‘Վահե Գրիգորյան. Հանրապետության չորրորդ նախագահը դեռ չի ընտրվել’

75972

—          Պարոն Գրիգորյան, նախորդ հարցազրույցում Ձեր փաստարկները ներկայացրիք այն մասին, թե ինչ ուղիղ բովանդակություն ունեն Սահմանադրության մի քանի հոդվածներ, որոնց պահանջներով, ինչպես Դուք նշեցիք, Հանրապետության 4-րդ նախագահի ընտրության իրավունքը պատկանում է քաղաքացիներին, իսկ Ազգային ժողովը չունի նման լիազորություն: Դուք նաեւ հստակեցրիք, որ դա Սահմանադրության տառի պահանջն էր: Այս մոտեցմանը հակառակ դիրքորոշում ունեցողների հիմնական մասը հայտնեց, որ Ձեր մոտեցումները Սահմանադրության տառից եւ բառից կառչելու մոտեցումներ են եւ չունեն այլ հիմնավորում, քան Սահմանադրության տեքստի լեզվական եւ տեխնիկական բովանդակությունը: Որո՞նք են այն հիմնավորումները, եթե կարող եք վկայակոչել այդպիսիք, որոնք ընկած են քաղաքացիների կողմից Հանրապետության 4-րդ նախագահի ընտրության սահմանադրական պահանջի հիմքում:

Քանի որ նախորդ հարցազրույցից հետո մենք իրականում հասանք դրանով հետապնդված հիմնական նպատակին՝ լռեցնել ուշադրություն շեղող աղմուկը Սահմանադրության տառի մեկնաբանության վերաբերյալ, ապա հիմա արդեն կարող ենք խնդիրը քննարկել հաջորդ հարթությունում՝ Սահմանադրությամբ նախատեսված պետական իշխանության համակարգի շինարարության եւ դրա կենսագործունեության տրամաբանության շրջանակներում: Եւ այստեղ արդեն նույնիսկ այն աղմուկը չի լինելու, ինչ Սահմանադրության տեքստի կամայական եւ անտրամաբանական մեկնաբանությունների դեպքում:

Որքան որ անառարկելի է քաղաքացիների կողմից Հանրապետության 4-րդ նախագահի ընտրության սահմանադրական նորմերի իմաստը հայերենում, բազմապատիկ անգամ ավելի համոզիչ է նման կարգավորման հիմքում ընկած պետական իշխանության մարմինների կենսագործունեության համակարգային տրամաբանությունը: Ավելին, Հանրապետության 4-րդ նախագահի ընտրության պահանջը ոչ թե առկա տարբերակներից մեկն է, այլ առկա միակ տարբերակը, որը կարող է Սահմանադրությամբ նախատեսված պետական իշխանության իրականացման տրամաբանության մեջ ընդունելի համարվել: Դրան հակառակ, այս տարբերակին անբացատրելի հուզականությամբ հակառակվող ընդդիմախոսների առաջարկած տարբերակը՝ Հանրապետության 4-րդ նախագահի ընտրությունը Ազգային ժողովի կողմից, ոչ միայն չի կարող առհասարակ դիտարկվել որպես տարբերակ պետական իշխանության մարմինների գործունեության եւ դերի մասին Սահմանադրությամբ նախատեսված տարբեր դրույթների համակարգային վերլուծության արդյունքում, այլ նաեւ՝ հանդիսանում է որոշումների կայացման այն տարբերակը, որից խուսափելու համար հենց ամբողջ պետական իշխանության իրականացման սահմանադրական կարգն է փոփոխվել 2015թ.-ին:

Այստեղ հակափաստարկներ, որպես այդպիսիք, չեն ներկայացվելու: Այս հարցում Դուք կհամոզվեք հենց իրենց քար լռությունից: Այս հարցերի պարզաբանումներիս նպատակը խնդիրը Հանրապետության քաղաքացու՝ խնդրո իրավունքի տիրոջը ներկայացնելն է, այլ ոչ ընդդիմախոսներիս հետ բանավեճի մեջ մտնելը: Բանավեճ չի էլ լինելու, վստահեցնում եմ: Նրանք այս հարթություն չեն էլ համարձակվելու մտնել:

Այսպիսով, մենք ունենք քննարկման ենթակա երկու տարբերակ. Հանրապետության 4-րդ նախագահի ընտրությունը Ազգային ժողովի եւ քաղաքացիների կողմից:

 

—          Սկսենք Ազգային ժողովի կողմից Հանրապետության 4-րդ նախագահի ընտրության հարցից: Բացատրեք, խնդրում եմ, թե ինչու է այս տարբերակը, ինչպես Դուք եք պնդում, հակառակ Սահմանադրության բովանդակությանը եւ, եթե կարելի է ասել՝ ոգուն: Մի կողմ թողնենք Սահմանադրության բառացի պահանջը: Ինչո՞ւ չի կարող Սահմանադրությունը մեկնաբանվել այնպես, որ Հանրապետության 4-րդ նախագահին ընտրի Ազգային ժողովը:

