‘Վաղը ԱԺ-ում կքննարկվի Կոնգրեսի նախաձեռնած ԱԺ հակամենաշնորհային որոշման նախագիծը ‘

1000

Հայ ազգային Կոնգրես խմբակցությունը ԱԺ որոշման նախագիծ է դրել շրջանառության մեջ՝ «Հայաստանի Հանրապետությունում տնտեսական մրցակցության պաշտպանության և հակամենաշնորհային քաղաքականության գործողությունների ծրագիր մշակելու մասին»: Մեր տեղեկություններով, որոշման նախագծին արդեն կողմ են արտահայտվել նաեւ ԲՀԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները: ԱԺ որոշան նախագիծը ԱԺ-ում քննարկման կդրվի վաղը:

Ի դեպ, Կոնգրեսի խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն արդեն հայտարարել է, որ այդ նախագիծը կդառնա լակմուսի թուղթ, ով կողմ լինի նախագծին, ուրեմն, դեմ է մենաշնորհներին, ով դեմ լինի՝ ուրեմն կողմ է մենաշնորհներին:

Ներկայացնում ենք ԱԺ որոշման նախագիծն ամբողջությամբ.

«Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 8-րդ և 33.1-րդ հոդվածների պահանջները,

Նկատի ունենալով, որ.

ա) տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2009, 2010, 2011 թ.թ.-ի հաշվետվությունների տվյալներով մտահոգիչ պատկեր է ստեղծվում ապօրինի մենաշնորհների և շուկայում գերիշխող դիրք գրավող ընկերությունների աճի առումով,

բ) 2012 – 2013թ.թ. մրցունակության մասին համաշխարհային տնտեսական ֆորումի զեկույցի տվյալներով, Հայաստանը ազատ տնտեսական մրցակցության ապահովման և հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետության մի շարք առանցքային ցուցանիշներով անթույլատրելի ցածր նիշեր է զբաղեցնում,

Անբավարար համարելով ՀՀ կառավարության ձեռնարկած քայլերը՝ ՀՀ Սահմանադրության 8-րդ և 33.1-րդ հոդվածների պահանջները ապահովելու ուղղությամբ,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 62-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 105.1-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը

ՈՐՈՇՈՒՄ Է՝

Առաջարկել ՀՀ կառավարությանը՝

Մինչև ՀՀ Ազգային ժողովի հաջորդ նստաշրջանը մշակել և ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել տնտեսական գործունեության ազատության ու ազատ տնտեսական մրցակցության ապահովման և ապօրինի մենաշնորհների վերացմանն ուղղված անհետաձգելի միջոցառումների ծրագիր:

Անհետաձգելի միջոցառումների ծրագրում ներառել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, առաջնային համարելով հետևյալ սկզբունքների կիրառումը.

ա) Տնտեսական գործունեության ցանկացած ոլորտում որեւէ ընկերության մասնաբաժինը, բացառությամբ բնական մենաշնորհների, չի կարող գերազանցել շուկայի 33.33%-ը:

բ) Պետական բյուջե մուտքագրել մենաշնորհային հասույթի 10 և ավելի բարձր տոկոսը՝ այն հաշվով, որպեսզի գանձվի ստացված մենաշնորհային շահույթի 50-95 տոկոսը։ 300 մլն դրամի տուգանքի շեմը վերացնել:

գ) Իշխանությունն ու գործարարությունը հստակ տարանջատել: Այդ նպատակով  իրականացնել որոշակի և հստակ քայլեր, որպեսզի. ա) գործարարությունը տարանջատվի պետական կառավարումից (եթե գործարարը որոշում է զբաղվել քաղաքականությամբ, դառնալ պատգամավոր կամ նախարար, ապա նա իր ունեցվածքը պետք է հանձնի պետական գույքի կառավարման գործակալությանը կամ պետության կողմից լիազորված այլ մարմնի), բ) իշխանության ղեկին հայտնված գործիչը ունենա չեզոք կառավարչի ձևական ու բովանդակային բոլոր հատկանիշները:

դ) Պետական գնումների մասին ՀՀ օրենսդրությունը լրամշակել այն հաշվով, որպեսզի սահմանվի գնումների գործարքների որոշակի ծավալ, ինչը կիրականացվի ՓՄՁ-երի և գյուղացիական տնտեսությունների միջոցով։ Պետական գնումների համակարգը դուրս բերել ֆինանսների նախարարության ենթակայությունից: Անհետաձգելի խնդիր համարել պետության վերահսկողությամբ 5-10 մեծածախ գյուղատնտեսական շուկաների ստեղծման ծրագիրը:

ե) Խստորեն կանոնակարգել սուպերմարկետների գործունեությունը։ Յուրաքանչյուր ծրագրային ժամանակահատվածի համար սահմանել դրանց ցանցային կետերի ստեղծման նորմատիվներ, առաջ քաշել որոշակի վայրերում դրանց տեղադրման պահանջներ։ Դրա հետ մեկտեղ, փոքր խանութների կենսագործունեությունն ապահովելու համար նախատեսել խոշոր քաղաքներում պարբերաբար պարենամթերքի վաճառքի մոբիլ տոնավաճառների կազմակերպումը, հարկումների կամ պարտադիր վճարումների ցածր մակարդակով։

զ) Վերանայել բարձր տուրքերը արտադրության և վերամշակման կազմակերպման ոլորտներում։ Չեղյալ հայտարարել այսօրինակ սահմանափակող որոշումները, իջեցնել միանվագ տուրքերը, դրանք կապել արտադրության ծավալների հետ և տարալուծել ժամանակի մեջ:

է) Առնվազն 10 անգամ կրճատել գործունեության թույլտվություն ստանալու տեսակների ցանկը»:

 

Նախորդ հոդվածը‘Թոխմախի Մհերը քվեարկում է ուրիշի փոխարեն և լկտիաբար ստում, որ նման բան չի արել (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կլիմայի փոփոխության պատասխանատվությունը դրել է զարգացած երկրների վրա’