‘Վանո Սիրադեղյանն այսօր դարձավ 66 տարեկան’

1041

Այսօր ժամանակակից արձակագիր, հրապարակախոս, հասարակական և քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է: Նա դարձավ 66 տարեկան:

 Ծնվել է 1946 թ. նոյեմբերի 13-ին Տավուշի մարզի Կոթի գյուղում: 1988 թ-ից «Ղարաբաղ» կոմիտեի անդամ է եղել, 1990–1992 և 1997–2000 թթ.՝ ՀՀՇ վարչության նախագահ, 1990–1992 թթ.՝ Գերագույն խորհրդի պատգամավոր, 1992-1996 թթ.՝ ՀՀ ներքին գործերի նախարար, 1996-98 թթ.՝ Երևանի քաղաքապետ:1996 – 1999 թթ.՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, 1999 թ. վերընտրվում է, 2000 թ. խորհրդարանը Սիրադեղյանին զրկում է պատգամավորի անձեռնմխելիությունից, իսկ ավելի ուշ` պատգամավորական մանդատից: Գտնվում է միջազգային հետախուզման մեջ:

Ձեզ ենք ներկայացնում Վանո Սիրադեղյանի՝ 2006 թվականին «Հայկական ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցից մի հատված: Զրույցը վարել է Նիկոլ Փաշինյանը: 

Ինչպիսի՞ն են ձեր հետագա պլանները, արդյոք դուք ձեզ համարո՞ւմ եք գործող քաղաքական գործիչ եւ մտադի՞ր եք ինչ-որ կերպ մասնակցել Հայաստանի ներքաղաքական կյանքին: 

— Եթե զզվանքս օգնի, որ այլեւս քաղաքականությամբ չզբաղվեմ, միայն ուրախ կլինեմ: Բայց երբեք մի ասա երբեք: Ի՞նչ է, 88-ին պատրաստվո՞ւմ էի զբաղվել քաղաքականությամբ: Ինձ համար գրում, ապրում էի, մեկ էլ 50 հազար մարդ լցվեց հրապարակ: Սիրտս կտոր-կտոր էր լինում, հարթակ ելա, ասի. «Գորբաչովը քաղաքական դիակ կդառնա», եւ գնաց շան բաժին դարձավ հաջողակ գրողի, նույնիսկ տասը մարդու առաջ խոսել դժվարացող մարդուս կյանքը: Հիմա ի՞նչ իմանամ, ի՞նչ է լինելու, ի՞նչ պատուհասների առաջ ենք կանգնելու: 

Իսկ այսօր ի՞նչ պայմանով կվերադառնաք Հայաստան: 

— Դա հնարավոր կլիներ տարիներ առաջ, եթե իշխանությունը թույլ տար, որ դատավարությունը ընթանար Քրեադատավարական օրենսգրքի նորմերի համաձայն: Հիմա մնում է իրադրության փոփոխությունը: 

iLur.am-ի խմբագրակազմը շնորհավորում է Վանո Սիրադեղյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ և մաղթում շուտափույթ վերադարձ:

Նախորդ հոդվածը‘Բողոքի ակցիա վերաքննիչ քրեական դատարանի առջև (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Նովակ Ջոկովիչ. Ես խաղում էի հանուն իմ հոր’