Գիտե՞ք, իրավունքում բառերի կամ արտահայտությունների ճշգրտության վրա ուշադրություն հրավիրող մարդկանց հայաստանյան իրավակիրառ մշակույթում անվանում են «տառակերներ»: Այս մեղադրանքի էությունն այն է, թե այդ ճշգրտությունը չափազանցված է եւ գերակայում է նյութի էությանը: Մինչդեռ նման մեղադրանք առաջադրողները ճշգրիտ տերմինների բացակայության պայմաններում բավականին խորը մտածված մոլորեցնող թեզերի առաջադրողներ եւ պալատական քարոզիչների օգնությամբ հանրային գիտակցության մեջ այդ կեղծ եւ գիտականակերպ թեզերն ամրացնողներ են:

Երկու ճշգրտումից հետո կտեսնեք, թե որքան են պարզվում այն ջրերը, որի պղտորության մեջ իշխանության ձուկը իրենց ձեռքում միշտ հայտնում է «սահմանադրական ճանապարհով»: Եւ բնականաբար, կտեսնեք, թե որքանով է այդ ճանապարհը «սահմանադրական» կոնկրետ այս խնդրո առարկայի վերաբերյալ՝ Հանրապետության 4-րդ նախագահի ընտրության:

Նախ, երբ խոսում ենք Սահմանադրության մասին, պետք է հստակեցնել, թե որ Սահմանադրության մասին է խոսքը՝ 2005 թվականի՞, թե՞ 2015 թվականի Սահմանադրության: Կարծում եմ, որ սրանց տարբերության մասին կարիք չկա ծավալվել: Ընդամենը նշեմ, որ այս երկու Սահմանադրությունների գլխավոր տարբերությունը խնդրո առարկայի (Հանրապետության 4-րդ նախագահի ընտրության) վերաբերյալ այն է, որ 2005թ. Սահմանադրությունը կիսանախագահական հանրապետության Սահմանադրություն է, իսկ 2015-ինը՝ պառլամենտական հանրապետության Սահմանադրություն:

Այստեղ ընթերցողի համար կարեւոր է մտապահել, որ հանրապետության պետական իշխանության իրականացման կազմակերպման առումով մենք դեռ ապրում ենք կիսանախագահական հանրապետության մոդելի  պայմաններում՝ 2005թ. Սահմանադրության:

Այսինքն՝ գործող, այս պահին Հանրապետության 4-րդ նախագահին «ընտրելու» համար օգտագործվող Ազգային ժողովը, հիշենք, կիսանախագահական հանրապետության Ազգային ժողովն է: Այն դեռ չի վերածվել պառլամենտական հանրապետության Ազգային ժողովի, որի լիազորությունների շրջանակը եւ դերը սահմանված է 2015թ. Սահմանադրությամբ:

Իսկ այս՝ կիսանախագահական մոդելի հանրապետության պայմաններում, Ազգային ժողովն ունի զուտ օրենսդիր գործառույթ (խնդրո առարկայի նկատմամբ նաեւ այլ անկարեւոր լիազորություններով), եւ նրա դերն ու լիազորութոււնների շրջանակն ի սկզբանե չի նախատեսել, չի նախատեսում եւ չի կարող նախատեսել պետության գլխի ընտրությունը, որքանով որ այն պարտադրվի այս մարմնին: Եւ սա ոչ միայն սահմանադրական լիազորությունների բացակայության պատճառով, այլ, նախեւառաջ, այս մարմնի կողմից նման ընտրության կատարման գործնական անհնարինության պատճառով: Սրան դեռ կանդրադառնամ:

Իսկ 2015թ. Սահմանադրությամբ նախատեսված լիազորություններով Ազգային ժողովն արդեն ամբողջությամբ զինված եւ հագեցած է այնպիսի լիազորություններով, որոնք այս ատյան են տեղափոխում իշխանության կենտրոնը, բնականաբար՝ գործադիր եւ դատական իշխանության գործունեության համար դրանց հայեցողության շրջանակների պահպանմամբ: Այդ միայն 2015թ. Սահմանադրությամբ է, որ Հանրապետության նախագահի լիազորությունների գերակշիռ մասը կառավարությանը եւ Ազգային ժողովին փոխանցելուց հետո Ազգային ժողովն այլեւս չի կրում Հանրապետության նախագահի ազդեցությունը իր գործունեության նկատմամբ՝ սրանով իսկ իր որոշումները կայացնելով սուվերեն կամքով եւ առանց իր նկատմամբ գերակա ազդեցության: Մի վիճակ, որ անհրաժեշտ է պետության գլխի ընտրության հարցում:

Կրկին հիշենք, թե երբ ենք մենք ունենալու այսպիսի Ազգային ժողով: Եւ այդ հարցում խնդրում եմ կրկին ստուգել Սահմանադրության 209-210, 213, 215-216 եւ 218 հոդվածները, որոնք ուժ են տալիս Ազգային ժողովի այս լիազորություններին միայն Հանրապետության 4-րդ նախագահի կողմից իր պաշտոնամուտի օրը:

