‘Վատիկանը հրաժարվել է ՄԱԿ-ին հանձնել մանկապիղծ հոգևորականներին’

801

Վատիկանը հրաժարվել է ՄԱԿ-ին տվյալներ հաղորդել հոգևորականների, քահանաների ու միանձնուհիների մասին, որոնք կասկածվում են երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ, հաղորդել է BBC News-ը: Սուրբ գահի ներկայացուցիչների խոսքով՝ Վատիկանը չի զբաղվում նման հետաքննությամբ, ուստի դրա վերաբերյալ ողջ տեղեկատվությունը ՄԱԿ-ը կարող է ստանալ այն երկրների իրավապահ մարմիններից, որտեղ ապրում են հիշյալ հոգևորականները: Այս կերպ Վատիկանն արձագանքել է ՄԱԿ-ի երեխաների իրավունքի պաշտպանության հանձնաժողովի դիմումին, որով Վատիկանից խնդրվում էր պատասխանել անչափահասների նկատմամբ հանցագործությունների հետ կապված մի շարք հարցերի: Վատիկանից պահանջել են տեղեկատվություն տրամադրել բոլոր հայտնի հանցագործությունների վերաբերյալ, որոնք երեխաների հանդեպ կատարել են հոգևորականները: Հանձնաժողովին նաև հետաքրքրում էր, թե արդյո՞ք եկեղեցու ղեկավարությունը պարտակել է այդ հանցագործությունները, ի՞նչ փոխհատուցում են ստացել զոհերը, ինչպե՞ս են երեխաները պաշտպանվում մանկապղծության հակում ունեցող հոգևորականներից և այլն:

Վատիկանը պատասխանել է, որ Սուրբ գահը և Կաթոլիկ եկեղեցին նույնը չեն, ուստի և Վատիկանը հնարավորություն չունի բացահայտելու հոգևորականների կրոնական կարգապահության վերաբերյալ տեղեկատվությունը, եթե միայն կոնկրետ երկրի իշխանությունը նման տեղեկատվություն չի պահանջել  կոնկրետ մարդու առնչությամբ:

Երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունները արդեն քննադատության են ենթարկել Վատիկանի պատասխանը՝ նրան մեղադրելով օրենսդրության անկատարության «շնորհիվ» պատասխանատվությունից խույս տալու մեջ:

Նախկինում թե՛  Հռոմի գործող պապ Ֆրացիսկոսը, թե՛ նրա նախորդը՝ Բենեդիկտոս XVI-ը, բազմիցս հայտարարել են, որ գլխավոր առաջնահերթություններից է եկեղեցու մաքրումը մանկապիղծներից և հոգևորականների շարքերում այսուհետև նրանց առկայությունը բացառելը, փոխանցում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘ԴԱՀԿ աշխատակցի նկատմամբ կաշառք վերցնելու համար հարուցվել է քրգործ’
Հաջորդ հոդվածը‘ՀԾԿՀ-ն 10.5 %-ով կրճատել է ՀԷՑ-ի այս տարվա ներդրումային ծրագիրը’