‘Վաճառքի է հանվել աշխարհում առաջին «բողոքի» գարեջուրը’

1059

Շոտլանդիայի գարեջրի BrewDog գործարանը վաճառքի է հանել աշխարհում առաջին «բողոքի» գարեջուրը, որն անվանակոչվել է ի պատիվ Ռուսաստանի Դաշնության նախագահի: «Բարև ձեզ, իմ անունը Վլադիմիր է»,- ազդարարում է պիտակի գրությունը:  Պիտակին պատկերված են նաև Վլադիմիր Պուտինի դիմանկարները՝ ամերիկյան փոփ-արտ շարժման և ժամանակակից արվեստի կարկառուն ներկայացուցիչ Էնդի Ուորհոլի ոճով՝ ներկած շուրթերով ու աչքերով: Յուրաքանչյուր շշի վրա նշված է, որ այդ խմիչքը «գեյերի համար չէ», նշում է The Huffington Post-ը:

Գարեջրի գործարանի ներկայացուցիչները հայտարարել են, որ անվանական գարեջրի վաճառքից գոյացած շահույթի 50 %-ը կտրամադրվի բարեգործությանը՝ ճնշված փոքրամասնություններին ամբողջ աշխարհում աջակցելու նպատակով: Ի դեպ, խմիչքի թողարկումը համընկել է Շոտլանդիայում սեռական փոքրամասնությունների համար  նշանակալի իրադարձության հետ՝ շոտլանդական խորհրդարանը օրինականացրել է համասեռական ամուսնությունները:

Գարեջրի մի ոչ մեծ խմբաքանակ արդեն ուղարկվել է Կրեմլ, անձամբ՝ Վլադիմիր Պուտինին: Գործարանի հիմնադիրներից մեկը՝ Ջեյմս Ուաթը, պարզաբանել է.«Մենք անկեղծորեն հույս ունենք, որ երբ Վլադիմիր Պուտինը հոգնի լարված օրվանից հետո, որն անցկացրել է ձիուն հեծած, տատամիի վրա հաղթանդամ տղամարդկանց հետ մենամարտելով կամ ձկնորսությամբ, նա կմեկնվի թավշյա  օթոցին, և նրա գեղեցիկ օգնականներից մեկը նրան կմատուցի մի գավաթ «Բարև ձեզ, իմ անունը Վլադիմիր է»: Փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Ամերիկուհուն ձերբակալել են՝ բանտից փախչելուց 37 տարի անց’
Հաջորդ հոդվածը‘Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանի մահվան հետ կապված՝ ձերբակալվել է չորս մարդ’