Այսինքն, 2015թ. Սահմանադրությամբ պետական իշխանության մարմինների համակարգի եւ դրանց փոխադարձ հարաբերությունների իմաստով՝ Հանրապետության գլխի ընտրությունը վերապահված է մի Ազգային ժողովի, որն իր տիրույթում է կենտրոնացրել իշխանության իրականացման եւ իշխանության մյուս թեւերի ձեւավորման լիազորությունների գերակշիռ մասը, այսպիսով՝  պետության գլխի ընտրության հարցում ոչ միայն չունենալով իր նկատմամբ որեւէ ազդեցության աղբյուր, այլ հենց ինքը լինելով պետական իշխանության գրավիտացիայի կենտրոնը ողջ պետական իշխանության համակարգի համար:

Նկատեք, որ ՀՀԿ կողմից քարոզչական ասպարեզ գործուղված որեւէ լեգիստի կողմից Դուք չեք լսելու հստակ ձեւակերպված բացատրություններ առ այն, թե այդ կոնկրետ ո՛ր Սահմանադրության բովանդակությունից կամ ոգուց է բխում Հարապետության 4-րդ նախագահի ընտրությունը Ազգային ժողովի կողմից:

Ավելին, նրանց՝ Սահմանադրության տառին հակառակ մեկնաբանությունն այն մասին, թե Հանրապետության 4-րդ նախագահի ընտրությունը պետք է տեղի ունենա Ազգային ժողովի կողմից, այն աստիճան անհեթեթ է թե՛ իրավունքի եւ թե՛ քաղաքագիտության դիտանկյունից, որ նման պնդումը չի՛ բխում՝ միաժամանակ, եւ հակասում է, կրկին՝ միաժամանակ, հենց երկու Սահմանադրությունների ոգուն:

2015թ. Սահմանադրության բովանդակությանը եւ ոգուն այս մեկնաբանությունը հակասում է այնքանով, որքանով այս պահին գործող Ազգային ժողովը չի կարող համեմատվել եւ հավասարվել որեւէ կերպ 2015թ. Սահմանադրությամբ նախատեսված՝ հասուն եւ հզոր, իշխանության գրավիտացիայի կենտրոն պառլամենտին: Որպեսզի հասունանա այդ աստիճանի, այն (1) անհրաժեշտաբար պետք է ունենա այդ լիազորությունները, որոնք ձեռք է բերելու Հանրապետության 4-րդ նախագահի պաշտոնամուտի օրը: Այդ օրն այն ոչ միայն ձեռք է բերելու իր ողջ զինանոցն ու պաշտպանիչ զրահը, այլ նաեւ (2) զրկվելու է իշխանության թեւերի մրցակցային պայքարում իր ամենագլխավոր ախոյանի՝ 2005թ. Սահմանադրության լիազորություններով Հանրապետության նախագահի՝ փաստացի քաղաքական կյանքում յուրօրինակ սեւ խոռոչի անկասելի գրավիտացիայից: Սրանից հետո միայն այս Ազգային ժողովն ի վիճակի կլինի իր որոշումներում չկրել իշխանության մյուս ճյուղերի ազդեցությունը: Սակայն նույնիսկ այդ օրվա դրությամբ այն չի ունենալու պետական իշխանության մարմինների համակարգում իր կշիռը, քանի դեռ ամբողջությամբ չի գործարկել իր լիազորությունները, որի հենց ամենամոտ ժամկետը Հանրապետության 5-րդ նախագահի հերթական ընտրությունն է:

2005թ. Սահմանադրության բովանդակությանը եւ ոգուն այս մեկնաբանությունը հակասում է այնքանով, որքանով որ այս՝ կիսանախագահական հանրապետության Ազգային ժողովը ստեղծված չի եղել, դրա խնդիրը չի եղել որեւէ դեպքում ընտրել պետության գլուխ: Սա օրենսդրի այն մոդելն է, որը կարող է իր սահմանադրական գործառույթները կատարել բացառապես քաղաքացիների կողմից ընտրվող եւ ընդարձակ իշխանական լիազորություններ ունեցող Նախագահի պարագայում (սխալ չէր լինի ասել՝ ստվերում), ինչպես եւ եղել է եւ դեռ է՛ ըստ գործող կարգի: Այս մոդելը ոչ միայն սահմանադրաիրավական լիազորությունների բացակայության պատճառով է, որի ուժով Ազգային ժողովը չի կարող դիտարկվել իշխանության գրավիտացիայի կենտրոն, որը եւ կարող է ընտրել պետության գլխին (ինչպես եւ նախատեսված է 2015թ. Սահմանադրությամբ): Այն, ամենակարեւորը, նաեւ չունի պետության գլուխ ընտրելու համար անհրաժեշտ կամքի ազատություն՝ նման որոշում կայացնելու համար, քանի որ պառլամենտական մեծամասնության ղեկավար Նախագահի պարագայում իշխանությունը գերկենտրոնացված է վերջինիս ձեռքում՝ հանգեցնելով հակասահմանադրական այնպիսի իրողության, երբ պետական իշխանությունը գերանձնավորվում է, ինչն արգելակ է հանդիսանում իշխանությունների իրական բաժանման եւ հավասարակշռման համար՝ հանգեցնելով գործադիր իշխանության (կարդա՝ Հանրապետության նախագահի) նկատմամբ գործուն քաղաքական վերահսկողության բացակայության:

