‘Վահե Էնֆիաջյան. «Հրապարակը» ակնհայտ սուտ է տպագրել ‘

1234

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանից հետաքրքրվեցինք` արդյոք ճի՞շտ են մամուլում համառորեն շրջանառվող այն տեղեկությունները, թե ԲՀԿ-ում օրեր առաջ տեղի է ունեցել խորհրդակցություն, որտեղ քննարկվել են առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված հարցեր՝ չնայած այն բանին, որ ԲՀԿ-ական պատգամավորները հերքում են այդ տեղեկությունը:

«Խոսքը «Հրապարակ» թերթի մասին է: Այդ թերթի՝ ինչպես բազմաթիվ այլ,  այնպես էլ` այս տեղեկությունը սուտ  է: Երբ պաշտոնապես պարզաբանումներ են տրվում, ու դրանից հետո մանիակալ համառությամբ շարունակում են նույնը տպագրել, արդեն նույնիսկ հերքում տպագրելու ցանկությունը վերանում է: Խորհրդակցությունը եղել է բոլորովին այլ թեմայով,  այլ մթնոլորտում: Ի դեպ, «Հրապարակը» ակնհայտ սուտ է տպագրել մեր պատգամավորներից մեկի` Վահե Հովհաննիսյանի՝  իբր արած առաջարկության վերաբերյալ (խոսքը Ծիծեռնակաբերդում նոր արձաններ տեղադրելու մասին է): Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Վահե Հովհաննիսյանը որեւէ կապ չունի այդ առաջարկի հետ: Դա եղել է կուսակցության երիտթեւում ծագած գաղափար, որն էլ անձամբ ես հնչեցրել եմ: Թե ո՞րն է խեղաթյուրման դրդապատճառը` անձնակա՞ն, թե՞ այլ, ես չգիտեմ: Ի դեպ, նշեմ, որ Վահե Հովհաննիսյանը դեմ է արտահայտվել գաղափարին, եւ հարցն այլեւս չի քննարկվել: Ցավում եմ, բայց այսօր արդեն հնարավոր չէ վստահել «Հրապարակ» օրաթերթի որեւէ հրապարակման: Այս թերթը ծառայում է միայն «մեկ պատուհանի» սկզբուքով ապատեղեկատվական հոսքերի ուղղորդման նպատակին: Իր սկզբնական դերից, որն է` տեղեկատվության տարածումը, թերթը վաղուց է հրաժարվել, ու կարծում եմ` վաղուց ժամանակն է, որ ընթերցողը պարզապես արհամարհի այն»:

Հիշեցնենք, որ «Հրապարակ» օրաթերթը տեղեկություն էր հրապարակել, որտեղ նշում էր, թե «երեքշաբթի «կանյաչնիում» տեղի ունեցած ԲՀԿ մինի-հավաքի ժամանակ Վահե Հովհաննիսյանը հետաքրքիր առաջարկ է  արել Ծառուկյանին եւ քաղխորհրդին՝ առաջարկել է Ծիծեռնակաբերդում կանգնեցնել Սողոմոն Թեհլերյանի արձանը, կողքը դնել եւս մեկ պատվանդան, բայց` դատարկ. ով կսպանի Սաֆարովին՝ նրա արձանն էլ դնել դրա վրա»: 

 

 

Նախորդ հոդվածը‘«Հարսնաքարի» տանիքն այրվում է (լրացվում է)’
Հաջորդ հոդվածը‘ Մուրացանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում ռումբ դեռ չեն հայտնաբերել ‘