‘Վահրամ Բաբայան. «Կոմպոզիտորներից շատերը վախեցած են, որ Սերժ Սարգսյանը հովանավորում է Ռոբերտ Ամիրխանյանին»’

1965

iLur.am-ը շարունակում է ուշադիր հետևել կոմպոզիտորների միության հետ կապված զարգացումներին: Մամուլում տեղեկություններ հայտնվեցին, թե կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը միության անդամներին առաջարկում է 10 000-ական  դրամ՝ իրեն միության նախագահի պաշտոնում վերընտրելու համար: Այս և այլ հարցերի մասին զրուցեցինք կոմպոզիտորների միության անդամ, 9 սիմֆոնիաների և բազմաթիվ այլ ստեղծագործությունների հեղինակ, կոմպոզիտոր Վահրամ Բաբայանի հետ:

Պարոն Բաբայան, կոմպոզիտորների միությունում արդեն քանի տարի է՝ առկա է լուրջ ճգնաժամ, միության 1/3-ը դիմել է դատարան՝ արտահերթ համագումար կազմակերպելու պահանջով, խմորումները ոչ միայն չեն դադարում, այլև նոր զարգացումներ են ստանում: Ի՞նչ կասեք այս մասին:

-Միությունում արդեն չորս տարի է՝ համագումար չի անցկացվել, այնինչ, օրենքի համաձայն՝ պետք է համագումար հրավիրել առնվազն երկու տարին մեկ անգամ: Ներկայիս նախագահ Ռոբերտ Ամիրխանյանն այս գործելաոճը կարծես սովորություն է դարձրել. մինչև 2009թ., եթե չեմ սխալվում՝ հինգ տարի համագումար չէր անցկացվել:

Պարոն Բաբայան, մամուլում հրապարակում է եղել, որ Ռոբերտ Ամիրխանյանը իրեն նախագահի պաշտոնում վերընտրելու դիմաց ձեզ առաջարկել է 10 000 դրամ գումար: Մի՞թե Ամիրխանյանը չէր գիտակցում, որ այդ առաջարկով ոչ թե կսիրաշահի, այլ իր դեմ կտրամադրի ձեզ:

-Ես հերքում եմ դա, նման բան չի եղել: Մամուլում ինձ վերագրվել են խոսքեր, որոնք ես չեմ ասել, Ռոբերտ Ամիրխանյանը ինձ գումար չի առաջարկել, մենք իրար հետ անգամ չենք շփվում: Նա առաջարկել և տվել է մեկ ուրիշ կոմպոզիտորի, որը ինձ պատմել է այդ մասին:

՞նչը ձեզ դրդեց բարձրաձայնել տեղեկատվությունն այդ կաշառքի մասին՝ հստակ իմանալով, որ դրա համար կարող են դատական գործ հարուցել զրպարտության համար:

-Ամիրխանյանը չի համարձակվի դատարան դիմել, շատ բան կբացահայտվի, նա կգերադասի լռել և լռությամբ տանել այս ամենը, կամ կուլուարներում ինձ մեղադրել հակառակ մեղադրանքներով և այլն: Եթե խելացի լինի, չի համարձակվի դատարան դիմել:

Պարոն Բաբայան, չնայած կոմպոզիտորների շրջանում առկա լուրջ դժգոհություններին՝ Ռոբերտ Ամիրխանյանը համառորեն ձգտում է վերընտրվել նախագահի պաշտոնում: Ըստ ձեզ՝ ո՞րն է դրա շարժառիթը:

-Շահը: Նրա մեծ ախորժակը, շահամոլությունը: Ես չէի ուզենա փակագծերը բացել, բայց միությանը պատկանող՝ տասնյակ հազարավոր դոլարների արժողությամբ գործիքներ այսօր այլևս չկան, Դիլիջանի ստեղծագործական տանը դեռ Էդուարդ Միրզոյանի ժամանակներից երկու ընտիր վիճակում գտնվող Stanley ռոյալները այսօր այնտեղ չեն, թող բացատրի՝ ուր կորան այդ գործիքները, ռոյալները, մեքնենաները, դրանք չկան, թող ասի՝ ի՞նչ է արել, դրանք կային, այսօր չկան, դա գողություն չի՝ բա ի՞նչ է: Դիլիջանի հանգստյան տան մեկ օրվա արժեքը կազմում է 20 000 դրամ, այնինչ գրողների միությունում գրողներին տրամադրում են անվճար մեկ ամիս հանգիստ, սնունդն էլ մեջը՝ Ծաղկաձորի գրողների տանը: Իսկ մենք վճարում ենք թե՛ համարների և թե՛ սնունդի համար:

Ռոբերտ Ամիրխանյանը գումար ճարելու շնորհք ունի, բայց ո՞ւր են գնում այդ փողերը, այ դա է խնդիրը:

-Ասում են, որ Ամիրխանյանի ինքնավստահության պատճառը նրա ընկերական հարաբերություններն են Սերժ Սարգսյանի հետ: Որքանո՞վ եք այդ վարկածը իրատեսական համարում:

-Այո՛, ասում են, ինքն էլ է ասում, և մարդիկ վախեցած են այդ փաստից, վախենում են, որ Սերժ Սարգսյանը նրա գլխին կանգնած է, հովանավորում է նրան, և նա նորից կվերընտրվի միության նախագահ, և Ամիրխանյանը վրեժխնդիր կլինի ընդդիմախոսներից, ոմանք էլ, բացի վախից, ունեն չնչին ակնկալիքներ, սպասում են, թե ինչ նոր կոչում կստանան, ինչ համերգի կմասնակցեն և այլն, բայց չէ՞ որ ստեղծագործող մարդը պետք է նաև զոհողությունների պատրաստ լինի:

-Աննորմալ չե՞ք համարում, որ երկրի բարձրագույն պաշտոնը փաստացիորեն զբաղեցնող մարդը միջամտում է ստեղծագործական միությունների ղեկավար կազմի ընտրություններին:

-Դե իհարկե, սխալ է դա, եթե իրոք այդպես է, ապա ես իսկապես չեմ հասկանում Սերժ Սարգսյանի վերաբերմունքը:

-Ինչպե՞ս եք տեսնում կոմպոզիտորների միությունում առկա ճգնաժամի լուծումն ու պառակտման վերացումը:

-Շատերն ասում են՝ դա անձի խնդիր չէ, բայց ես համաձայն չեմ, սա անձի  խնդիր է: Կգա այնտեղ մի պարկեշտ, օրինավոր, բարոյական անձնավորություն և ամեն ինչ կլուծվի: Կարծում եմ՝ փորձաշրջանի խնդիր միգուցե առաջանա, որովհետև ես չեմ կարող ասել, թե այն մարդիկ, որոնց անունները կարող եմ տալ, որքանով են պարկեշտ, բայց անհամեմատ ավելի նախընտրելի են, կաշխատեն, և ժամանակը ցույց կտա՝ կգայթակղվե՞ն միության շահույթներով, շահեկան կողմերով, թե՞ ազնվորեն կաշխատեն: Բայց սա ծայրահեղություն է, անհրաժեշտ է ազատվել այս մարդուց (Ռոբերտ Ամիրխանյանից- խմբ.):

՞ւմ եք տեսնում որպես պարկեշտ նախագահի թեկնածու, ո՞վ է ձեր նախընտրելի թեկնածուն:

-Լևոն Չաուշյանը կարող էր լինել շատ լավ թեկնածու, բայց նա չի ուզում, Արամ Սաթյանը կարող է, Վարդան Աճեմյանն էլ կարող է, ի դեպ՝ իմ անունն էլ է շրջանառվել, բայց ես դա բացառում եմ: Ես հրաժարվել եմ, շատ զբաղված եմ, շատ ժամանակ չեմ կարող տրամադրել, բայց կարող եմ օգնել, օգտակար լինել:

Կարեն Թովմասյան

Նախորդ հոդվածը‘Ծառուկյան. Կփորձեն օրենք խախտել՝ կխոսենք այլ կերպ’
Հաջորդ հոդվածը‘Ֆյուլեի խոսնակ. ԵՄ-ն տեղեկացված չի եղել ՄՄ-ին անդամակցելու բանակցությունների մասին ‘