‘Վահե Գրիգորյան. Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը զուրկ է քաղաքական չեզոքություններից’

1650

Իրականում՝ Սահմանադրությունում փոփոխություն կատարելու հայեցակարգերը աշխարհի բոլոր զարգացած, սահմանադրական կարգ ունեցող երկրներում կոչվում են փոփոխություններ (ՀՀ-ում՝ բարեփոխումներ- խմբ.), որովհետև փոփոխություն բառը չեզոք է հուզականությունից և գնահատականներից, իսկ թե ինչքան են այդ փոփոխությունները համարվում բարեփոխումներ, դա հետագայում պատմաբանների և քաղաքական գործիչների գնահատականների առարկան պետք է լինի: Այս մասին «Սիվիլնեթի» եթերում նշել է իրավաբան Վահե Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ ստեղծված հանձնաժողովը չպետք է կոչել Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողով, ոչ թե այն պատճառով, որ ներգրավված անձինք մասնագետներ չեն, այլ մասնագիտական ասվածը պետք է իր մեջ անխուսափելիորեն պարունակի նաև չեզոքության տարր, մինչդեռ այս հանձնաժողովը բացարձակապես զուրկ է թե՛ քաղաքական, թե՛ կոնկրետ այլ չեզոքություններից: «Մասնավորապես, եթե նայենք հանձնաժողովի կազմը, որը բաղկացած է 9 անդամից, և մի կողմ թողնենք, որ այն ձևավորված է Սերժ Սարգսյանի, այսինքն՝ գործադիր իշխանություն իրականացնող անձի կողմից, ապա 9  անդամներից 7-ը պետական պաշտոնատար անձինք են:Մինչդեռ՝ Սահմանադրական փոփոխությունների նախագիծն ինքնին ենթադրում է, որ այդ փոփոխությունների նախաձեռնությունը պիտի գա հասարակությունից և ժողովրդից, նրանցից, ովքեր այդ Սահմանադրությունն ընդունում են, և նրանք են հենց պահանջատերերը՝ այդ Սահմանադրությունով »,- իր խոսքում նշեց Վահե Գրիգորյանը՝ հավելելով, որ հիշատակման է արժանի նաև այն փաստը, որ նույն հանձնաժողովն իր կազմում ունի երկու կուսակցականների, ընդ որում՝ ո՛չ սովորական կուսակցականների, այլ Հանրապետական կուսակցության կառավարող մարմնի ներկայացուցիչների, ինչը կրկին որևէ կերպ չի կարող նպաստել այդ հանձնաժողովի գործունեության չեզոքությանը:

«Ես խորապես կասկածներ ունեմ այդ հանձնաժողովի չեզոքության նկատմամբ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բոլոր այս անդամների մոտ հրապարակավ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության վերաբերյալ խոսելու անհրաժեշտությունը առաջացել է քաղաքական գործչի կողմից այդ մեկնարկը տալու պահից ի վեր»,- նշեց նա:

Նախորդ հոդվածը‘«Դ!եմ եմ»-ը կոչ է անում առաջիկա երթին մասնակցել անձնագրերով’
Հաջորդ հոդվածը‘Թևան Պողոսյան. ՆԱՏՕ-ն ոչ մի պարագայում չի վնասի Ալյանսի անդամ-երկրի շահերը’