‘Վահե Գրիգորյան. ՀՀ-ում ՄԻԵԴ-ի վճիռներն արդյունավետորեն չեն իրականացվում’

1317

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավորի ընտրության հանձնաժողովը ի վիճակի չէ Կոնվենցիայի 21-րդ հոդվածի չափանիշներին բավարարող թեկնածու ընտրել հենց միայն այն պատճառով, որ գնահատման համակարգը թույլ չի տալիս: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Վահե Գրիգորյանը: Խոսելով հանձնաժողովի գործունեության մասին՝ նա ասաց. «Լրատվամիջոցներից տեղեկացել եմ, որ թափանցիկության էական սահմանափակում է տեղի ունեցել՝ կապված թեկնածուների փաստաթղթերի հրապարակման հետ՝ ի տարբերություն նախորդ մրցույթի: Կարծում եմ, որ այս փաստը պետք է անընդունելի համարվի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից: Չեմ տեսնում որեւէ անհրաժեշտություն դրանք գաղտնի պահելու համար: Հանրությունը պետք է ճանաչի թեկնածուներին եւ խոշորացույցով նրանց ստուգի»,- ասաց Վահե Գրիգորյանը՝ հավելելով, որ դեռ հույս ունի, որ հանձնաժողովը առաջիկայում կհրապարակի փաստաթղթերը: 

Նա նշեց նաեւ, որ ՀՀ-ում ՄԻԵԴ-ի վճիռները արդյունավետորեն չեն իրականացվում: Մասնավորապես՝ Դատական ակտերի կամ վարույթների վերաբացման ինստիտուտը ամբողջ արդյունավետությամբ չի գործում: «Այս մասին իր քննադատական խոսքը ասել է նաեւ Սահանադրական դատարանը»,- հավելեց Վահե Գրիգորյանը: 

Հիշեցնենք, որ երեկ Վճռաբեկ դատարանում մեկնարկել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլը: Դատավորի ընտրության հանձնաժողովի կազմում են ՀՀ Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, ինչպես նաեւ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը: Նշենք, որ iLur.am-ը մրցույթին ավելի հանգամանորեն կանդրադառնա վաղը՝ Վահե Գրիգորյանի հետ հարցազրույցի տեսքով: 

Նախորդ հոդվածը‘Հալեպում հրթիռակոծության հետևանքով զոհվել է Հակոբ Գաբրիելյանը’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանն իջեցրել է Թուրքիային վաճառվող գազի գինը’