‘Վահե Հովհաննիսյան. Իշխանությունները շարունակում են նայել իրականությանը շքեղ առանձնատների պատուհաններից’

1118

«Ա1+»-ը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանի հետ: Հատվածներ հարցազրույցից՝ ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 
Գաղտնիք չէ, որ Ժողովրդի մոտ սպասումները քաղաքական աշնանից մեծ են: Ի՞նչ է պատրաստվում անել ԲՀԿ-ն:

— Աշխատել: Ես հաջողության հասնելու ուրիշ բանաձև չգիտեմ: Սա վերաբերում է ցանկացած ոլորտի: Խնդիրները լուծվում են աշխատանքով, տնտեսությունը վերականգնում են աշխատանքով: Ընդ որում` ծանր ու համառ աշխատանքով: Ժողովրդի վստահությունը նույնպես ձեռք են բերում աշխատանքով: Գուցե ուրիշներն այլ ճանապարհ գիտեն, բայց ես դրանց թվում չեմ:

 Հարցն ավելի հստակեցնեմ. Կան քառյակի 12 պահանջները: Ոչ իշխանական ուժերը պահանջատեր լինելո՞ւ են այդ կետերի իրականացմանը:

— Կետերը կազմվել են քառյակում` կոնսենսուսի սկզբունքով, և ժողովրդին հուզող, եթե կուզեք` խեղդող, խնդիրների հիմքի վրա: Դրանք կարող էին լինել 24-ը, 36-ը:

Իշխանությունները շարունակում են նայել իրականությանը իրենց թանկ և նոր ձեռք բերվող մեքենաներից, շքեղ առանձնատների պատուհաններից: Շարունակում են կարդալ ուրիշների գրած գեղեցիկ նախադասությունները և փիլիսոփայական դատողություններ անել արտագաղթի, աղքատության, գյուղի, արդարության մասին: Այնինչ իրականությունը շատ ավելի հասարակ է և շատ ավելի պրագմատիկ:

Դատարկ խոսքերով, դատարկ խոստումներով աշխարհում ոչ մի տնտեսություն չի վերականգնվել, ոչ մի ժողովրդի կյանքը չի լավացել: Մեկը կար, որ խոստանում էր Հայաստանը տարածաշրջանային կենտրոնների վերածել, նոր ատոմակայան կառուցել, Իրան-Հայաստան երկաթուղի կառուցել և այլն: Դրա արդյունքում Հայաստանի տնտեսությունը կոլապսի մեջ հայտվեց: Ի դեպ, այդ մարդը միակ մեղավորը չէ, նա միայնակ չի քանդել տնտեսությունը: Դա եղել է շատերի աջակցության, գովասանքի խոսքերի կամ նվազագույնը` լուռ, պասիվ դիրքորոշման հետևանքով:

Ամփոփեմ ասածս. Հայաստանի հրատապ օրակարգային խնդիրները ամենևին չեն սպառվում 12 հարցով: Դրանք շատ են, և դրանք քաղաքական ուժերի և համաժողովրդական ճնշման տակ, քայլ առ քայլ, պետք է լուծվեն:

Շատերը քաղաքական զարգացումների հնարավոր սցենարները կապում են ԲՀԿ-ի և անձամբ Գ. Ծառուկյանի դիրքորոշման հետ: Եվ հարցը շատ հստակ է` մինչև ուր կգնա Ծառուկյանը:

— Ես Ձեր հստակ հարցին կտամ նույնքան հստակ պատասխան: Ծառուկյանը կգնա մինչև մեր պետության և մեր ժողովրդի առաջ կանգնած խնդիրների լուծումը, մինչև Հայաստանի քաղաքացու կենսամակարդակի փոփոխությունը, մինչև տնտեսության մեջ առողջ մրցակցային հարաբերությունների հաստատումը, մինչև այն պահը, երբ մարդիկ չխուսափեն ներդրումներ կատարել Հայաստանում, մինչև այնտեղ, երբ այլևս բիրտ ուժով փայ չեն մտնի ուրիշի գործում, մինչև գյուղացին իրեն մենակ ու լքված չի զգա, մինչև խելոքին ու կրթվածին չի հաղթի բութն ու զոռբան և այլն: Կարծում եմ` միտքը պարզ է: Նա քաղաքականության մեջ չի լուծում որևէ մասնավոր խնդիր: Եվ քաղաքական ուժերի հետ իր բոլոր հանդիպումների ժամանակ նա այս հարցը բարձրացնում է` բոլորից ակնկալելով նույնը: Վերջին տարիներին Ծառուկյանին մի քանի անգամ առաջարկվել է մաս կազմել կառավարությանը և իշխանական համակարգին: Խոսք է եղել մինչև 6-7 նախարարական պաշտոնի մասին և այլ բազմաթիվ պաշտոնների` իշխանական համակագում: Եթե նրա խնդիրը պաշտոնները լինեին, հարցը վաղուց լուծված էր:Եթե նրա խնդիրը ժողովրդի վստահությունը չարաշահելով իշխանական համակարգի մաս կազմելը լիներ, ապա խնդիրը վաղուց արդեն լուծված կլիներ: Պարզ է, որ նաև նրա խնդիրը իշխանության մեջ փող աշխատելը չէ` սա արդեն ծիծաղելի կլիներ:

Այս պարագայում ես կարծում եմ, որ Ծառուկյանը պետք է շարունակի իր կոնսոլիդացնող դերակատարումը քաղաքական դաշտում և հասարակության մեջ, միասնական օրակարգ ձևավորելու, օրակարգային խնդիրների լուծման ճանապարհային քարտեզի ստեղծման և իրականացման գործը:

Կան կանխատեսումներ, որ աշնանը լինելու են խոշոր հանրահավաքներ, բողոքի ակցիաներ և այլն:

Շատ կարևոր է, որ Հայաստանյան քաղաքական ուժերը, ոչ իշխանական ճամբարն ու իշխանությունները միմյանց համար չստեղծեն փակուղային իրավիճակներ: Չդնեն իրար պատային վիճակներում: Դրանից որևէ մեկը չի շահելու: Բանակցությունների և գրագետ քաղաքական աշխատանքի շնորհիվ միշտ կարելի է գտնել լուծումներ: Նպատակը բացականչություններով պայքարը չէ, նպատակը Հայաստանի պետությունն ու հայ ժողովուրդն է: Ինչ վերաբերում է հանրահավաքներին և բողոքի ակցիաներին, ապա դա ցանկացած հասարակության իրավունքն է, և հայ հասարակությունը բացառություն չէ: Հենց նման հանրահավաքներում է պետք է քննարկել 12 կետերի կատարման ընթացքը և նոր օրակարգային խնդիրներ ձևակերպել ու հասնել դրանց լուծմանը:

Նախորդ հոդվածը‘Դիեգո Սիմեոնե. «Տարօրինակ է, որ ինձ ավելի հաճախ պատժում են «Ռեալի» և «Բարսելոնայի» հետ հանդիպումների ժամանակ»’
Հաջորդ հոդվածը‘Ֆուկուսիմայում աճեցված բրնձի առաջին խմբաքանակը վաճառվել է Սինգապուրում’