 

—          Ձեր վերջին՝ 2005թ. Սահմանադրությամբ Հանրապետության նախագահի ունեցած գերկենտրոնացված իշխանության մասին պնդումը, ըստ երեւույթին, ոչ միայն իրավական, այլ նաեւ քաղաքագիտական հիմնավորումներ պահանջող պնդում է: Դուք, փաստորեն, պնդում եք, որ ոչ միայն Սահմանադրության իրավական բովանդակությանն է հակասում Ազգային ժողովի կողմից Հանրապետության 4-րդ նախագահի ընտրությունը, այլ նաեւ քաղաքագիտական առումով նման լուծումը կարող է հանգեցնել իշխանության գերկենտրոնացման: Ո՞րն է նման պնդման հիմքը:

Ես չունեմ նման հիմնարար եւ կատեգորիկ պնդման հիմնավորում: Դրանք իմը չեն, բայց ես դրանց անվերապահորեն վստահում եմ: Այդ պնդման հիմնավորումները գոյություն ունեն իմ վերլուծություններից անկախ:

Առաջինը՝ իրականությունն է:

Իսկ երկրորդը, որքան էլ որ անհավատալի կթվա ընթերցողին՝ հենց ՀՀԿ-ական լեգիստների իսկ կատարած վերլուծությունների եւ հետազոտությունների արդյունքում իրենց իսկ հանգած եզրակացությունը:

Այո, այո: Եւ սա դեռ ամենազարմանալի բանը չէ այն պարզ իրողության պայմաններում, որ քաղաքացիների՝ Սահմանադրության ուղիղ տեքստով եւ բոլոր հիմնավորումներով ամրագրված իրավունքը կարող է մեկնաբանվել որպես դրա բացակայություն:

Հարգելի ընթերցող, ես այդ հիմնավոր եզրահանգումը ընդամենը մեջբերել եմ, ոչ ավել ոչ պակաս՝ 2015թ. սահմանադրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը հիմնավորող իշխանական լեգիստների ամբողջ իրավագիտական եւ քաղաքագիտական մտքի կոնսոլիդացիայի արդյունքում ձեւավորված փաստաթղթից, որ ձեզնից յուրաքանչյուրը կարող է գտնել այս հղումով:

Սա այն փաստաթուղթն է, որը 2015թ. ներկայացվել է Հանրապետության Ազգային ժողով՝ 2005թ. Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը հիմնավորելու նպատակով:

Ճշգրտության նպատակով մեջբերեմ ուղիղ.

«Կիսանախագահական կառավարման ձևը պրակտիկայում գործում է երեք հիմնական եղանակով, որոնցից յուրաքանչյուրն ունի իրեն ներհատուկ խնդիրներ.

 

ա) եթե Հանրապետության նախագահը պառլամենտական մեծամասնության ղեկավարն է, ապա հնարավոր է՝

—       իշխանության գերկենտրոնացում Հանրապետության նախագահի ձեռքում.

—       կառավարում Սահմանադրության տառին հակառակ (կառավարության սահմանադրական դերի նսեմացում, կառավարման կրկնորդում): 

Արդյունքում պետական իշխանությունը գերանձնավորվում է, ինչն արգելակ է դառնում իշխանությունների իրական բաժանման և հավասարակշռման համար, բացակայում է գործուն քաղաքական վերահսկողությունը գործադիր իշխանության նկատմամբ.

բ) եթե Հանրապետության նախագահը և խորհրդարանական մեծամասնությունը միմյանց հակադիր են («համակե­ցություն»), ապա քաղաքական փոխզիջումների բացակայության դեպքում հնարավոր է այնպիսի առճակատում, որը որևէ ինստիտուցիոնալ լուծում չի ունենա.

գ) եթե խորհրդարանում չկա մեծամասնություն, ապա կարող է առաջանալ`

—       գործադիր իշխանության երկբևեռություն, հատկապես այնպիսի կարևոր ոլորտներում, որոնք են արտաքին քաղաքականությունը, պաշտպանությունը և ազգային անվտանգությունը.

