել այդ, այսպես կոչված, եվրոպական ժառանգությանը (եթե նման բան մնացել է դեռ): Ու սա եմ գտնում.

«Հայաստանյան նախագահության ժամանակ հետեւյալ նպատակներն են հետապնդվելու.
պայքար ռասիզմի եւ մարդատյացության դեմ Եվրոպայում. եվրոպական արժեքների տարածում միջմշակութային դիալոգի միջոցով:
մարդու իրավունքերի ստանդարտների եւ իրավունքի գերիշխանության ամրապնդում:
նպաստել/աջակցել դեմոկրատական հասարակություններին/հանրույթներին:
ամրապնդել Եվրոպայի Խորհրդի դիրքերը եվրոպական կառույցներում»:

Չէ, բայց զգո՞ւմ եք: Հլը վերհիշեք այս բանն անողների դեմքերն ու սրանց տեքստերը:  Գավառական այս ֆաշուլյաները որոշել են Եվրոպայում պայքարել «ռասիզմի եւ մարդատյացության դեմ», էլ չասած, որ նպաստելու են պարոնայք նեմեցի, թոխմախի, լֆիկի, շմայսի, վովիկի, չոռնիի, սաշիկի, միշիկի եւ այլոց «դեմոկրատական հանրույթին»: Լեւոն Բարսեղյանը էստեղ կասեր՝ ես էլ առողջություն չունեմ»:

Նախորդ հոդվածը‘Էրիկ Աբիդալը հրաժեշտ տվեց թիմակիցներին եւ չկարողացավ զսպել արցունքները’
Հաջորդ հոդվածը‘Հրանտ Տէր-Աբրահամյան. Ընդդիմադիր խոսքի արժեզրկման պատճառները’