‘Վասիլի Կանդինսկի.«Իմ նպատակն է լույսի «լույսը», Աստծո սահուն լույսը՝ Սուրբ Ոգին ազդարարելը»’

6817

Նկարիչ, դերասան և գրող Լոթար Շրայերը 1921-ից մինչև 1923 թվականն աշխատում էր Վայմարում որպես Bauhaus-ի ձևի վարպետ (Fօrmmeister): Նա «Sturm»-ի և «Bauhaus»-ի մասին իր հիշողություններում «Իկոնա» հատկանշական խորագրի ներքո, պատմում է իր վայմարյան արվեստանոց Վասիլի Կանդինսկու կատարած այցի մասին: Անառարկայական (աբստրակտ) նկարչության ներկայացուցիչն այնտեղ տեսնում է Շրայրերի «Մեռյալների մենաստան» վերնագրով տարօրինակ, եգիպտական ոճով արված նկարը: Այս գործի շուրջ բռնկվում է հիշարժան մի զրույց, որը առանձնակի կերպով է արտահայտում Կանդինսկու և նրա արվեստի խոր արմատաները ռուսական արևելյան եկեղեցու կրոնական ավանդությունում:

Այս մասին է  գերմանացի հայտնի արվեստաբան Դիտեր Ռուդոլֆի՝ ձեզ ներկայացվող հոդվածը:

 

«Իմ նպատակն է լույսի լույսը, Աստծո սահուն լույսը՝ Սուրբ Ոգին ազդարարելը»

Նկարել Սուրբ Ոգու շունչը զգալով. Կանդինսկու համար գեղարվեստական ստեղծագործությունը չի նշանակում սոսկ աննպատակ ժամանց, բարոյապես և էսթետիկապես չպարտավորեցնող՝ «արվեստը՝ արվեստի համար» (l’art pоur l’art) կեցվածքի իմաստով, այլ այն միշտ խիստ պարտական էր մնում կրոնական էթնոսին: Այդ պատճառով էլ զրույցի ժամանակ Կանդինսկին անմիջապես և ինքնաբերաբար սկսում է խոսել ռուսական սրբապատկերների մասին, որոնք իր համար դեռևս «սուրբ պատկերներ» էին, ոչ թե «լոկ սրբապատկերներ էին, այլ կենդանի, սուրբ պատկերներ»: Զրույցը շարունակելով՝ նա ասում է, որ ինքն անձամբ ոչ մի գեղանկարչություն չի գնահատում ռուսական իկոնաներից ավելի բարձր և, որպես նկարիչ, իր սովորած լավագույնի համար պարտական է հենց սրբապատկերներին: Ընդ որում՝ ոչ միայն գեղարվեստական այլ նաև  հենց կրոնական առումով: Այդ սրբանկարչությունը, ի դեպ, որը միանգամայն որոշակիորեն սկիզբ է առնում հին եգիպտական մումիաների դիմանկարներից, որոնք նույնես սուրբ պատկերներ էին և գեղարվեստականն անմիջականորեն կապում էին կրոնականի հետ: «Այդ դիմանկարները պատկերում են «գոյ»ը՝ մահացածի միստիկական, կենդանի մարմինը: Իսկ մեր սրբապատկերների կերպարները, առաջին հերթին  Ինքը՝ Տերը և Աստվածածինը, պատկերված են իրենց կենսական մարմնով, այսինքն՝ իբրև հետմահու ապրողներ:Դա քրիստոնեական գեղանկարչության սկիզբն է: Մենք գրեթե կորցրել ենք այն: Կամ, ավելի ճիշտ կլինի ասել՝ այն քնած է : Կամ էլ՝ ավելի ճիշտ՝ գերթե բոլոր մարդկանց աչքերը փակ են, որովհետև քրիստոնեական արվեստի կենսական մարմինը միշտ առկա է: Այստեղ, մեռյալների նրա ապաստանում ես զգում  դրա արթնացումը: Ինչպես նաև մեռյալների պաշտամունքնում: Ու նաև անմահության հայեցումից: Ինչպեսև ոչ այն բանից, ինչը սովոր ենք մենք արվեստ անվանել»:

Շրայերին ուղղված շատ անմիջական հարցից հետո, թե նա արդյո՞ք քրիստոնյա է, Կանդինսկին ասում է, որ իր սեփական նկարները, մանավանդ անառարկայական ոճին անցնելուց հետո և տարիքի հետ, ընկալում է որպես քրիստոնեական նկարներ: Եվ, իրոք, իրավացի էր Ֆրանկ Մարկն իր մարգարեական խոսքով, երբ ասում էր, թե նոր գեղանկարչության կտավները երբևէ կգտնեն իրենց տեղը ապագայի և նոր կրոնի զոհասեղանների վրա:

 

Զրույցի հաջորդ շրջադարձին, սակայն Կանդինսկին  հակիրճ և համոզված այնպիսի սպիրիտուալ մեկնաբանություն է տալիս իր անառարկայական գեղարվեստական ստեղծագործությանը, ինչպիսին, նման հետևողականությամբ, մեզ հայտնի չէ մեր դարաշրջանի արևմտյան գրեթե ոչ մի այլ արվեստագետի պարագայում: Ըստ որում, մենք հանգիստ կարող ենք բաց թողնել այն հարցը, թե այն բոլորովին այլ ոլորտից է, և թե հաջողվե՞լ է արդյոք Կանդինսկուն առանձին դեպքերում իրականացնել իր սեփական նկարներում այն, ինչ ինքն էր պահանջում ապագայի քրիստոնեական գեղանկարչությունից: Սակայն, իր իսկ մեկնաբանությամբ՝ իր սեփական արվեստը նա բնակեցված է տեսնում «Սուրբ ոգու» այն արքայությունում, որն այդքան խորիմաստ պատկերել էր 12-րդ դարի հայտնի կալաբրացի վանահայր Յոհաիմ ֆոն Ֆիորեն՝ իր Հոր, Որդու և Սուրբ Ոգու երեք համաշխարհային դարաշրջանների իր հեռահար ու ապոկալիպտիկ և մարգարեական պատմաաստվածաբանության մեջ:

 Ով քիչ, թե շատ ծանոթ է քրիատոնեական եկեղեցիների զարգացման ընթացքին, ինչպես Կանդինսկին, գիտի, որ այսօր այնտեղ էականը բացակայում է, ինչպես նաև գիտի, որ անմիջականորեն սպասվում է շրջադարձ: Իբրև ռուս, նա երբեք չէր կարող մոռանալ «Քրիստոս հարեավ» բառերը, բայց, միևնույն ժամանակ, գիտեր, որ Քրիստոսն իբրև Հարություն առած ««Սուրբ Ոգի»-ում է ապրում իր աստվածությամբ և մարդեղությամբ: Քրիստոսն, անկասկած, մեզ թողեց և ուղարկեց Սուրբ Ոգին որպես Աստվածության երրորդ անձ: Մինչև այսօր Սուրբ Ոգու ուսմունքի փոխարեն մենք նախապատվություն ենք տվել Քրիստոսին նմանվելու ուսմունքին: Դրա պարզ հետևանքն եղավ այն, որ մեզ, այսպես ասած, լքեցին բոլոր բարի ոգիները ինչպես կյանքում, այնպես էլ արվեստում: Կարճ ասած՝ Քրիստոսի եկեղեցին պետք է և կնորոգվի Սուրբ ոգու ուժով»:

Այնուհետև, զրույցում շրջադարձ է կատարվում դեպի իր սեփական արվեստը՝ բոլոր այն հետևանքներով հանդերձ, որ գոյանում են գեղարվեստական ստեղծագործության մասին հենց նոր արտահայտած մտքերից: «Ես տեսնում եմ լույսի մեջ մտնող Սուրբ ոգու արքայությունը և ուզում եմ իմ արվեստի կարողության չափով ազդարարել այն: Դրա համար էլ ես չեմ նկարում Քրիստոսի պատկերներ, չեմ նկարում Մարդու Որդուն, ով մարդակերպ է պատկերելի: Սուրբ Ոգին ընկալելի է ոչ թե առարկայորեն, այլ միայն անառարկայորեն: Իմ նպատակն է լույսի «լույսը», Աստծո սահուն լույսը՝ Սուրբ Ոգին ազդարարելը»:

Հետո նա երկար լռում է և ավարտում հետևյալ բառերով. «Կա նաև մեկ ուրիշ լույս: Լյուցիֆերի լույսը: Պաշտպանվե՛նք, Շրայեր, լինե՛նք զգոն»:

 

Նախորդ հոդվածը‘Կանացի կուրծքն առաջացել է երեխաների հանդեպ տղամարդու անտարբերության պատճառով’
Հաջորդ հոդվածը‘ «Ազատամարտիկների դաշինքը» բոլորին հրավիրում է մասնակցել մարտի 1-ի հանրահավաքին’