—       անկայունություն, որտեղ Հանրապետության նախագահը կարող է նաև խանգարող լինել (այդ մասին է վկայում Վայմարյան Հանրապետության փորձը)»:

Այսինքն, կիսանախագահական հանրապետության մոդելի փոփոխության հիմնավորումը հիմքում ունեցել է այս՝ հնարավոր երեք տարբերակների վտանգը: Եւ, քանի որ վերջին երկու տարբերակները երբեւէ Հայաստանում իրենց զգացնել չեն տվել, ապա Սահմանադրության փոփոխությունների անհրաժեշտության համար ողջ գործնական ապացուցողական բազան հիմնվել է այն պարզ իրողության վրա, որը նկարագրված է (ա) կետում, որն էլ մեր առօրյա իրականությունն է:

Սա մի ապշեցուցիչ իրողություն է: Մարդիկ պետական իշխանության մարմինների մի ողջ համակարգի եւ դրա հիմքով Սահմանադրության ռադիկալ փոփոխության են դիմել, կոնկրետ վերցրած, ակնհայտորեն՝ հենց այս իրավիճակից խուսափելու նպատակով, եւ ուղիղ երկու տարի անց կանգնել եւ վրացական ժողովրդական երգչախմբի տոնայնությամբ եւ տարբեր ձայներով, բայց նույն երգը երգելով՝ մեզ պատմում են, որ պետության գլխի ընտրությունը պետք է լինի այն Ազգային ժողովի որոշման հարցը, որի իշխանությունը գերկենտրոնացված է դրանում մեծամասնություն կազմող կուսակցության ղեկավարի ձեռքում, որն էլ հենց պետության գլուխն է այս պահին:

Այլ խոսքով, իշխանական լեգիստների իսկ պնդումն այն չէ, որ Հանրապետության 4-րդ նախագահին պետք է ընտրի 2005թ. Սահմանադրության լիազորությունների շրջանակով Ազգային ժողովը: Ինչպե՞ս կարող է առհասարակ ընտրություն կատարել մի մարմին, որի իշխանությունն իսկ կենտրոնացած է մեկ այլ մարմնի ձեռքում:

Սահմանադրության տառին հակասող այն մեկնաբանությունը, համաձայն որի՝ Հանրապետության 4-րդ նախագահի ընտրությունը պետք է տեղի ունենա Ազգային ժողովի կողմից, նրանց այն քողարկված, բայց, ըստ էության՝ հաստատական պնդումն է, որ Հանրապետության 4-րդ նախագահին պետք է ընտրի Հանրապետության քաղաքացի Սերժ Սարգսյանը, որի ձեռքում եւ գերանձնավորված իշխանությունն է կենտրոնացած հենց իրենց իսկ պնդման եւ, որը որեւէ քաղաքական պատասխանատվություն չի կրում տեղի ունեցողի համար: Այսինքն՝ քաղաքական իմաստով Ազգայն ժողովն ընդամենը քաղաքցի Սերժ Սարգսյանի կայացրած որոշումների կատարածուն է, իսկ խնդրի սահմանադրականության դիտանկյունից, որոշումը կայացնում է մի պետական ինստիտուտ (տվյալ դեպքում՝ Նախագահի ինստիտուտը), որը չունի նման լիազորություն, նման որոշումը քողարկելով մեկ այլ մարմնի անվամբ, որը, կրկին չունի նման լիազորություն:

Եւ այս հենց այսօրվա իրողությունն է, որ մեր բոլորի աչքի առջեւ տեղի է ունենում անթաքույս:

Այսինքն, խոսք անգամ լինել չի կարող Ազգային ժողովի կողմից Հանրապետության 4-րդ նախագահի ընտրության որեւէ, կրկնում եմ՝ որեւէ հիմնավորման մասին, որը ոչ միայն չբխի, այլ առնավզն չհակասի թե 2005թ.-ի եւ թե 2015թ.-ի Սահմանադրությունների բովանդակությանը եւ ոգուն:

 

—          Նախորդ հարցազրույցում խոստացել էիք պարզաբանել, թե այդ դեպքում ինչ նշանակություն ունի առհասարակ 211 հոդվածը, ինչու է այն անհրաժեշտ: Եթե Հանրապետության 4-րդ նախագահին պետք է ընտրեն քաղաքացիները, ապա ինչո՞ւ է պետք առհասարակ 5-րդ նախագահի համար նախատեսել ընտրության ավելի պարզեցված կարգ, քան մյուս նախագահների համար:

Իմ կարծիքով՝ 211 հոդվածով խոսքը վերաբերում է Հանրապետության 5-րդ նախագահի ընտրությանը եւ փաստացի՝ Ազգային ժողովի կողմից կատարվելիք պետության գլխի առաջին ընտրությանը:

Հիշենք, որ սա, փաստորեն, այդ պահի դրությամբ լինելու է 2005թ. Սահմանադրությունից պետական իշխանության մարմինների համակարգում մնացած վերջին մնացորդից ազատվելու պահը: Հիշենք, որ խոսքը վերաբերում է քաղաքացու կողմից ընտրված նախագահին, որի մանդատի քաղաքական կշիռը հատկապես ընդգծված է լինելու հենց այդ փաստով, թեկուզեւ իր լիազորությունները միայն ու միայն կարող են լինել 2015թ. Սահմանադրության շրջանակներում:

