‘Վահե Հովհաննիսյան. 2017թ. հուլիսի 1–ին լինելու է ամենևին ա՛յլ խորհրդարան և կառավարություն (տեսանյութ)’

992

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանն ԱԺ այսօրվա արտահերթ նիստում ընդգծել է, որ իրենցից ոչ մեկը չի ուրախանում և ոգևորվում, երբ քվորում չի ապահովվում, և ԱԺ աշխատանքները հետաձգվում են։

«Բայց շատ ավելի լուրջ խնդիր է դրված՝ մենք չենք ուզում առանց օրենքները կարդալու և հանրության կարծիքն իմանալու՝ քվեարկել։ Երբ մի առավոտ բերում են հարյուրավոր էջեր և ասում են՝ պետք է քվեարկես, առաջացնում է պարզ մարդկային և քաղաքական ընդվզում։ «Բարգավաճ Հայաստան»–ում կա՛ն խելացի մարդիկ, սակայն հանճարեղ մարդիկ, ցավոք սրտի, չկան, և ոչ մեկը չի կարող մեկ րոպեում հազար էջ կարդալ և հասկանալ»,–ասել է Վ. Հովհաննիսյանը։

Նա ավելացրել է, որ առանց օրինագծերին ծանոթանալու քվեարկելով՝ պատգամավորները խաղում են հարյուր հազարավոր մարդկանց ճակատագրերի հետ։ Նույնը վերաբերում է նաև պարտադիր կուտակայինի մասին Կառավարության ներկայացրած նոր նախագծին. «Վերջին պահին բերվեց ծավալուն օրենք, և մեզ ստիպում են կիսադատարկ դահլիճում արագ քվեարկել և արագորեն ընդունել։ Սա ճիշտ մոտեցում չէ։ Եթե թվում է, թե սրանով հարցը կլուծենք, իրականում չենք լուծելու, և հասարակության մեջ լարվածության անկում չի լինելու»։

ԲՀԿ–ական պատգամավորի խոսքերով՝ Տիգրան Սարգսյանի կառավարությունը բերել էր խայտառակ նախագիծ, իսկ Հովիկ Աբրահամյանի կառավարության բերածը՝ որպես թուղթ, կարելի է ասել՝ մեկ կամ գուցե երկու քայլ առաջ է, բայց հարցը տնտեսական և իրավական ձևակերպումների մեջ չէ. «Սա զուտ քաղաքական խնդիր է, և շատ ավելի ճիշտ կլիներ այսքան աղմուկից և քննադատություններից հետո ընդհանրապես հրաժարվեիք այս օրենքից, և նոր Կառավարությունն, ավելի հանգիստ պայմաններում և ոչ իշխանական ուժերի ու շահառուների հետ մեկտեղ՝ քննարկեր և նոր օրենք ձևակերպեր»։

Հիշեցնենք, որ Կառավարության ներկայացրած նոր նախագծով՝ մասնավոր հատվածի համար պարտադիր կուտակայինը չի գործելու մինչև 2017թ. հուլիսի 1–ը. «Մեկ բան ակնհայտ է՝ 2017թ. հուլիսի 1–ին լինելու է նո՛ր խորհրդարան և նոր Կառավարություն։ Չափազանց մեծ է հավանականությունը, որ խորհրդարանի պատկերը և Կառավարության կազմը լինելու են ամենևին ա՛յլ։ Ես լիազորված եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարության կողմից ասել, որ ԲՀԿ–ն՝ իր քաղաքական գործընկերների հետ մեկտեղ, խորհրդարանական ընտրություններում մեծամասնություն ունենալու և նոր Կառավարություն կազմելու պարագայում, այս դրույթը փոխելո՛ւ է, վերանայելո՛ւ է։ Եվ մեր հարյուր հազարավոր մասնավոր սեկտորի աշխատողները կարող են սա համարել որպես ԲՀԿ–ի նախընտրական դրույթներից մեկը»։

Նախորդ հոդվածը‘«Դ!ԵՄ ԵՄ»-ը խստագույնս դատապարտում է Ս. Սարգսյանի գլխավորությամբ վարչակազմի մոտեցումն ու գործելաոճը’
Հաջորդ հոդվածը‘Այսօր Ծաղկաձորում կընթանա ՀՀԿ փակ նիստը. ՀՀԿ-ականները տեղյակ չեն, թե ինչ հարցեր են քննարկվելու’