‘Վահե Հովհաննիսյան. Արդյո՞ք կա բանական փաստարկ, որը ստիպում է տարածաշրջանի պետություններին փակ պահել «աբխազական» երկաթգիծը ‘

849

ԵԽԽՎ այսօրվա նիստին քննարկվել է  ռուս-վրացական  հակամարտության գոտում հումանիտար իրավիճակի  խնդիրը: ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Հովհաննիսյանն այդ թեմայով ունեցած իր ելույթում նշել է, որ «պատերազմները, լոկալ կոնֆլիկտները ունենում են տարբեր պատճառներ, տարբեր տևողություններ և ելքեր, բայց նրանց բոլորին համախմբում է մեկ ընդհանրություն` հասարակ մարդկանց տառապանքներն ու զրկանքները»:

«Ռուս-վրացական պատերազմը բացառություն չէ: Այս զեկույցում նշված է պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար լարվածության և հումանիտար խնդիրների մի մեծ խումբ, որոնց պատճառով հարյուր հազարավոր մարդիկ ամեն օր տառապում են` անկախ իրենց ազգային, կրոնական պատկանելությունից: Եվ անկախ նրանից, թե որ երկրի քաղաքացիներն են նրանք: Խնդիրների մեծ մասը բավարար մակարդակով լուծել հնարավոր չէ, քանի դեռ արված չեն պետությունների միջև լարվածությունը թուլացնող և ժողովուրդների միջև վստահությունը վերականգնող հիմնական քայլերը»,- նշել է Հովհաննիսյանը:

Վերջինս խոսել է նաեւ աբխազական երկաթգծի խնդրից` հիշեցնելով, որ  Ռուսաստանը, Վրաստանը և Հայաստանը Աբխազիայի տարածքով կապող երկաթուղային գիծը չի գործում արդեն մոտ 20 տարի: «Եկեք պատկերացնենք, թե հարյուրավոր քանի բնակավայրեր կան այդ երկաթգծի երկայնքով: Եկեք պատկերացնենք, թե տնտեսական ինչ աշխուժություն կարձանագրվի այդ երկաթուղային հաղորդակցության վերականգման պարագայում: Եվ եկեք սրանից հետո ինքներս մեզ հարց տանք` արդյո՞ք հնարավոր է առանց տնտեսական վերելքի և տնտեսական աշխուժության՝ լուծել տասնյակ հազարավոր մարդկանց հումանիտար խնդիրները և թուլացնել տարածաշրջանում հումանիտար լարվածությունը: Իհարկե` ոչ: Եկեք մեզ չխաբենք: Արդյոք հնարավո՞ր է ստեղծել ժողովուրդների միջև վստահության և հարգանքի մթնոլորտ՝ առանց հաղորդակցության, առօրյա շփումների: Հիմա մենք պարտավոր ենք մեզ տալ ամենակարևոր հարցը` արդյո՞ք կա բանական փաստարկ, որը ստիպում է   տարածաշրջանի պետություններին՝ փակ պահել այդ երկաթուղային գիծը: Առանց այն էլ Հարավային Կովկասում գոյություն ունեն անտրամաբանորեն փակ երկաթուղային գծեր, ինչպիսին է Հայաստան-Թուրքիա երկաթգիծը»,- նշել է Հովհաննիսյանը:

Նա նաեւ հավելել է, որ հոկտեմբերի 1-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծվել է բացառիկ հնարավորություն՝ Կովկասում լարվածությունը էապես թուլացնելու, պետությունների միջև նոր որակի հարաբերությունների ձևավորման և առկա խնդիրները խաղաղ, կառուցողական ճանապարհով լուծելու համար:

«Ռուսաստանի, Աբխազիայի, Վրաստանի, Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնումը կլինի այդ ուղղութամբ կատարված ամենակարևոր քայլերից մեկը: Եթե մենք իրոք ուզում ենք ավելի անվտանգ Եվրոպա, և եթե մենք իրոք ցանկանում ենք թեթևացնել մարդկանց տառապանքները, ապա մենք պարտավոր ենք դնել ճիշտ առաջնահերթություններ՝ ճիշտ դասակարգելով խնդիրների պատճառները»,- հայտարարել է Հովհաննիսյանը:

 

 

Նախորդ հոդվածը‘ԵԴ-ն ՀՀ կառավարությանը Ջհանգիրյան եղբայրների գործով բազմաթիվ հարցադրումներ է արել’
Հաջորդ հոդվածը‘Նիկոլա Սարկոզին մտադիր է Դեպարդյեի պես խուսափել ֆրանսիական հարկերից’