Ոչ մի տարօրինակ բան չկա նրանում, որ 2005թ. Սահմանդրության այս վերջին պորտալարից կտվելու համար նման հստակ կարգավորում է նախատեսված՝ միաժամանակ նաեւ պարզեցնելով պետության գլխի ընտրության կարգը՝ նման ընթացակարգի անվարժության խնդրին չբախվելու համար:

Կրկնեմ, որ պարոն Պողոսյանի պատասխանը շատ տրամաբանական է: Սակայն միայն Սահմանադրության տեքստի սխալ մեկնաբանության վրա կառուցված ենթադրության մասնակի շրջանակի տիրույթում, եթե այս մեկնաբանությունը որեւէ կերպ ընդունելի լիներ 2005թ. կամ 2015թ. Սահամանդրություններից որեւէ մեկի տրամաբանության մեջ՝ 2015թ. Սահմանադրության լիազորություններով նախագահին 2005թ. Սահմանադրությամբ նախատեսված համակարգի կողմից «ընտրեցնելու» տրամաբանության մեջ, ապա գուցեւ այս հոդվածը ունենար նման նշանակություն:

Սակայն միայն այն փաստի բերումով, որ 211 հոդվածը շատ հարմար կլիներ վերաբերեցնել Սահմանադրության իշխանական մեկնաբանությանը, այդ մեկնաբանությունը համոզչություն ձեռք չի բերում:

Կներեք, նույն տրամաբանությունը մեզ առաջնորդում է նման մեկ այլ օրինակի: Օրինակ՝ Մակարով տեսակի ատրճանակը կարելի է շատ հարմարավետորեն օգտագործել ընկույզ կոտրելիս (իմ ծառայության տարիներին տարածված մի հայտնի կատակ կար այս մասին): Բայց որքանո՞վ խելամիտ կհամարեք այս փաստից բխող այն դատողությունը, համաձայն որի՝ Պյոտր Չայկովսկու հանճարեղ «Щелкунчик» բալետը 9մմ տրամաչափի մի ատրճանակի մասին է:

 

—          Դուք ներկայացրիք, թե որքանով է հակասում Ազգային ժողովի կողմից Հանրապետության 4-րդ նախագահի ընտրությունը միաժամանակ երկու Սահմանադրությունների ոգուն՝ 2005թ. եւ 2015թ.: Փաստորեն՝  մնում է քաղաքացիների կողմից Հանրապետության 4-րդ նախագահի ընտրությունը՝ որպես հավանական տարբերակ: Իսկ որքանո՞վ է այն համապատասխանում գործող Սահմանադրության պահանջներին:

 

Այս հարցի պատասխանը պարզից էլ պարզ է: Հայաստանը դեռ գտնվում է կիսանախագահական հանրապետության մոդել սահմանած 2005թ. Սահմանադրության գործողության ժամանակային հատվածում (պետական իշխանության իրականացման համակարգի մասով): Իսկ Հանրապետության նախագահի՝ քաղաքացիների կողմից ընտրության կարգը ոչ միայն բխում է, այլեւ ամբողջությամբ կազմում է ժողովրդի իշխանության իրականացման գլխավոր միջոցը այս հանրապետության գոյության արդեն երկուսուկես տասնամյակի ընթացքում:

Այսինքն, սա միակ եւ բնականորեն ընդունելի տարբերակն է եղել ի սկզբանե եւ է՛ մինչեւ 2015թ. Սահմանադրությամբ սահմանված լիազորություններով պառլամենտի գործարկումը:

Քաղաքացիների կողմից Հանրապետության 4-րդ նախագահի ընտությունն ըստ Սահմանադրության տեղի է ունենալու 2005թ. Սահմանադրությամբ նախատեսված կարգով՝ թեկնածուին առաջադրվող պահանջների եւ ընտրակարգի մասով, սակայն ընտրված նախագահի լիազորությունները լինելու են բացառապես 2015թ. Սահմանադրությամբ սահմանվածները՝ որպես արդեն նոր Սահմանադրությամբ նախագահի կարգավիճակ հենց իր պաշտոնավարման պահից՝ նպատակ ունենալով սահուն կերպով կյանքի կոչել պառլամենտական հանրապետության ձեւավորման եւ ամրապնդման սահմանադրական օրակարգը:

 

—          Դուք նշում եք, որ Սահմանադրության համաձայն՝ Հանրապետության 4-րդ նախագահը ընտրվում է քաղաքացիների կողմից 2005թ. Սահմանադրությամբ նախատեսված ընտրակարգով, բայց հենց այս պահին Ազգային ժողովում տեղի է ունենում Հանրապետության 4-րդ նախագահի ընտրությունը:

Ամբողջ շփոթն էլ հենց այն է, որ վերը բերված փաստարկների ներկայությամբ էլ մենք դեռ կարծում ենք, որ կիսանախագահական հանրապետության Ազգային ժողովը, այսինքն՝ այս Ազգային ժողովն առհասարակ որեւէ բան ի զորու է ընտրել:

