‘Վահե Հովհաննիսյան. ներքաղաքական հարցերը, կարծում եմ, այս պահից սկսած՝ ինձ միառժամանակ քիչ կհետաքրքրեն ‘

1272

Ինձ դժվար է այս պահին օբյեկտիվ գնահատականներ տալ, որովհետև ես եղել եմ շահագրգիռ կողմ: Ընտրվել է հնարավոր տարբերակներից մեկը: Ես չեմ թաքցնում. ողջ այս ընթացքում ես եղել եմ այն համոզման, որ ԲՀԿ-ն պետք է մասնակցի նախագահական ընտրություններին սեփական թեկնածուով: Այդ մասին zham.am-ի հետ զրույցում հայտարարել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյան՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է մեկնաբանում գալիք նախագահական ընտրություններին չմասնակցելու՝ ԲՀԿ առանորդ Գագիկ Ծառուկյանի որոշումը: «Մինչև վերջին պահը ես պայքարել եմ այս տեսակետի համար, բերել եմ փաստարկներ և զգուշացրել այլ տարբերակների հնարավոր վտանգների մասին: Այս իմաստով, իմ խիղճը հանգիստ է»,- նշել է Հովհաննիսյանը: Այն հարցին, թե փաստորեն ձեր տեսակետը չանցավ՝ Հովհաննիսյանն արձագանքել է. «Պետք է հստակ հասկանալ մեկ բան. նախագահի թեկնածու առաջադրվելու որոշումը, բացի քաղաքական խնդիր լինելուց, առաջին հերթին խոր անհատական որոշման խնդիր է: Այս համատեքստում ես Գագիկ Ծառուկյանի որոշումը գնահատում եմ որպես ընդգծված արժանապատիվ անհատական որոշում: Մի կողմից՝ նա ցույց տվեց, որ որևէ պաշտոն իր համար ինքնանպատակ չէ, մյուս կողմից, չպաշտպանելով այլ թեկնածուի, նա հավատարիմ մնաց իր սկզբունքներին»: Հարցին էլ, թե ի՞նչ ներքաղաքական զարգացումներ է տեսնում մոտ ապագայում, Հովհաննիսյանը պատասխանել է. «Գիտեք, ես ԱԺ առողջապահության հանձնաժողովի անդամ եմ և պատրաստվում եմ ակտիվ աշխատել, ես ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ եմ և պատրաստվում եմ ակտիվ պաշտպանել իմ երկրի վարկն ու հեղինակությունը միջազգային այդ կառույցում, ես համակարգում եմ կրթական, մշակութային ծրագրեր Ծառուկյան բարեգործական հիմնադրամում և ուրախ եմ, որ կարողանում եմ կոնկրետ հարցերում օգտակար լինել կոնկրետ մարդկանց նախաձեռնություններին: Իսկ ներքաղաքական հարցերը, կարծում եմ, այս պահից սկսած՝ ինձ միառժամանակ քիչ կհետաքրքրեն»:

 

Նախորդ հոդվածը‘Վարչապետի կինը ՀՀ պատվիրակության կազմում է. Նա ևս ներկա է եղել Դարոն Աջեմօղլուի հետ հանդիպմանը (լուսանկար)’
Հաջորդ հոդվածը‘Ռուսական կողմը ուզում է բարձրացնել Հայաստանին վաճառվող գազի գինը’