‘Վահե Հովհաննիսյան. Բաքվի դիրքորոշումը մեղմացնելու համար պետք է զարգացնել Հայաստանի տնտեսությունը’

1284

iLur.am-ի զրուցակիցն է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը:

ՀՀ կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին օրինագծի քննարկման ժամանակ այսօրվա Ձեր ելույթում հայտարարել եք, որ  պատերազմական գործողություններ կարող են հրահրել Հայաստանի տնտեսության վիճակը և արտագաղթի ցուցանիշները, եւ օրինակ եք բերել, որ Ալիեւի եւ Ադրբեջանի հռետորաբանությունը սաստկացավ, շատ հաճախ սկսեց անցնել դիվանագիտական նորմերը՝ այն պահից սկսած, երբ Հայաստանի տնտեսությունը սկսեց արձանագրել վատ ցուցանիշներ։ Ի՞նչ նկատի ունեք :

Նախ՝ ուզում եմ ընդգծել, որ այսօրվա քննարկումները կազմված են երկու տարբեր մասերից.  Զարուհի Փոստանջյանի ներկայացրած օրինագիծը՝ ԼՂ անկախության ճանաչման մասին, եւ ընդհանրապես՝ ԼՂ խնդիրը: Ընդգծում եմ՝ դրանք միմյանց հետ որեւէ կապ չունեցող հարցեր են:  «Ժառանգության» ներկայացրած օրինագծի մասին իմ ելույթում արդեն ասել եմ, որ սա արհեստական խնդիր է, քանի որ այդ հարցը չկա Հայաստանի հանրապետության եւ ԼՂՀ քաղաքական ուժերի օրակարգում, եւ չկա ՀՀ ու ԼՂՀ հասարակությունների օրակարգում: Միեւնույն ժամանակ, մեր օրակարգում կան շատ հստակ մտահոգիչ խնդիրներ, որոնց էլ ես անդրադարձել եմ: Դա տնտեսության աղետալի վիճակն է, արտագաղթի աղետալի ցուցանիշներն են, ի դեպ՝ բոլորը պաշտոնական տվյալների համաձայն, եւ դա հուսալքության մթնոլորտն է, որ այսօր կա Հայաստանում: Եթե մենք ազնիվ ենք, ապա պետք է տեսնենք ուղիղ կապ Հայաստանի տնտեսության վիճակի, արտագաղթի տեմպերի եւ ԼՂ ու ՀՀ անվտանգության միջեւ:  Սա է իմ ասածի էությունը, եւ ես կողմ եմ ոչ թե թատերականացված քննարկումների, այլ՝ խորքային, բաց բանավեճի, որովհետեւ մենք բոլորս կրում ենք պատասխանատվություն այսօրվա իրականության համար, եւ առաջին հերթին՝ այդ պատասխանատվությունը կրում է կառավարող կոալիցիան:

Բայց դուք նշեցիք նաեւ, որ Ալիեւի հռետորաբանությունը ավելի է սաստկացել հենց այս ցուցանիշները գրանցելուց հետո: Մի՞թե իշխանությունները չեն գիտակցում այս ամենը:

Այո, ես կրկնում եմ, որ Ադրբեջանի թե՛ բանակցային պահանջների կոշտացումը եւ թե՛ հռետորաբանությունը էապես փոխվել են այն պահից սկսած, երբ մեր երկրում արձանագրվեց տնտեսության անկում, եւ վերջին տարիներին արձանագրվում են տնտեսական վատ ցուցանիշներ: Գիտեք՝ հակառակորդին պետք է լավ ուսումնասիրել, եւ միայն նրան փնովելն ամենեւին հաջողության գրավական չէ: Ադրբեջանի քաղաքական էլիտան ու փորձագիտական շրջանակները չեն թաքցնում, որ իրենց հաշվարկների հիմքում մեր տնտեսության հետագա թուլացումն է եւ ժողովրդագրական լուրջ խնդիրները Հայաստանում: Մեր խնդիրն է՝ անել ամեն ինչ՝ իրավիճակը փոխելու համար: Իմ ասածն ընդամենը սա է: Կլինի մեր տնտեսությունն ուժեղ, Հայաստանը կհայտնվի տնտեսական վերելքի փուլում՝ կդադարի արտագաղթը, կստեղծվեն ներգաղթի համար անհրաժեշտ պայմաններ, այն ժամանակ շատ արագ Ադրբեջանը հետ կկանգնի իր կոշտ դիրքերից: Ուրիշ բանաձեւ չկա: Մնացած բոլոր բանաձեւերը տանելու են փակուղի: Իրավիճակի բանալին գտնվում է բացառապես մեր ձեռքերում: Ովքեր այսպես են մտածում Հայաստանում՝ անկախ իրենց կուսակցական պատկանելիությունից, ես նրանց համարում եմ դաշնակից: Իսկ Հայաստանում այսօր շատերն են այդպես մտածում:

Արման Գալոյան

Նախորդ հոդվածը‘Հայաստանում կյանքն էժանացել է… ըստ վիճակագիրների’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյանը Կառավարությունից պահանջում է գազի գնի վերաբերյալ սպառիչ պարզաբանում տալ’