Քաղաքացուն չպետք է հետաքրքրի, թե ինչով է զբաղված մի մարմին, որի իշխանությունը կենտրոնացած է դրանից մի քանի հասցե վերեւ: Այդ մարմինն այս պահին կարող է իր հասկանալով ընտրել Հանրապետության 4-րդ նախագահին, իսկ մի քանի ժամ անց կնշանակեն Լոռվա դքսին եւ Ագարակի կյուրֆյուրստին՝ միաժամանակյա ծեսով: Պետք չի անհանգստանալ, որ առանց բավարար հանգստի դրանից հետո նրանք անմիջապես կվերականգնեն ասասինների իշխանապետությունները Ամասիայի տարածքում եւ գլխավորելով Հայաստանի լեռներում ծվարած սկյութա-սարմատական մարտունակ բանակները՝ վաղը երեկոյան դեմ, բայց ոչ ուշ, քան ընթրիքի ժամը, պատերազմ կհայտարարեն Դանիո թագավորությանը, ինչպես կասեր դասականը, եւ այդ բանակների գլուխն անցած կարշավեն դեպի հյուսիս՝ երիտասարդ արքայազն Համլետի վրեժը լուծելու ուխտով: Իսկ մյուս օրն առավոտյան կրկին կլինեն աշխատավայրում նոր՝ տիեզերական մարտահրավերներին դիմակայելու խրոխտ հայացքներով եւ կեցվածքով՝ ԱԺ իրենց համակարգիչների վրա տետրիս խաղալու համար:

Մենք պետք է որ նրանց այս գործելաոճին վաղուց արդեն ծանոթ լինենք եւ ըմբռնումով մոտենանք: Չէ՞ որ հեշտ չի: Երեւանի կրկեսի շենքն արդեն քանի տարի է՝ շահագործման չի հանձնված:

Հիշենք, որ, ի վերջո, ինչ կրկես էլ բեմադրեն այդ մարդիկ, քաղաքացու համար սահմանադրական իրողությունն այն է, որ Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահին քաղաքացիները դեռ չեն ընտրել, ապաեւ նա դեռ չի ընտրվել: Եւ, եթե այս սահմանադրական իրողությունը քաղաքացին չի ընդունում եւ ըստ այդմ իր գործողությունները ծրագրում, այն առավել եւս ոչ ընդունելու որեւէ նախադրյալ, ոչ էլ ցանկություն է ունենալու թե կրկեսի որեւէ ծաղրածու, թե կրկեսի տերը: Բայց, քանի որ սա մեր հաջորդ՝ վերջին հարցազրույցի թեման է, ապա այստեղ ես կանգ առնեմ:

 

—          Երեկ 2018թ. մարտի 1-ն էր: Եւ կրկին, ինչպես եւ ուղիղ 10 տարի առաջ, ինչպես Դուք եք պնդում հիմա, Հայաստանը կանգնած է սահմանադրական ճգնաժամի նախաշեմին: Պատահականությո՞ւն է սա, թե՞ օրինաչափություն:

Այս համընկումը խորհրդանշական է: Ես չեմ կարող այս հարցին սպառիչ պատասխան տալ, սակայն կարեւոր եմ համարում կատարել հետեւյալ արձանագրումները.

—          Թե՛ 2008թ. մարտի 1-ին եւ թե՛ 2018թ. մարտի 1-ին հակասահմանադրական այս վակխանալիան ունեցել է եւ ունի մեն-միայն մեկ շահառու՝ դա Հայաստանի Հանրապետության քաղաքացի Սերժ Սարգսյանն է: Եթե ուշադիր նայեք սկսած սահմանադրական փոփոխությունների նախապատրաստական աշխատանքներից առ այսօր, կնկատեք, որ դրա ողջ օրակարգը հարմարեցված է նրա պաշտոնավարման եւ այդ ընթացքում առանցքային պաշտոնների նշանակման հնարավորությունների ժամկետներին: Սա ոչ թե իր նախորդի սադիստական հակումները ստվերում թողնելու եւ մարտիմեկյան ոճրագործության համար նրա պատասխանատվությունը ստվերելու նպատակով եմ ասում, այլ հատկապես ընդգծելու, որ այդ միայն «նորընտիր» Նախագահն էր, որ կարող էր վերջնականապես սանկցիավորել խաղաղ ցուցարարների սպանությունները: Եւ դա ունի մեկ պարզ պատճառ. ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա, նույն ինքը՝ գլխավոր հրամանատարը, իրեն թույլ չէր ոճրագործության համար նման սանձարձակություն, եթե չունենար երաշխիք իրենից հաջորդից, որ իրեն կամ իր ենթականերին պատասխանատվության չեն ենթարկելու: Իսկ նման երաշխիքների առկայությունն ուղղակիորեն փաստված է արդեն սպանությունների բացահայտման ոչ թե քաղաքական կամքի բացակայության, այլ սպանությունների չբացահայտմանն ուղղված քաղաքական կամքի տասնամյա դրսեւորմամբ: Ապա եւ, սրանով վերջ պետք է դնել Սերժ Սարգսյանի՝ այդ ոճրագործությանը անմասն մնալու մասին դրա քարոզիչների փչած փուչիկին:

—          Եթե 2008թ. մարտի 1-ին քաղաքացու սահմանադրական պահանջին պատասխանը տրվել է մարտական հրազենի եւ արցունքաբեր գազի գնդակներով մարդկանց ուղիղ նշանառությամբ գնդակոծելով, ապա այսօր մարդկանց ուղեղները այդ զինվորական ենիչերիների փոխարեն գնդակոծում են պալատական լեգիստները՝ բացառապես նույն քաղաքական նպատակի ձգտումով՝ ապահովել քաղաքացի Սերժ Սարգսյանի հակասահմանադրական ամբիցիաները՝ Հանրապետության գլխի եւ այլ պաշտոններում իր հայեցողությամբ եւ Ազգային ժողովին բացարձակապես ստրկացված վիճակում պարտադրելու համար:

—          Եւ 2008թ. մարտի 1-ի ոճրագործության քաղաքական պատասխանատվությունը, անուղղակիորեն հուշելով, իր քարոզչամեքենան բարդելու էր իր նախորդի սադիզմը եւ անմարդկային ընկալումները վկայակոչելով, ապա 2018թ. մարտի 1-ին հակասահմանադրական այս վակխանալիայի պատասխանատու, ամենանայն վստահությամբ արդեն կարելի է պնդել, դարձվելու է իր ընտրած նախագահը՝ հուշումները տալով դեպի նրա՝ քաղաքացի (արդեն դժվարանում եմ նույնիսկ ասել թե որ պետության) Արմեն Սարգսյանի Սահմանադրության պահանջներին համապատասխանության մասին  անմեղսունակության հետ եզրագծող անմիտ պատասխանները վկայակոչելով:

—          Վերջապես, հետապնդված քաղաքական նպատակի իմաստով 2008թ. մարտի 1-ին եւ 2018թ. մարտի 1-ին նույն շահառուի կողմից իր մարիոնետների միջոցով հակասահմանադրական ճգնաժամերի հարուցման նպատակը նույնն է՝ չեզոքացնել իր մերժվածության մասին քաղաքացու դատավճռի ազդեցությունը եւ նրանից յուրացված իշխանությամբ փորձել ծեփել իր շարունակական իշխանավարման լեգիտիմության ճաքերը: 

Եւ վերջում, խոսքս այս հարցի մասով սահմանափակեմ նրանով, որ երեկ՝ 2018թ. մարտի 1-ն էր, որը Հանրապետության քաղաքացու օրն է՝ աչքի առաջ ունենալով այդ քաղաքացու ամենակարեւոր որակը՝ մարտական պահանջատիրությունն իր սահմանադրական ազատությունների պաշտպանության հարցում, ինչպիսի օրինակ են մեզ ծառայել ուղիղ տասը տարի առաջ այդ եւ հաջորդ օրը զոհված մեր հայրենակիցները:

Դա խորհրդանշորեն հենց մարտ ամսվա առաջին օրն է, որի անվանման ծագումնաբանությունը կապվում է Հին Հռոմում մարտի եւ ռազմի հեթանոսական աստծո անվանը: Եւ Հայաստանի քաղաքացու իդեալը, իմ խորին համոզմամբ, պետության ներսում իր սահմանադրական ազատությունների անհաշտ եւ անհանդուրժող պահանջատիրոջ, իսկ դրա սահմաններին՝ իր պաշտպանության եւ անվտանգության մարտական վճռականությամբ մարդն է:

Սրանով այսօր էլ սահմանափակվենք: Եթե ընթերցողի համար համոզիչ կթվան Հանրապետության 4-րդ նախագահին քաղաքացիների կողմից ընտրության մասին վերը բերված փաստարկները, ապա նշեմ, որ դրանք այն նվազագույնն են, որ այս ձեւաչափով հնարավոր է քննարկել: Ամենամեծ դժվարությունն այս ձեւաչափում, փաստարկների առատության պայմաններում, դրանցից առանցքայիններն առանձնացնելն էր, այլ ոչ՝ փաստարկների պակասը:

Եւ մեզ մնում է մի վերջին խոսակցություն՝ Սահմանադրությամբ պաշտպանվող արժեքների եւ իդեալների հարթությունում խնդրո առարկան՝ Հանրապետության 4-րդ նախագահի՝ քաղաքացիների կողմից ընտրության դիտարկումը: Եվ դա այն հիմնական տիրույթն է, որում փաստարկների ամրությունը եւ կշիռը նույնիսկ նախորդ երկու հարթություններում բերածներն են ստվերելու:

 

Նախորդ հոդվածը‘Բաքվի նարկոլոգիական կենտրոնում բռնկված հրդեհի արդյունքում զոհվել է 24 մարդ’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանում քաղցկեղից բարձր մահացածությունը իշխանություններին չի մտահոգում’